«Կարեւորը Ծրագրերն Են, Ոչ Թէ Թեկնածուները»
Արցախի Հանրապետութեան ներքաղաքական զարգացումների, 2020թ. ընտրութիւնների վերաբերեալ Դաշնակցութեան Արցախի Կենտրոնական կոմիտէի տեսակէտի մասին «Ապառաժ»ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հետ:
«ԱՊԱՌԱԺ».- Պարոն Իշխանեան, արդէն մի քանի ամիս է՝ ինչ կարծես նախընտրական քարոզչութիւն է ծաւալւում Արցախում, հնչում են 2020թ. նախագահի թեկնածուների անուններ: Ինչպիսի՞ն է այդ գործընթացների նկատմամբ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի տեսակէտը:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- 2020թ. նախագահական ընտրութիւնների մեկնարկը կարծես թէ շուտ է տրուած: Այստեղ ես աւելի շատ շահարկում եմ տեսնում, քան թէ բուն նախագահական կամ խորհրդարանական ընտրութիւնների հարցի շօշափում: Քաղաքագիտական տրամաբանութիւնը թելադրում է կարեւորել ոչ թէ անձերին, այլ առաջադրուած ծրագրերը եւ գաղափարները: Այս տեսանկիւնից ես ներկայումս շրջանառուող հաւանական թեկնածուների մօտ գաղափարի առաջադրում կամ տեսակէտի յստակեցում չեմ նկատում: Միւս կողմից, այն հաւանական թեկնածուները, որոնց անունները շօշափւում են, բոլորն էլ իշխանական ճամբարից են, եւ, բնականաբար, չեն կարող իշխանութեան որդեգրած կուրսից բացի այլ բան մատուցել հանրութեանը:
«ԱՊԱՌԱԺ».- Իսկ ինչպէ՞ս էք վերաբերում ԼՂՀ ՊԲ (Արցախի Պաշտպանութեան բանակի) նախ-կին հրամանատար, ԼՂՀ պաշտպանութեան նախկին նախարար Սամուէլ Բաբայեանի՝ ԱՀ նախագահի պաշտօնում առաջադրուելու մասին յայտարարութիւններին:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Այսպէս ասած՝ ընդդիմութեան ճամբարից թեկնածուի՝ Սամուէլ Բաբայեանի հաւանական թեկնածութիւնը կեղծ եմ համարում, որովհետեւ չկայ ոչ իրաւական հիմք, ոչ էլ հնին վերադառնալու հասարակական պահանջ: Իհարկէ, Սամուէլ Բաբայեանը մեծ աւանդ է ունեցել մեր յաղթանակների մէջ, սակայն իւրաքանչիւր մարդ պէտք է գիտակցի իր ժամանակի աւարտի մասին: Նա կարող է շատ արժէքաւոր խորհուրդներ տալ բանակաշինութեան, անվտանգութեան ապահովման տեսակէտից, բայց որպէս նախագահի թեկնածու՝ նա համահունչ չէ մեր իրականութեանը: Կարծում եմ՝ նրա անունը այս փուլում շահարկւում է որոշ ուժերի կողմից այլ նպատակների համար, հաւանաբար՝ ներքին միասնականութիւնը պառակտելու նպատակով:
«ԱՊԱՌԱԺ».- Արդեօք ՀՅԴ Արցախի կառոյցը պատրաստւում է 2020թ. ԱՀ նախագահի թեկնածու առաջադրել:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Արդէն իսկ որոշ քաղաքական ուժերի կողմից «յայտ» է ներկայացուել թեկնածուների առումով: Այդ համատեքստում ինչպէ՞ս կարող է Դաշնակցութիւնը թեկնածու չունենալ՝ յատկապէս նկատի առնելով մեր կուսակցութեան համահայկական ընդգրկուածութիւնը եւ նրա ցանցային հնարաւորութիւնները: Բայց նախքան թեկնածուի մասին խօսելը պէտք է խօսել թեկնածուի ծրագրի մասին:
Մեզ համար կարեւորը ընդհանուր օրակարգի յստակեցումն է՝ երկրի անվտանգութեան, միասնականութեան եւ ամբողջականութեան գաղափարի առումով: Մենք փորձելու ենք դրա շուրջ համախմբել գաղափարակից, նոյն ուղղութեամբ մտածող եւ նոյն մօտեցումները կիսող մարդկանց ու քաղաքական ուժերին: Ցանկալի կը լինի, որ կարողանանք ամբողջ հասարակութեանը հաւաքել այդ գաղափարների շուրջ, ձեւաւորել համապատասխան պլատֆորմ (հարթակ-Խմբ.): Այս հարցերի շուրջ նախեւառաջ պէտք է քննարկումներ ծաւալուեն քաղաքական ուժերի շրջանակում, ապա տեղի ունենան հանրային քննարկումներ: