ՆՈՒՆԷ ԱՐԵՒՇԱՏԵԱՆ
Գիւմրու Վարդան Աճէմեանի անուան դրամատիկական թատրոնի 16 հոգուց բաղկացած կազմը վաղը (Ուրբաթ, 25 Յունուարին) հիւրախաղերով կը մեկնի ԱՄՆի Գլենդել քաղաք: «Լանթերման Աուդիտորիում» սրահում կը ներկայացուի ապրիլեան քառօրեային նուիրուած «Հարսանիք Թիկունքում»ը, որի Յունուարի 27ի տոմսերն արդէն սպառուած են: Այս մասին «Առաւօտ»ին (Aravot.am) տեղեկացրեց թատրոնի մենեջեր Նուարդ Ղազարեանը: Վերջինս նշեց, որ հիւրախաղը կազմակերպիչ ունի. ԱՄՆում կազմակերպչական հարցերով զբաղուել է «Գլոբալ Արթս» ընկերութեան տնօրէն Կարպիս Թիթիզեանը: ՀՀ մշակոյթի նախարարութիւնն էլ հոգացել է չուերթի ծախսերը: «Մենք ԱՄՆում կը լինենք 20 օր, առաջին ներկայացման՝ Յունուարի 27ի տոմսերն ամբողջութեամբ վաճառուած են, վաճառւում են արդէն երկրորդ ներկայացման՝ Փետրուարի 3ի տոմսերը: Ներկայացման միւս օրերը դեռեւս յստակեցուած չեն: Արձագանգները շատ են, Ամերիկայում բնակուող մեր հայրենակիցներն արդէն իսկ կապ են հաստատում մեր հետ, շատ ոգեւորուած են: Տոմսերը վաճառւում են շատ արագ, նոյնիսկ կազմակերպիչների սպասումներից էլ աւելի լաւ: Այնտեղ դեկորն առանձին պատրաստուել էր, անցած տարուանից մենք գծագրեր ամբողջութեամբ ուղարկել ենք, ԱՄՆում բնակուող մեր գիւմրեցի ընկերները սարքել են, ռեկվիզիտորը (դերասաններուն համար անհրաժեշտ իրերը-Խմն.) էլի նոյն ձեւով՝ գծագրերով, նկարներով ուղարկել ենք, պատրաստել են: Գնում, պատրաստի մտնում ենք բեմ», ասաց Նուարդ Ղազարեանը: Նա նշեց, որ այլ հրաւէրներ կան նաեւ արտերկրից՝ մասնաւորապէս Գերմանիայից, Աւստրալիայից:
«ԱՌԱՒՕՏ»