ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Գլենդելի քաղխորհուրդը Նոյեմբերի 27ի նիստում որոշեց երկու ամսով սառեցնել բնակարանների վարձի բարձրացումը, որ ուժի մէջ կը մտնի Դեկտեմբերի 27ից:
Շուրջ եօթ ժամ տեւած նիստում, քաղխորհրդի անդամները՝ քաղաքապետ Զարեհ Սինանեանի գլխաւորութեամբ, այդպէս էլ համաձայնութեան չեկան վարձի վերահսկում սահմանող օրինագծի ստեղծման շուրջ: Քաղաքապետի առաջարկին զուգահեռ քաղխորհրդի անդամ Վարդան Կարապետեանի՝ Վարձակալութեան Իրաւունքի մասին օրինագիծ ստեղծելու առաջարկն էլ միանշանակ հաւանութեան չարժանացաւ:
Քաղխորհրդի նիստում իրենց տեսակէտները ներկայացնելու հնարաւորութիւն ունեցան Գլենդելի քաղաքացիները՝ տանտէրերն ու վարձակալները:
Այնուհետեւ սկսուեց քաղխորհրդի անդամների քննարկումը՝ հաշուի առնելով նաեւ բնակիչների կարծիքը: Քաղխորհրդի անդամ Փօլա Դիւայնը յայտարարեց, որ իր ուսումնասիրութիւնների արդիւնքում յանգել է հետեւութեան, որ վարձի հսկում սահմանելը հարցի լուծում չի կարող լինել, քանի որ այն մտավախութիւն է առաջացրել տանտէրերի շրջանում, եւ հարցին չի կարելի մօտենալ միակողմանի: Վարդան Կարապետեանն էլ որպէս խնդրի լուծում կրկին առաջարկեց վարձակալութեան իրաւունքի մասին օրինագծի քննարկումը:
Քաղաքապետը, արձանագրելով, որ վարձի հսկում սահմանելու իր առաջարկը (ենթադրում էր տարեկան որոշակի՝ ֆիքսուած տոկոսով վարձի բարձրացում), աջակցութիւն չստացաւ գործընկերների կողմից, քուէարկութեան դրեց վարձի բարձրացման ժամանակաւոր՝ երկու ամսով սառեցում, ինչը նախատեսում է, որ տանտէրը կարող է վարձը բարձրացնել տարեկան միայն հինգ տոկոսով, եւ որպէս սկիզբ պէտք է ընդունի Սեպտեմբերի 18ի դրութեամբ վարձի չափը:
Գլենդելում, յատկապէս վերջին շրջանում բնակվարձերի աննախադէպ ու անհամակարգուած աճի հարցը քաղխորհրդի օրակարգ կը ներկայացուի յաջորդ տարի Փետրուարին: Մինչ այդ, քաղաքապետարանի համապատասխան մարմինները կը շարունակեն ուսումնասիրել ու կը պատրաստեն հարցի կարգաւորումը նախատեսող օրինագիծ:
Վարձի հսկողութիւն սահմանելու պահանջով քաղաքապետարանի դիմաց մի քանի ամիս հանրահաւաքներ անցկացնող Գլենդելի Վարձակալների Միութեան անդամ Հայկ Մախմուրեանը յայտնեց, որ քաղխորհրդի Նոյեմբերի 27ի որոշումը շրջադարձային փուլ է նախանշում իրենց պայքարում: Նա տեղեկացրեց, որ վարձի հսկում սահմանելու իրենց պահանջը շարունակուելու է: