2018 թուականի երկրորդ կէսին, շրջանի Հայ Դատի յանձնախմբի (Նոր Ջուղա) միջոցով կեանքի կոչուեց Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախումբը՝ հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին վիրաւորուած ազատամարտիկներին օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով:
Յանձնախումբը, կեանքի կոչուելուն պէս, անցաւ աշխատանքի եւ որոշեց որպէս գործունէութեան մեկնարկ, առաջին նուիրատուութիւնը փոխանցել Երեւանում գործող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որտեղ վիրաւոր եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին բժշկական ծառայութիւններ մատուցելուց բացի, լուծւում են նրանց սոցիալական ինտեգրման (ընկերային համարկման-Խմբ.), կրթութեան եւ աշխատանքի հետ կապուած հարցերը:
Վերականգնողական կենտրոնին անհրաժեշտ պարագաները նկատի առնելով՝ որոշուեց որ կապոցների պարունակութիւնը լինի սպիտակեղէն, բժշկական սարքեր եւ պլանշետներ, որոնց գնման համար պահանջուող գումարը գոյացաւ ոչ միայն Սպահանի Հայոց թեմի Ազգային իշխանութեան, միութիւնների եւ ժողովրդի նուիրատուութիւներով, այլեւ յանձնախումբը, մասնակցելով Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Նոր տարուայ երկօրեայ ցուցահանդէս-վաճառքին, իր առանձին կրպակն ունեցաւ այնտեղ եւ ամբողջ հասոյթը յատկացրեց այս գործին:
Իսկ մինչեւ նուիրատուութիւնների հաւաքագրումը յանձնախումբը հանդիպումներ կազմակերպելով միութիւնների, հայոց Ազգային դպրոցների պատասխանատուների եւ ժողովրդի հետ նրանց ծանօթացրեց իր առաքելութեանն ու վերականգնողական կենտրոնի աշխատանքներին:
Կապոցները Հայաստան առաքուեցին 2018 թուականի Դեկտեմբերին եւ պատկան կենտրոնին յանձնուեցին Հայ Օգնութեան Միութեան (ՀՕՄ) պատասխանատուների միջոցով: Տօնական օրերը նկատի առնելով՝ կապոցների մէջ տեղադրուել էին նաեւ Ամանորեայ մրգի փաթեթներ, ինչպէս նաեւ հայ զինուորին ուղղուած յուզիչ նամակներ, որոնք գրուել էին Նոր Ջուղայի հայոց Ազգային «Արմէն» երկսեռ տարրական դպրոցի աշակերտ-աշակերտուհիների միջոցով:
Հարկ է նշել, որ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութիւնը, համագործակցելով Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախմբի հետ, իր կենտրոնատեղիի գրասենեակը յատկացրել էր ժողովրդի նիւթական եւ իրեղէն նուիրատուութիւնների հաւաքագրման գործին, իսկ Ամանորեայ վաճառքի աշխատանքը կազմակերպելու համար, յանձնախմբի հետ համագործակցել էր ենթայանձնախումբը:
«Ալիք»ի Թղթակից
Նոր Ջուղա