ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
ՀՀ վարչապետը Յունուարի վերջին, Գերմանիա պաշտօնական այցի ընթացքում Քէօլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը յայտարարել է մէկ ամիս անց՝ Փետրուարի 27ին Իրան պաշտօնական այց կատարելու մասին, իսկ դա ինքնին ուշագրաւ է եւ կարեւորութիւն է հաղորդում Հայաստանի վարչապետի իրանական այցին:
Արդէն իսկ իրանական թէ՛ հայաստանեան փորձագէտ-վերլուծաբանները բուն այցին դրական գնահատականներ տալուց զատ, իրաւացիօրէն բարձրաձայնում են Հայաստան-Իրան բազմոլորտ համագործակցութիւնների ծրագրային դրոյթների ի կատար ածման ու կեանքի կոչման անհրաժեշտութիւնն ու անյետաձգելիութիւնը:
Թէեւ տուեալ դէպքում խօսքը գերակշռաբար առեւտրա-տնտեսական, հաղորդակցական ու տրանսպորտային (Հիւսիս-հարաւ ճանապարհ եւ Պարսից ծոց-Սեւ ծով միջանցք…) միջպետական եւ ինչու ոչ՝ տարածաշրջանային կապերի ամրապնդմանն է առնչւում, բայցեւայնպէս հարկաւոր է, որ հայաստանեան նոր վերադասաւորումների լոյսի ներքոյ, վերաիմաստաւորուեն ու ըստ այնմ՝ ուրուագծուեն երկու հարեւան ու բարեկամ երկրների քաղաքական փոխյարաբերութիւնների «ճանապարհային նոր քարտէզը», որի առթիւ դեռեւս Սեպտեմբերին էին պայմանաւորուել Ռոհանին ու Փաշինեանը, ՄԱԿի Ընդհ. ժողովի ընթացքում:
Սա անխուսափելի է, քանզի՝ կախուած հէնց սեփական ազգային-պետական շահերից, երկու երկրներին վիճակուած է դիմագրաւել արտաքին իւրօրինակ սպառնալիք- մարտահրաւէրները, Իրանի դէպքում՝ ԱՄՆի պատժամիջոցների, իսկ Հայաստանի դէպքում՝ թուրք-ադրբեջանական համակողմանի ճնշումների տեսքով:
Իսկ Իրանի Իսլամական Հանրապետութեան միակ քրիստոնեայ հարեւանը մշտապէս փաստել է հակաիրան որեւիցէ ճամբարի դոյզն իսկ տուրք չտալու իր հաստատակամութիւնը, ի հեճուկս՝ նոյն թուրք-ադրբեջանական ըստ ամենայնի պատեհապաշտ ու լարախաղաց տանդեմի…
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ Թեհրան հրատարակուող «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիրն է