ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
«Շահումեանի շրջան կատարած այս ճանաչողական այցի ընթացքում եղել եմ շրջանի Նոր Մանաշիդ, Ծար, Զուար, Հաւսաթաղ, Քարվաճառ համայնքներում, այցելել եմ նաեւ շրջանի մի շարք պատմաճարտարապետական եւ բնական յուշարձաններ», մեզ հետ զրոյցում նշեց գործարար կառավարման մասնագէտ, ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար, Շիրակի մարզի նախկին մարզպետ Արթուր Խաչատրեանը: Մեր զրուցակիցը Շահումեանի շրջանում էր՝ բացայայտելու եւ կազմելու ծրագրեր, որոնք կը նպաստեն շրջանի տնտեսական զարգացմանը:
Նախաձեռնութիւնը Շահումեանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսեանինն է:
«Դեռ անցած տարուայ վերջում ինձ դիմեցին իմ ընկերները Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արցախի Կենտրոնական կոմիտէից՝ խնդրելով գալ Շահումեանի շրջան եւ փորձել բացայայտել ծրագրեր, որոնք կը դառնան շրջանի տնտեսական զարգացման խթանները, որոնք կը պահանջեն թէ՛ մասնաւոր ներդրողների ներկայութիւն, թէ՛ պետական աջակցութիւն, ինչպէս նաեւ՝ պետութիւն-մասնաւոր հատուած գործընկերութեան ձեւաչափ», տեղեկացրեց Արթուր Խաչատրեանը:
Մասնագէտը նշեց, որ այստեղ է՝ փորձելու հասկանալ, թէ որոնք կարող են լինել շրջանի տնտեսական զարգացման ուղիները, որոնք են շրջանի մրցակցային առաւելութիւնները՝ համեմատած այլ շրջանների հետ, հասկանալ, որոնք են շրջանի այն ուժեղ կողմերը, որոնց վրայ կարելի է յենուել եւ մշակել շրջանի զարգացման ծրագիր:
«Պէտք է յստակ հասկանալ, որ այստեղ խօսքը ոչ միայն պետական, այլեւ մասնաւոր ներդրումների մասին է: Պետութիւնը կարող է ենթակառուցուածքներ ստեղծել՝ տնտեսական զարգացման համար, էժան վարկային գծեր բացել, սուբսիդաւորել (նպաստ տալ-Խմբ.) վարկային գծեր, այլ աջակցութեան ծրագրեր մշակել, բայց գործարար ծրագրեր պէտք է լինեն նաեւ մասնաւոր ներդրողների կողմից: Կազմուելիք ծրագրերը մասնաւոր հատուածի մօտ հետաքրքրութիւն կարող են առաջացնել շրջանի հանդէպ՝ գալ եւ կատարել սեփական ուսումնասիրութիւնը՝ գործ սկսելու համար», ընդծեց մեր զրուցակիցը:
Ամփոփելով ճանաչողական այցի առաջին արդիւնքները Արթուր Խաչատրեանը նշեց, որ շրջանի առաջնային զարգացման ուղղութիւններից է գիւղատնտեսութիւնը:
«Շրջանը խորհրդային տարիներին, մինչեւ ազատագրուելը, բաւականին խոշոր գիւղատնտեսական կենտրոն է եղել, այդ կարողականութիւնը կայ եւ այն պէտք է օգտագործել: Խօսքը թէ՛ անասնաբուծութեան (խոշոր եւ մանր եղջերաւոր), թէ՛ բուսաբուծութեան, թէ՛ մեղուապահութեան մասին է»:
Ըստ մասնագէտի՝ գիւղատնտեսութեան ոլորտները զարգացնելիս կարեւոր է հաշուի առնել, թէ որոնք են այն գործօնները, որ շրջանը դարձնում են եզակի:
«Օրինակ, ամէնուր յայտնի է Քարվաճառի մեղրը՝ որպէս մաքուր, որակեալ արտադրանք: Մանաշիդում այցելել եւ զրուցել եմ գոմշաբուծութեամբ զբաղուողների հետ: Եթէ մենք չենք կարող մասսայական արտադրութիւն տալ, պէտք է թէկուզ քիչ քանակութեամբ, բայց բարձրակարգ ու իւրայատուկ արտադրանք առաջարկել»:
Զարգացման յաջորդ ճիւղը զբօսաշրջութիւնն է: «Շրջանում շատ են թէ՛ պատմաճարտարապետական, թէ՛ բնական յուշարձանները: Բոլորին լաւ յայտնի է Դադիվանքը, որն, իհարկէ, ամէն առումով իւրայատուկ յուշարձան է: Սակայն այն միակ տեսարժան վայրը չէ շրջանում», ընդգծեց մեր զրուցակիցն ու յաւելեց, որ զբօսաշրջութիւնից իրական շահոյթ ստանալու համար պէտք է զարգացնել սպասարկման ոլորտը՝ ունենալ մաքուր եւ մատչելի հիւրանոցներ եւ զբօսաշրջիկներին անհրաժեշտ այլ ենթակառուցուածքներ, անհրաժեշտ է զբօսաշրջիկին գոնէ մէկ գիշեր պահել շրջանում:
Ըստ մեր զրուցակցի, մանրամասն ծրագրեր կազմելու համար այցելութիւնները շարունակական են լինելու:
«Շրջանի վարչակազմի աշխատակազմից ստացել եմ որոշակի տեղեկութիւններ՝ գիւղատնտեսական ոլորտի, զարգացման ծրագրերի վերաբերեալ: Հանդիպում եմ ունեցել նաեւ Հանրապետութեան ղեկավարութեան հետ՝ ծանօթանալու տնտեսութեան ու գործարարութեան խթանման ծրագրերի հետ եւ փորձելու այդ ծրագրերը լաւագոյնս օգտագործել շրջանի զարգացման համար: Յաջորդ քայլով յստակեցուելու է համագործակցութեան ձեւաչափն ու անցնելու ենք գործնական աշխատանքներին», ամփոփեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ ծրագրերը կը կազմուեն ըստ զարգացման ոլորտների եւ կը տեղայնացուեն շրջանի համայնքներում: