«Կառավարութեան Տնտեսական Հատուածի Ծրագրերում Զգալի Դեր Խաղաց Հակակոռուպցիոն Պայքարը»
«ՖԻՆԷՅՃԸՆԹ.ԱՄ».- Ինչպէ՞ս էք գնահատում կառավարութեան կատարած աշխատանքը եւ ծրագիրը, նաեւ տնտեսական նախաձեռնութիւնները:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Միանշանակ պատասխան դժուար է տալ: Այս Յունիսին Ազգային ժողովը հաստատեց նոր կառավարութեան գործունէութեան ծրագիրը, որը նախորդ կառավարութիւնների գործունէութեան ծրագրերից էականօրէն տարբերւում էր, յատկապէս այն հանգամանքով, որ այդ ծրագրի մէջ որեւէ քանակական ցուցանիշ նպատակադրուած չէր, դրանք պարզապէս բացակայում էին: Անշուշտ, այդ հանգամանքը տրամաբանական է, քանի որ այս կառավարութեան մէկ տարուայ գործունէութեան ծրագրի մէջ, իմ գնահատմամբ, հիմնականում դրուած են որակական ցուցանիշներ, այսինքն միջավայրի բարեփոխման հետ կապուած մտադրութիւններ՝ հակակոռուպցիոն, բիզնես–պետութիւն տարանջատում, իշխանութեան տարբեր թեւերի տարանջատում:
«ՖԻՆԷՅՃԸՆԹ.ԱՄ».- Պարոն Պարսեան, ձեր գնահատմամբ, որքանո՞վ են այդ սպասումներն արդարացւում:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Կառավարութեան տնտեսական հատուածի ծրագրերում զգալի դեր խաղաց հակակոռուպցիոն պայքարը, որի էֆեկտն (ազդեցութիւնը-Խմբ.) անմիջապէս զգացուեց տնտեսական ցուցանիշների շնորհիւ, առաւելապէս առեւտրի եւ ծառայութիւնների ոլորտի ցուցանիշների միջոցով: Հէնց այդ երկու ոլորտներում զգալիօրէն կրճատուեց ստուերը: Թուերի լեզուով՝ միայն Յունուար-Օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսութիւնն աճեց 7.7 տոկոսով անցած տարուայ նոյն ժամանակաշրջանի համեմատ, իսկ Յուլիս-Սեպտեմբերին գիւղատնտեսութեան ոլորտի ծաւալների շարունակական անկման պատճառով տն-տեսական աճի ցուցանիշը կազմեց 6.5 տոկոս: Մասնաւորապէս, այս Սեպտեմբերին անցած տարուայ Սեպտեմբերի համեմատ գիւղոլորտում արտադրանքի ծաւալը 17.7 տոկոս կրճատուեց, ինչպէս տեսնում էք, խօսքը բաւականին մեծ ցուցանիշի մասին է: Պատճառը բանջարեղէնի ցանքատարածութիւնների կրճատումն էր, որում մեծ է դրամավարկային քաղաքականութեան դերը: Վերջին տարիներին ԱՊՀ գրեթէ բոլոր երկրներում ազգային արժոյթներն արժէզրկուել են 70-120 տոկոս: Սակայն միայն Հայաստանում եւ Թուրքմէնիստանում ազգային արժոյթներն արժէզրկուեցին ընդամէնը 15-20 տոկոս, ինչը յանգեցրեց մեր գիւղմթերքի գների բարձրացմանը ԱՊՀ շուկաներում: Եթէ, օրինակ, մէկ լիտր գինին նախկինում վաճառւում էր 100 ռուբլիով, հիմա պէտք է վաճառուի առնուազն 150 ռուբլիով, որպէսզի ապահովուի հայկական ապրանքի ինքնածախսածածկումը:
Բացի այդ՝ գիւղոլորտը դեռ արտաքին շուկաների պահանջարկը բաւարարելու խնդիր ունի: Անշուշտ հայկական գիւղմթերքի համար ամենալայն դռները բացեց ռուսական շուկան: Սակայն այժմ երկիրը համապատասխան առաջարկ ստեղծելու խնդրի առաջ է կանգնած:
Ինչ վերաբերում է առեւտրին եւ ծառայութիւններին, ապա այստեղ միայն առեւտրի մասով ե՛ւ մանրածախում ե՛ւ մեծածախում ստուերը զգալի կրճատուել է եւ հէնց դրա շնորհիւ Յունուար-Սեպտեմբերին տնտեսութիւնն աճ է գրանցել: Իսկ ծառայութիւնների ոլորտի էֆեկտը տնտեսութիւնը զգաց հիմնականում շահող խաղերի ոլորտի շնորհիւ: Մասնաւորապէս, Յունիս-Յուլիս ա-միսներին տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնը նպաստեց բուքմէյքերական ընկերութիւնների շահոյթի աւելացմանը:
Այս ամէնով հանդերձ մեր տնտեսութիւնը դիւերսիֆիկացման (այլազանութեան-Խմբ.) մեծ կարիք ունի:
«ՖԻՆԷՅՃԸՆԹ.ԱՄ».- Դուք ունէ՞ք տնտեսութեան դիւերսիֆիկացման տեսլական:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Նախ անհրաժեշտ է որոշում կայացնել մակրոմակարդակով (մեծածաւալ տնտեսութեան մակարդակով-Խմբ.), որ պետութիւնը դառնայ շուկայական յարաբերութիւնների ակտիւ (աշխոյժ-Խմբ.) մասնակից: Նախորդ 27 տարիների տնտեսական լիբերալ մոդելով (ազատական կերպարով-Խմբ.) պետութեան դերը կայանում էր միայն պայմանների ստեղծման մէջ, սակայն, իմ համոզմամբ, պետութիւնը պէտք է լինի նաեւ տնտեսութեան խոշոր ծրագրերի իրականացնող մասնակից՝ արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան, տրանսպորտի (փոխադրութեան-Խմբ.) եւ այլ ոլորտներում:
Արձագանգելով Հարկային օրէնսգրքի վերջին փոփոխութիւններին, առեւտրային մի շարք բանկեր որոշում կայացրեցին զիջելու ֆիզիքական անձ յաճախորդների՝ 2018թ. Մայիսի 31ի դրութեամբ 271 եւ աւելի օր ժամկէտանց անյուսալի դասակարգուած վարկերի գծով հաշուարկուած տոյժերը՝ վարկառուի հետ համաձայնեցուած ժամանակացոյցով վարկի մայր գումարը եւ հաշուարկուած տոկոսները վճարելու պայմանով: Որքանո՞վ էր արդարացուած այս որոշումը, ձեր կարծիքով:
Ըստ էութեան, այդ նախաձեռնութիւնը սոցիալական մեծ էֆեկտ չի կարող ունենալ պարզ պատճառով. այն մարդիկ, ովքեր չեն կարողանում վճարել մայր գումարը տոկոսների հետ միասին, նոյնիսկ տոկոսների ներման պարագայում մայր գումարը դարձեալ չեն վճարի: Այդ վարկառուներին, որոնց մէջ շատ են ՓՄՁ ներկայացուցիչները, օգնելու ամենաարդիւնաւէտ ճանապարհը տնտեսութեան մէջ իրենց ապրանքի հանդէպ պահանջարկ ձեւաւորելը կարող է լինել: Բազմաթիւ ՓՄՁներ վերջին տարիների ընթացքում դադարեցնում են իրենց գործունէութիւնը ոչ թէ հարկային բեռի, այլ իրացման ծաւալների կտրուկ կրճատման պատճառով, յատկապէս՝ սա տեսանելի է մանրածախ առեւտրի ոլորտում, երբ խոշոր սուպերմարկետների ցանցերը ագրեսիւ (յարձակողական-Խմբ.) ընդլայնում են իրենց գործունէութեան տարածքները, ինչի արդիւնքում յարակից փոքր եւ միջին խանութներ, կրպակներ փակւում են: