ԱՐՏԵՈՄ ՉԵՐՆԱՄՈՐԵԱՆ
Սուրբ Հողի երեք յարանուանութիւնների պատրիարքները նամակով դիմել են Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուին՝ պահանջելով չեղարկել Քնեսեթում քննարկուելիք օրինագիծը, որով հրէական պետութեանը իրաւունք է վերապահւում բռնագրաւել եկեղեցապատկան կալուածքները:
Ըստ այդ օրինագծի, Քնեսեթում նաեւ նոր յանձնաժողով է ստեղծուելու, առանց որի թոյլտուութեան քրիստոնէական պատրիարքարանները հողերի վարձակալում չեն կարող իրականացնել: Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի դիւանապետ հայր Կորիւն վարդապետ Բաղդասարեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում էր կատարել, մասնաւորաբար նշելով, որ «Հոգեւոր պետերը օրինագիծը անուանել են ամօթալի եւ նամակում յիշեցրել են տիար Նեթանեահուին, որ Յուլիս ամսին Հոգեւոր Պետերին ուղղուած իր նամակում նա վստահեցրել էր վերջիներիս, որ օրինագիծը պէտք է հետ կանչուի»:
Քնեսեթում «Քուլանու» կուսակցութեան անդամ, պատգամաւոր Ռախել Ազարիան է օրինագծի հեղինակն ու իր համոզմամբ եկեղեցական հողերի մասին օրէնքը գալիս է պաշտպանելու Երուսաղէմի այն բնակիչներին, որոնք բնակւում են եկեղեցապատկան հողերի վրայ ու հողերի վաճառքի պատճառով չեն մնայ դրսում: Տիկին Ազարիան իր տեսակէտը ներկայացրել էր դեռեւս Յունիս ամսին հրէական «Ջերուսալեմ Պոստ» հեղինակաւոր հանդէսին տուած հարցազրոյցում: Մարտ ամսից մինչեւ օրս այս խնդիրը դեռ չի լուծուել ու թէ՛ Նեթանեահուի, թէ՛ տարածքային կառավարման նախարար Ցախի Հանեգբիի յայտարարութիւններին հակառակ տիկին Ազարիան շարունակում է որոշակի փոփոխութիւններով քրիստոնեաների հողերի բռնագրաւման հետ կապուած իր նախագիծը քննարկման բերել:
Պատրիարքները արդէն մէկ անգամ փակել էին Սուրբ Յարութեան տաճարի դռներն ու միջազգային հզօր ճնշման ներքոյ Իսրայէլի կառավարութիւնը յայտարարեց Եկեղեցիների հարկման Երուսաղէմի քաղաքապետարանի որոշումն ու այս հակաքրիստոնէական օրէնքի նախագիծը չեղարկելու մասին, բայց Յունիսին կրկին նոյն փորձերը կրկնուեցին:
«Ճիշդ է, անցեալ օրինագծի հետ համեմատած որոշ փոփոխութիւնների ենթարկուել է, բայց տակաւին վտանգ սպառնում է վանքապատկան կալուածքներին», «Ազատութեան» հետ զրոյցում նշեց Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի դիւանապետ հայր Կորիւն վարդապետ Բաղդասարեանը: «Հոգեւոր պետերը կոչ են անում պարոն Նեթանեահուին հետ կանչելու այս օրինագիծը, որովհետեւ Յուլիսին արդէն խոստացուել էր, որ այս օրինագիծը պէտք է յետ կանչուի: Յուսանք, որ հոգեւոր պետերի նամակը կ՛ունենայ իր ազդեցութիւնը»:
Յիշեցնենք՝ Իսրայէլում սկանդալ էր ծագել նաեւ պատրիարքարանների հողատարածքների հարկման շուրջ: Քննարկումները շարունակւում են մինչեւ օրս ու Երուսաղէմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանը, յոյն պատրիարք Թէոֆիլոս Երրորդն ու լատինաց Ս. Երկրի Քուստոս Ֆրանչեսկօ Պատոնը Սեպտեմբերի 13ին հանդիպել էին տարածքային կառավարման նախարար Ցախի Հանեգբիի հետ:
«Նախարարը յստակ մեզ ասաց, որ այս պահին հարցը առկախուած է, բանակցութիւններ են գնում Վատիկանի հետ», նշեց Հայոց պատրիարքարանի դիւանապետը:
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»