ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ
Եթէ մարդ չգիտենայ, թէ գործազրկութեան համար ինչքան նպաստ է ստանում մէկ ընտանիքը, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան նկատմամբ կը լցուի անհուն երախտագիտութեամբ. ուրիշ այդ ո՞ր պետութիւնն է բնակչութեան գրեթէ 30 տոկոսին (ըստ վարչապետ Փաշինեանի՝ 800 հազար մարդ) վճարում գործազրկութեան նպաստ:
Գործազրկութեան կամ աւելի ճիշդ՝ աշխատել չցանկանալու պատճառն էլ շատ պարզ է՝ դարձեալ ըստ վարչապետի. «Ինչո՞ւ Հայաստանում շատերը չեն ուզում աշխատել. որովհետեւ, աղքատութեան նպաստ են ստանում: Մտածում են՝ եթէ աշխատեն, նպաստից կը զրկուեն: Իրանց կովերին մորթում են, որ աղքատութեան նպաստ ստանան, հեռուստացոյց չեն առնում, որ աղքատութեան նպաստ ստանան: 350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու»:
Պարոն Փաշինեանը մինչեւ իշխանութեան գալը ժողովրդի աղքատութեան ու գործազրկութեան համար մեղադրում էր իշխանութիւններին, որոնք թալանչիներ էին, կաշառակերներ, կոռումպացուածներ, ժողովրդին կեղեքողներ, ովքեր նոյնիսկ մատը մատին չէին տալիս գործատեղեր ստեղծելու համար, եղածներն էլ ագահ իշխանաւորների պատճառով փակւում էին եւ այլն, եւ այլն:
Ճիշդն ասած՝ ես Ն. Փաշինեանի եւ նրա համախոհների քաղաքական հայեացքները չկիսելով հանդերձ՝ սոցիալ-տնտեսական կեանքի վերաբերեալ այս գնահատականների հետ հիմնականում համաձայն էի: Սակայն պարզւում է, որ պարոն Փաշինեանն այսօր՝ իշխանութեան գալուց եօթ ամիս անց, այլ կարծիք ունի. այսինքն՝ իր վատ ապրուստի համար ժողովուրդն ինքն է մեղաւոր, այլ ոչ թէ կառավարութիւնը՝ իր ղեկավարած կառավարութիւնը: Աւելին՝ այդ մարդիկ այնքան խելք չունեն, որ մի 18-25 հազար դրամի համար կովերն են մորթում, հեռուստացոյց չեն առնում, իրենց ու զաւակներին գիտակցաբար զրկում են, միայն թէ չզրկուեն այդ ողորմելի նպաստից:
Բայց միթէ՞ սա է Հայաստանի հպարտ քաղաքացին՝ ծոյլ, խաբեբայ, պորտաբոյծ, իր երեխաների նկատմամբ անհոգի ու դաժան, հայրենիքի ճակատագրի հանդէպ անտարբեր… Մինչ այս մեզանում (նաեւ մեզ քիչ թէ շատ ճանաչող այլ ժողովուրդների մօտ) դարերով իշխում էր այն համոզմունքը, թէ հայ ժողովուրդը աշխատասէր է, քարից հաց է քամում եւ այլն: Միլիոնաւոր հայ մարդիկ, որ ակամայ ապրում են այլ երկրներում, նոյնպէս այս համոզմունքն են ունեցել եւ ունեն՝ ի տարբերութիւն ՀՀ վարչապետի, ով աշխատասիրութիւն տեսնում է միայն «ճռռացող» փոքրամասնութեան մէջ:
Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ է ազգընտիր վարչապետն իրեն իշխանութեան բերողներին նման որակաւորումներ տալիս:
Կարծում եմ՝ պատահեց հետեւեալը. նա հասկացաւ, որ իր քաղաքական թիմով ու կառավարութեամբ չի կարողանալու երկրի ընկերային-տնտեսական կեանքում բեկում մտցնել, իր յայտարարած 800 թէ 1000 դոլարանոց աշխատավարձի հեռանկարն անգամ գնալով խամրում է, նոյնիսկ աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանալու ընտանիքի կեանքում զգալի լինեն (աւելին՝ անհաւանական չէ, որ անգամ պակասեն) եւ, ամենակարեւորը, ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ:
Նախօրօք գիտէ՞ր այս մասին՝ չեմ կարող ասել, բայց հասկանում եմ, թէ ինչո՛ւ է հիմա խօսում: Մինչեւ խորհրդարանական ընտրութիւնների օրուայ յստակեցումը երկրի տնտեսութեան մէջ ներդրումների բացակայութիւնը բացատրւում էր այն հանգամանքով, որ ներդրողները (օտարերկրեայ թէ հայաստանցի) անորոշութեան մէջ են, քանզի իշխանափոխութիւնն ամբողջական չէ, քանի դեռ նոր Ազգային ժողով չի ընտրուել եւ այլն: Այս համատեքստում ուշագրաւ է, որ վարչապետը նոյնիսկ յայտարարեց, թէ… իշխանափոխութիւն չի կատարուել:
Այժմ ակնյայտ է, որ այդ նոր ԱԺն կ՛ընտրուի, բայց, ցաւօք, ներդրումներ դարձեալ չեն լինի, գործատեղեր չեն ստեղծուի, իսկ ո՞վ է մեղաւորը: Պարզ է, որ իշխանութիւնները չեն, նրանք ուղղակի չեն կարող լինել, իսկ, ա՛յ, ծոյլ ու անբան ժողովուրդը կարող է լինել…
Իսկ ի՞նչ կարող է հետեւել այս ամէնին:
Երկրում նկատելի է տնտեսական նահանջը, Ապրիլին սկիզբ առած ոգեւորութիւնը գնալով տեղի է տալիս, նոր իշխանաւորներն իրենց դրսեւորում են, մեղմ ասած, որպէս անյուսալի վարչարարներ, այդ իսկ պատճառով առնէտավազքով հանրապետականից վարչապետի շրջապատում յայտնուածներն արդէն համարւում են պրոֆեսիոնալներ, որոնք էլ շուտով նորից կը գրաւեն ամբողջ իշխանութիւնը:
Մի խօսքով՝ կատարւում է հակայեղափոխութիւն, որի առաջնորդը նոյն ինքը՝ արդէն պատմութիւն դարձած յեղափոխութեան առաջնորդ Նիկոլ Փաշինեանն է:
Իսկ մարդկանց մի զգալի զանգուած, մեծն Թումանեանի խօսքով. «Դաւին անտեղեակ, ցաւին անտարբեր», դեռ յոյսեր է փայփայում…
Օտար կարգերի ու բարքերի դարաւոր այլասերող տիրապետութեան տակ, կեանքի անտանելի պայմաններում, դժբախտաբար, մեր ժողովրդի մի զգալի զանգուած ակամա դարձել է պատեհապաշտ, ապրելու համար միջոցների միջեւ խտրութիւն չդնող, «տակից» օգտուող… Կաշառք տալն ու առնելը, ընդհանուր կաթսայից անօրինաբար օգտուելը միայն վերնախաւի մենաշնորհը չէր եւ չէ՛: Ոմանք «դասաւորելու» եւ «օգտուելու» այդ միս ու արիւն դարձած ապրելակերպը բերել են սփիւռք:
Ամբոխահաճ խօսքերի փոխարէն պէտք է ցաւոտ ճշմարտութիւնն ասել, որքան էլ որ այն ծանր լինի:
Ամեն խօսքի դիմաց կարելի է մի հակառակ խօսք ասել, բայց պէտք է տուեալների վրայ հիմնուած լինի: Մի շուրջդ նայիր Պրն Ալվրցեան: Բացարձակ ճշմարտութիւն է, որ Հայաստանում ապրող ժողովուրդը ծոյլ է, աւելի ճիշտ ծուլացել է, այո 80 տարի Սովետը սովորացրեց նրանց միշտ նայի պետութեան ձեռքին թէ ինչ կը տայ իրեն, որովհետև պետութեան տուածը կամ նպաստը մշտական է և աշխատել չէ սպասւում, թէկուզ չնչին: Այսօր էլ նոյն հոգեբանութեամբ են ապրում նրանք: Անշուշտ միշտ էլ բացառութիւններ կան և այն 350000 հոգին այդ բացառութիւններն են: Թող նախկին իշխանականները չը հոխորտան, նրանք էլ շարունակեցին նոյն դաստիարակութիւնը տալ ժողովրդին 10000-15000 դրամ կաշառելով: Հայ գիւղացին սպասում է Սփիւռքից գնան իր զուգարանը նորոգելու կամ դպրոցի պատերը ներկելու: Նկատել եմ հարիւր անգամ, որ Երևանի բնակիչը իր բնակարանի դռնից այն կողմի հետ ամենևին գործ չունի, ջարդուած սանդուխքները նոյնիսկ, որ ինքը օրական տասը անգամ վեր ու վար է իջնում, չէ ցանկանում նորոգի և սպասում է պետութիւնը այդ գործն անի: Իր ամենօրեայ աղբն անգամ դնում է դռան մուտքին, բայց իրեն չի համոզում քսան քայլ այն կողմ գնայ որ գցի աղբամանը: Օրինակներս թերևս շատ հասարակ թուայ, բայց փաստերն են ծուլութեան հետ կապուած: Խորհուրդ կը տամ ձեր խօսքը ուղղեք ժողովրդին և իրենց կեանքը չը կապեն այդ չնչին նպաստներին: