ԵՐԵՒԱՆ.- Ռուսական «Պոլիմետալ Ինթերնեշնըլ» հանքարդիւնաբերող ընկերութիւնը (Polymetal International plc, գրանցուած է օֆշորային Ջերսիում) համաձայնագիր է կնքել «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերութեան (Chaarat Gold Holdings Limited) հետ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸն վաճառելու վերաբերեալ: Վաճառքի գինը 55 միլիոն դոլար է: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան յայտնել է Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխաւոր տնօրէնի հասարակայնութեան հետ կապերի եւ սոցիալական քաղաքականութեան գծով տեղակալ Վահրամ Աւագեանը:
Հարցին, թէ ինչու է ռուսական կողմը որոշել վաճառել հայաստանեան ձեռնարկութիւնը, Վահրամ Աւագեանը պատասխանել է. «Վաճառքը «Պոլիմետալ»ին թոյլ կը տայ կենտրոնանալ խոշոր ծրագրերի վրայ ինչպէս բարձրագոյն ղեկավարութեան ուշադրութեան, այնպէս էլ լրացուցիչ ներքին ֆինանսական ռեսուրսներ ունենալու տեսանկիւններից, որոնք կ՛ուղղուեն դրանց շինարարութեանն ու զարգացմանը»:
Յիշեցնենք, որ «Պոլիմետալ»ը կապանեան կոմբինատը գնել էր 2016 թ. կանադական «Դանդի Փրիշս Մեթալս» ընկերութիւնից: Գործարքի պայմանագրի համաձայն՝ 10 մլն. դոլարը կանադացիներին վճարուելու էր գումարով, իսկ 15 մլն.ին համարժէք էլ «Պոլիմետալից» բաժնեմաս էր տրուելու «Դանդիին», յաւելած՝ Կապանի հանքավայրի շահագործումից ստացած 2 տոկոս ռոյալթին, որը չպիտի գերազանցէր 25 մլն դոլարը: Յիշեցնենք, որ «Պոլիմետալ»ը Հայաստանում Կապանից բացի իրաւունքներ ունի նաեւ Լիճքվազի հանքավայրի հանդէպ:
Ինչ վերաբերում է Կապանի ԼՀԿի նոր սեփականատէր Chaarat Gold Holdings Limited-ին, ապա վերջինս գրանցուած է բրիտանական Վիրջինեան կղզիներում: Ընկերութեան գործադիր տնօրէն Արտեօմ Վոլինեցը գործարքի մասին ասել է. «Այս ձեռքբերումը «Չաարատ»ի պորտֆելի հիանալի համալրում է եւ կը խթանի մեր ռազմավարական նպատակը՝ կառուցել ոսկի արդիւնահանող առաջատար, զարգացող ընկերութիւն»:
Ընկերութեան պաշտօնական կայքում եւս նշւում է, որ դրա նպատակը Կենտրոնական Ասիայում եւ յետխորհրդային տարածքում ոսկու արդիւնաբերութեամբ զբաղուող առաջատար ձեռնարկութիւն դառնալն է:
Կապանի կոմբինատի նոր սեփականատէր օֆշորային ընկերութեան անունն առկայ է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած յայտնի թղթապանակներից մէկում՝ Paradise Papers-ում, որտեղ ներկայացուած են «Չաարատ»ի որոշ կառուցուածքային մանրամասներ: Ըստ Paradise Papers-ի՝ Chaarat Gold Holdings-ը (CGH) նաեւ Մալթայում գրանցուած Chaarat Malta Limited-ի համասեփականատէր է:
Իր պաշտօնական կայքում CGH-ը յայտնում է Ղրղըզստանում իր ակտիւի մասին: Այստեղ CGH-ը հիմնել է դուստր ձեռնարկութիւն՝ Chaarat Zaav: Ռուսական «Սպուտնիկ»ի ղրղըզական ծառայութիւնն էլ այս տարուայ Ապրիլին տեղեկացրել է, որ CGH-ի գլխաւոր ակտիւը Ղրղըզստանի Ջալալ-Աբադի մարզի Չաարատ տեղամասն է, որտեղ ոսկու արդիւնահանման ծրագիրը կեանքի կոչելու համար CGH-ը նախորդ տարի 15 մլն դոլար վարկ է վերցրել: «Սպուտնիկ»ի փոխանցմամբ՝ միջինասիական երկրում Chaarat Zaav-ը ստացել է 3 լիցենզիա՝ երկուսը՝ շահագործման, մէկը՝ հետախուզման: 2012 թ. Ղրղըզստանի այն ժամանակուայ վարչապետ Ժանտորօ Սատիբալդիեւը խախտումների պատճառով պահանջել էր փակել Chaarat Zaav ընկերութիւնը, սակայն յետագայում ամէն ինչ աւարտուել էր 153 հազար սոմ (մօտ 2200 դոլար) տուգանքով:
Chaarat Gold Holdings-ի տնօրէնների խորհրդի նախագահը Մարտին Անդերսոնն է, ով, ըստ ընկերութեան պաշտօնական կայքի, նաեւ CGH-ի ամենախոշոր բաժնետէրն է (35,51 տոկոս):