ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը նուաճած հայազգի Արա Խաչատուրեանը Լոս Անջելեսում հայկական վարժարանների սաների հետ Փետրուարին կայացած հանդիպումների ժամանակ ներկայացնում էր նպատակին հասնելու եւ դժուարութիւնները յաղթահարելու իր բանաձեւը, այն է՝ կամքով եւ աշխատասիրութեամբ:
Մարսելաբնակ լեռնագնաց, վազորդ Արա Խաչատուրեանի՝ աշխարհի ամենաբարձր գագաթները նուաճելու ճանապարհը սկսուել է թերեւս պատահաբար, երբ պատրաստուելով հերթական մարաթօնին, նա որոշում է բարձրանալ Եւրոպայի ամենաբարձր լեռներից՝ 4810 մետր բարձրութեամբ Մոնբլանն ու առաջին իսկ փորձից նուաճում է այն: «Երկրորդ լեռը, որ մագլցեցի՝ Արարատն էր: Այն ամենագեղեցիկն էր ինձ համար եւ աննկարագրելի զգացումներով լի», յիշում է լեռնագնացը: Նրա յաջորդ հանգրուանը՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթն էր՝ Կիլիմանջարօն:
Արա Խաչատուրեանն իր յաջորդ ուղղութիւնը որոշում է ֆրանսահայերի հետ հանդիպման ժամանակ, երբ ՀԲԸՄի կողմից հրաւիրուած էր համայնքին ներկայացնելու տպաւորութիւնները Արարատ իր ճամբորդութիւնից: «2013 թուականն էր, եւ ես հանդիպման կազմակերպիչին ասացի, որ երկու տարի յետոյ լրանալու է Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցը, եւ եթէ նիւթական աջակցութիւն ցուցաբերեն՝ կարող եմ բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էւերեստը: Դրական պատասխան ստանալուց յետոյ, մարզուելու նպատակով մեկնեցի Պերու, Էկուադոր, Բոլիվիա եւ 36 օրուայ ընթացքում ինը լեռ մագլցեցի: 2014 թուականին էլ բարձրացայ Ղրղզստանի ամենաբարձր գագաթը՝ 7134 մ. բարձրութեամբ Լենինը», յիշում է Խաչատուրեանը:
2015 թուականի Ապրիլի 25ին Խաչատուրեանն իր նպատակակէտի ճանապարհին էր՝ 1500 մետր բարձրութեան վրայ, երբ տեղի է ունենում Նեպալի աւերիչ երկրաշարժը, որից հայազգի լեռնագնացին յաջողւում է փրկուել: 20 ալպինիստներ մահանում են, 60ը՝ վիրաւորւում, եւ միւս լեռնագնացների յետագայ ընթացքը կասեցւում է: «Որոշեցի 2016թ.ին վերադառնալ, եւ 46 օր մագլցելուց յետոյ՝ Մայիսի 22ին հասայ Էւերեստի գագաթն ու բարձրացրեցի հայկական դրօշը: Նաեւ՝ նամակ գրեցի Թուրքիայի նախագահին՝ կոչ անելով, որ ընդունի Հայոց Ցեղասպանութիւնը», պատմում է Խաչատուրեանը:
Յիշելով բաղձալի գագաթին հասնելու ճանապարհը, Խաչատուրեանը պատմում է, թէ ինչպէս օրեր շարունակ անցկացնում էր տարբեր բարձրութիւններում՝ յարմարուելու ջերմաստիճանին ու եղանակին: 8848 մետր բարձրութիւնը կարողանում են յաղթահարել եօթ լեռնագնացներից երկուսը միայն: «Աներեւակայելի տեսարաններ ու զգացումներ էին համակել ինձ: Չնայած երբեմն անյաղթահարելի թուացող դժուարութիւններին, ինձ մշտապէս ուժ էր տալիս եւ մղում էր նպատակս՝ Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչումը: Միաժամանակ՝ աշխարհում խաղաղութեան հաստատմանը նպաստելու իմ ձգտումը, որն իմ ուղերձներից մէկն էր», նշում է Խաչատուրեանը:
Նա պատմում է, որ տարբեր երկրներում, հայ պատանիների ու երիտասարդների հետ հանդիպումների ժամանակ, միշտ ասում է, որ իրենց պէտք է առաջին հերթին աշխարհի քաղաքացի զգան, եւ յետոյ՝ հայ: «Իմ մեծ մայրը չորս պատերազմ է ապրել, որին զոհ է գնացել 170 միլիոն մարդ, եւ պատերազմներ այսօր էլ ընթանում են աշխարհում: Կասեցնելու, կանխելու համար դրանք, այսօր պէտք է քարոզենք մեր մանուկներին, որ աշխարհի եւ մարդկութեան մաս ենք, բոլորս մէկ ենք, եւ միայն այդպէս կարող ենք փոփոխութիւններ անել, հասնել խաղաղութեան: Այն ինչ չի յաջողուել մեր ծնողներին ու մեզ՝ յուսով եմ, որ կը յաջողուի մեր նոր սերունդներին», նշում է Խաչատուրեանը: Նա նաեւ ընդգծում է, որ հպարտ է իր ազգային ինքնութեամբ՝ լեզուով, մշակոյթով, պատմութեամբ, ինչն իրեն առանձնայատուկ է դարձնում նաեւ:
Էւերեստի գագաթին առաջին Աստուածաշունչն էլ յայտնուել է Արա Խաչատուրեանի միջոցով, եւ պատմական այդ պահի լուսանկարը լեռնագնացն անձամբ է փոխանցել Հռոմի պապին:
Էւերեստ իր երկարատեւ ու դժուարին ճանապարհորդութիւնից յետոյ, որի արդիւնքում վնասւում են Խաչատուրեանի ստորին վերջոյթները, նա նոր մարտահրաւէր է սահմանում: Ապաքինուելուց յետոյ, 2018 թուականին, «Վազք Խաղաղութեան համար» կարգախօսով, նա Ապրիլ ամսին մեկնարկում է վազք Մարսելից Երեւան՝ կտրելով շուրջ 5000 կմ. տարածութիւն, եւ 107 օրում անցնելով 8 երկրներով, լինելով 150 քաղաքում, եւ Յուլիսին ժամանում է Հայաստան: Նրա նպատակներից էր նաեւ՝ Ցեղասպանութեան ճանաչման եւ խաղաղութեան կոչով իր նամակը փոխանցել Թուրքիայի նախագահին, սակայն ընտրութիւնների առիթով, երկրի ղեկավարն այդ պահին դեռ որոշուած չէր: Խաչատուրեանը մտադիր է իր այս ծրագիրն իրականացնել յաջորդ նախաձեռնութեան՝ Ֆրանսիայից Լիբանան վազքուղու ընթացքում: