Բարեւ ձեզ,
«Ասպարէզ»ի Մարտի 6, 2019 թուականի համացանցային տարբերակում կարդացի մի լուր, որ 2018 թուականին համարեա կիսուել է իրանցի զբօսաշրջիկների թիւը Հայաստանում՝ 2017 թուականի համեմատ, ու պատճառ է նշուել Վրաստան այցի աւելի մատչելի լինելը:
Ես չգիտեմ թէ ինչքանով աւելի մատչելի է Վրաստանը իրանցիների համար, բայց ուզում եմ տեղեկացնել, որ Իրանը դիմագրաւում է տնտեսական մեծ խնդիրներ, կայ ճգնաժամ: 2018 թուականին՝ 4 անգամով աւելի թանկացաւ տարադրամը Իրանում: Եթէ նախկինում դոլարը արժէր մօտ 35,000 իրանական ռիալ, ապա 2018ին դա դարձաւ աւելի քան 140,000 իրանական ռիալ, իսկ եղան ժամանակաշրջաններ, որ դոլարը մօտեցաւ 200,000 ռիալի սահմանին: Իսկ ազատ շուկայում հնարաւոր չէր գտնել տարադրամ: Հիմա էլ Իրանում սահմանափակումներ կան ազատ շուկայում եւ բանկերի միջոցով տարադրամ ձեռք բերելու գծով:
Սա՛ է հիմնական պատճառը, որ իրանցիները չեն կարողանում նախկինի պէս ճամբորդել ցանկացած որեւէ երկիր: Հիմա էլ վիճակը նոյնն է, ու շարքային իրանցին՝ ի հետեւանք տնտեսական շրջափակումների եւ Իրանում ներկայ տնտեսական պայմանների, դիմագրաւում է տնտեսական լուրջ խնդիրներ, ինչը սահմանափակում է նրանց արտասահման ճամբորդութիւնը:
Եթէ դրական հիմնական տեղաշարժ չպատահի Իրանի տնտեսական ոլորտում, նախատեսելի է՝ այս վիճակը կը շարունակի մնալ նոյնը, եւ Իրանից զբօսաշրջիկների մեծ թիւ չի գրանցուի այս տարի էլ:
Շնորհակալ եմ:
ՌՈՒԲԻՆԱ ՄԱՀՏԵՍԻ ՕՀԱՆԵԱՆ