«Իմ Թիկունքում Զգացի Շուէդահայերի Աջակցութիւնը»
Վարեց՝ ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ
2018 թուականի Սեպտեմբեր 9ին կայացած Շուէդիայի խորհրդարանական ընտրութիւններում շուէդահայ Արին Կարապետը ընտրուեց պատգամաւոր:
349 պատգամաւորների թւում նա ռիկսդագի միակ հայ պատգամաւորն է:
Այս առիթով «Հայերն Այսօր»ը կապ է հաստատել մեր հայրենակցի հետ՝ զրուցելու նրա առաջիկայ ծրագրերի եւ անելիքների շուրջ, ինչպէս նաեւ շնորհաւորելու ուրախալի լուրի համար:
ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ.- Արի՛ն, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել Շուէդիայի խորհրդարանի (ռիկսդագ) պատգամաւորների ընտրութիւններին:
ԱՐԻՆ ԿԱՐԱՊԵՏ.- Մօտաւորապէս 12 տարի առաջ ընդգրկուեցի «Մոդերէյթ» կուսակցութեան երիտասարդական ասոցիացիայի (միութեան) կազմում, իսկ արդէն այս տարուայ Սեպտեմբեր ամսին ընտրուեցի Շուէդիայի խորհրդարանի պատգամաւոր: Մեծանալով Շուէդիայի արուարձաններում՝ շուէդ հասարակութեանն առնչուող շատ խնդիրներ տեսայ: Դժուարութեամբ եմ սովորել շուէդերէնը, մեծացել եմ մօրս խնամակալութեան ներքոյ, որն աշխատանք գտնելու խնդրին բազմիցս է բախուել: Յիշում եմ՝ աշխատավարձից աշխատավարձ էինք ապրում՝ չիմանալով կը կարողանա՞նք արդեօք կատարել բոլոր վճարումները:
Օտարազգի դասընկերներիցս շատերն իմ ճակատագիրն են ունեցել. ապաւինել են, հիմնականում, միայնակ ծնողի ուշադրութեանը եւ փոքր տարիքից դժուարութեամբ են սովորել շուէդերէնը: Այս հանգամանքը դպրոց գնալու առաջին օրուանից խոչընդոտ առաջացրեց մեզ համար, որտեղ շուէդերէն չիմանալը մի ծանր պայքարի վերածուեց: Շատ երեխաներ, որոնք այս պայքարին են առնչւում, կամ սոցիալական ապահովութեան կարիք են ունենում, կամ փողոցային խմբաւորումների մասնակից դառնում:
Ես զգացի, որ ինձ նման երեխաները կեանքում եւ դպրոցում յաջողելու համար պէտք է հասարակութեան կողմից խնդրահարոյց մարդ դիտարկուելու փոխարէն խրախուսուեն, ունենան մեծ ակնկալիքներ եւ յստակ տեսլական:
Երբ հասարակութիւնն ունենայ մեծ սպասելիքներ փախստական երեխաներից եւ նրանց տայ հնարաւորութիւն՝ յաւուր պատշաճի սովորելու շուէդերէնը նախադպրոցական տարիքում, ապա, անկասկած, այդ երեխաները ապագայում բարձունքների կը հասնեն: Ես մտայ քաղաքականութիւն՝ իրականութեան մէջ ինչ-ինչ երեւոյթներ դէպի լաւը փոխելու ցանկութեամբ:
ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ.- Ընտրութիւններին հայ այլ թեկնածուներ կայի՞ն առաջադրուած:
ԱՐԻՆ ԿԱՐԱՊԵՏ.- Այո՛, տեղական ինքնակառավարման, քաղաքային ու տարածաշրջանային ընտրութիւններում հայ թեկնածուներ կային առաջադրուած, բայց որքան տեղեակ եմ՝ Խորհրդարանում միակ հայ պատգամաւորը ես եմ:
ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ.- Ո՞րն է լինելու ձեր գործունէութեան հիմնական առանցքը, ո՞րն է ձեր տեսլականը:
ԱՐԻՆ ԿԱՐԱՊԵՏ.- Իմ թիրախային խնդիրը միգրացիայի եւ ինտեգրման (համարկման-Խմբ.) խնդիրն է: Նորից կրկնեմ՝ հասարակութիւնը պէտք է շատ ակնկալիքներ ունենայ փախստական ծնողներ ունեցող երեխաներից: Նրանց պէտք է տրուի աւելի լաւ պայմաններ՝ յաջողութեան հասնելու համար: Միգրացիոն քաղաքականութիւնը Շուէդիայում այդքան էլ կայուն չէ. 2015 թուականի ցուցանիշներով Շուէդիա եկել են շուրջ 160,000 փախստական: Եթէ համեմատենք Դանիայի եւ Ֆրանսիայի հետ, ապա Դանիայում՝ 20,000, իսկ Ֆրանսիայում՝ 70,000 փախստական է հաստատուել: Այսինքն, Ֆրանսիայի տուեալները մօտ եօթ անգամ գերազանցում են Շուէդիայի տուեալներին:
Այս ամէնը ստեղծում է հսկայական սոցիալական (ընկերայինևԽմբ.) մարտահրաւէր, որը պէտք է լուծենք առաջիկայ տասնամեակներում: Բայց, նախեւառաջ, անհրաժեշտ է ունենալ պատասխանատու եւ կարգաւորուած միգրացիոն քաղաքականութիւն:
ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ.- Շուէդահայ համայնքի արձագանգն ինչպիսի՞ն էր այս լուրը լսելուց յետոյ:
ԱՐԻՆ ԿԱՐԱՊԵՏ.- Միանշանակ դրական եւ ողջունելի էր արձագանգը շուէդահայ համայնքում: Առհասարակ, շատ բարձր եմ գնահատում համայնքի իմ հայրենակիցներին եւ նրանց անկեղծ աջակցութիւնը, որը զգացի իմ թիկունքում: Նոյնիսկ այն մարդկանցից, որոնց երբեք չէի տեսել, շնորհաւորական նամակներ եւ բարեմաղթանքներ ստացայ: Շուէդահայերի աջակցութիւնը ջերմացնում է սիրտս:
ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ.- Որքանո՞վ էիք հետեւում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական վերջին զարգացումներին: Թաւշեայ յեղափոխութեան օրերին բախտ վիճակուե՞ց լինել Հայաստանում:
ԱՐԻՆ ԿԱՐԱՊԵՏ.- Իհարկէ, միշտ հետեւում եմ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, ամբողջապէս իրազեկուած եմ երկրի մարտահրաւէրներին եւ խնդիրներին:
Թաւշեայ յեղափոխութեան ընթացքում եկայ Երեւան՝ հետեւելու իրադարձութիւններին եւ զգալու այն մթնոլորտը, որը տիրում էր ամբողջ Հայաստանում: Մեծ յոյսեր ունեմ Հայաստանի ապագայի հանդէպ: Յուսով եմ՝ Դեկտեմբերի 9ին տեղի ունեցած խորհրդարանական թափանցիկ արտահերթ ընտրութիւնը կը փաստի իրական ժողովրդավարութեան հաստատումը Հայաստանում, որտեղ ազատութիւնն ու քաղաքացիների իրաւունքը պարզապէս լոկ խօսքեր չեն մնայ թղթի վրայ եւ մերկապարանոց չեն հնչի:
Կոռուպցիայի դէմ պայքարը հաւասարապէս կարեւոր է առողջ ժողովրդավարութիւն ունենալու համար: Մէկընդմիշտ յիշենք, որ ոչ ոք բարձր չէ օրէնքից, եւ կառավարութիւնը պէտք է աշխատի՝ ժողովրդի բարօրութեան համար: Այլ ճանապարհ չեմ տեսնում: