Հոկտեմբեր ամիսը սովորաբար նշւում է որպէս Հայ Մշակոյթի ամիս: Սակայն 2018 թուականի Հոկտեմբեր ամիսը հարուստ էր նաեւ մի ուրիշ շատ կարեւոր միջոցառմամբ. դա մեր շատ սիրելի մայրաքաղաքի եւ իմ վարդագոյն ծննդավայր Երեւանի 2800 ամեակն էր:
Երեւանը իր ծագումով, ճարտարապետական անզուգական կառոյցներով ու պատմութեամբ տարբերւում է աշխարհի միւս քաղաքներից: Էրեբունի եւ Երեւանը հիմնադրուել է Ք.ա. 782 թուականին եւ տեղակայուած է եղել այժմեան Երեւանի հարաւային մասում: Երեւանը աշխարհի այն եզակի քաղաքներից է , որ ունի ծննդեան վկայական: 1950 թ.ին գտնուած սեպագիր արձանագրութիւնն ասում է. «Խալդ աստծոյ զօրութեամբ Արգիշտի թագաւորս՝ Մենուայի որդին, կառուցեցի այս անառիկ ամրոցը եւ անուանեցի Էրեբունի՝ ի հզօրութիւն Բիայնիայի (Ուրարտու) երկրի եւ ի սարսափ թշնամի երկրների: Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզօր գործեր…»: Իսկ ներկայիս Երեւանի կառուցապատումը սկսուել է 1925թ.ին ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանի գլխաւոր յատակագծով:
«Էրեբունի-Երեւան 2800»ը մեծ շուքով նշուեց ոչ միայն Հայաստանում, այլեւ մայր հայրենիքից շատ հեռու գտնուող Լոս Անջելեսում՝ Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանում՝ մեր սիրելի կրթօջախում:
Տարատեսակ միջոցառումներ կազմակերպուեցին Հոկտեմբերի երկրորդ շաբաթուայ ընթացքում:
Նախապէս բակի պատին փակցուեց պաստառ՝ Երեւանի զինանշանը, որի վրայ ամրացուած էին նաեւ Հայաստանի 12 մայրաքաղաքների անունները: Ամբողջ բակը զարդարուած էր փուչիկներով եւ հնչում էր վարժարանի աշակերտների երգեցողութեան ձայնագրութիւնը՝ նուիրուած մեր մայրաքաղաքին: Պաստառի դիմաց կար նաեւ մի մեծ գաթայ՝ զարդանախշուած 2800: Այն բաժանուեց աշակերտներին: Առաւօտեան աշակերտներին ներկայացուեց Էրեբունի – Երեւան 2800 յանձնախմբի կողմից պատրաստուած տեսանիւթը Երեւանի պատմութեան, ճարտարապետութեան, վարչական տարածաշրջանների, անուան ստուգաբանութեան եւ մշակութային կոթողների մասին:
Հոկտեմբերի 16ին մանկապարտէզից 3րդ դասարանների աշակերտները աշխատեցին «Էրեբունի-Երեւան 2800» պաստառի տառերն ու թուերը պատրաստելու, զարդանախշելու եւ գունաներկելու վրայ:
4-6րդ դասարանները պատրաստեցին Երեւանի դրօշի եռանկիւնիները եւ վրան գրեցին 12 մայրաքաղաքների անունները, ինչպէս նաեւ պատրաստեցին Երեւանի զինանշանը:
9-12րդ դասարանները դիտեցին Երեւանի յատակագծի գլխաւոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանի մասին տեսանիւթ:
Հոկտեմբերի 18ին աշակերտները դիտեցին անգլերէնով տեսանիւթ՝ նուիրուած Երեւանին:
Հոկտեմբերի 19ին աշակերտները հայոց լեզուի դասերին ներկեցին Երեւանի տեսարժան վայրերի նկարները, Երեւանի մասին լրացրեցին խաչբառ եւ գտան պահուած բառը:
Մեր խորին համոզմամբ այս բոլոր միջոցառումները կը ստիպեն աշակերտներին մեծ հպարտութեամբ եւ սիրով լցուել մեր հայրենիքի ու մեր սիրելի մայրաքաղաքի նկատմամբ:
Սիրելի՜ Երեւան, կրկին ու կրկին ծնունդդ շնորհաւոր: Ծաղկի՜ր ու շէնացի՜ր եւ ապրի՛ր էլի 2800 տարի: Սիրում ու կարօտում ենք քեզ, մեր աննման, վարդագո՛յն մայրաքաղաք:
(ԹՂԹԱԿԻՑ)