ԹԵՀՐԱՆ, «Ալիք».- Նոր Ջուղայի Հայոց Ազգային «Արմէն» տարրական երկսեռ կրթահամալիրի տնօրինութիւնը տարիներ է, ինչ մարմնակրթութեան շաբաթը պատեհ առիթ համարելով, նախաձեռնում է մի շարք միջոցառումներ՝ ընտանիքների՝ ի մասնաւորի աշակերտների մօտ առողջ ապրելակերպի գաղափարն առաւել արմատաւորելու նպատակով: Այս տարի նոյնպէս նշուած շաբաթը յագեցած էր աշակերտների համար կազմակերպուած զանազան ծրագրերով, որոնց շարանը եզրափակուեց Չորեքշաբթի, 2018 թուականի Հոկտեմբերի 24ի առաւօտեան ժամը 8ին սկիզբ առած միջոցառմամբ: Դպրոցի անձնակազմից ու աշակերտներից բացի եզրափակիչ այս ծրագրին ներկայ էին նաեւ Կրթական խորհրդի ներկայացուցիչներն ու սաների ծնողները:
Միջոցառման մեկնարկը տրուեց «Արմէն» կրթահամալիրի տնօրէն Վրէժ Շիրվանեանի ողջոյնի խօսքով, ով շարունակութեան մէջ շնորհակալութիւն յայտնելով հիւրերին՝ դպրոցի հրաւէրին ընդառաջելու եւ ծրագրին մասնակցելու կապակցութեամբ, կարեւորութեամբ շեշտեց, թէ Կրթական խորհրդի անդամների ու ծնողների ներկայութիւնը դպրոցի աշխատանքներին, ոչ միայն խանդավառութիւն է պարգեւում աշակերտներին, այլեւ ոգեւորում եւ գօտեպնդում է դպրոցի պատասխանատուներին՝ առաւել բծախնդիր գործունէութիւն ծաւալելու՝ յանուն հայ մատաղ սերնդի դաստիարակութեան եւ կրթութեան:
Այնուհետեւ բոլորի մասնակցութեամբ իրականացուեց առաւօտեան մարզանք, որը վարեց «էրոբիկ» շարժումների մարզիչ Յասմիկ Յովսէփեանը: Աշխոյժ եւ բուռն դրական լիցքերով ողողուած այս մարզական մթնոլորտը վայելեցին սաները, դպրոցի անձնակազմը, հրաւիրեալներն ու ծնողները, որից յետոյ բոլորը ճաշակեցին Ծնողական խորհրդի պատրաստած նախաճաշը, ուր միայն մատակարարուել էր առողջարար սնունդ:
Նախաճաշից յետոյ ներկաներն առիթ ունեցան կրթահամալիրի սրահում դիտելու մարմնակրթութեան շաբաթուան առնչուող աշակերտական ցուցահանդէսը, որը բաղկացած էր մանրակերտներից, ստեղծագործական ձեռքի աշխատանքներից ու պատի թերթերից: