ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայ Դատի յանձնախմբի Արեւ-մտեան շրջանի ներքոյ գործող Կրթական յանձնախումբը մեծարեց հանրային դպրոցներում եւ համալսարաններում Հայոց Ցեղասպանութեան մասին դասաւանդող եօթ մանկավարժի: Մարտի 23ին կայացած «Հայոց Ցեղասպանութեան Մասին Կրթութիւն» խորագրով ամէնամեայ երրորդ ձեռնարկն առիթ էր երախտագիտութիւն յայտնելու կրթութեան ոլորտի այն անհատներին, ովքեր նուիրումով են կատարում իրենց աշխատանքը՝ համապարփակ ձեւով աշակերտներին ներկայացնելով հայերի դէմ իրականացուած մեծ ոճիրը, իր բացման խօսքում նշեց Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի խորհրդի անդամ Անահիտ Օշականը: Նա ողջունեց նաեւ Հայ Դատի եւ Կրթութեան յանձնախմբի շուրջ համախմբուած այն անհատներին, ովքեր պատրաստակամ են կամաւոր աշխատելու՝ Հայոց Ցեղասպանութեան պատշաճ ճանաչման եւ մարդկութեան դէմ իրականացուած եւ անպատիժ մնացած յանցանքի արդար լուծման հասնելու համար:
Ձեռնարկի գլխաւոր բանախօսն էր 2018 թուականի երկրի՝ տարուայ «Լաւագոյն ուսուցչուհի» պարգեւին արժանացած, Վաշինգտոնում ներգաղթեալ եւ փախստական աշակերտներին անգլերէն եւ մաթեմատիկա դասաւանդող Մենդի Մենինգը, ով իր մասնագիտական գործունէութիւնը սկսել է Հայաստանում՝ «Խաղաղութեան Կորպուս»ի շրջանակներում: Նա պատիւ համարեց լինել կրթութեան ոլորտի ներկայացուցիչների միջավայրում, ովքեր կերտում են քաղաքացիական հասարակութեան անդամների: «Երկու տարի, 1999-2001թթ.ին ապրել եմ Հայաստանում՝ լինելով անգլերէնի ուսուցչուհի, եւ ցանկանում եմ պատմել, թէ հայերից ինչ եմ սովորել, որ դարձել են իմ կեանքի ուղենիշներ ու դրանք փոխանցում եմ իմ աշակերտներին: Հայաստանում, առաջին անգամ հասկացայ, որ երջանկութիւնը յարմարաւէտութեան մէջ չէ, այլ կեանքում ամենակարեւորի՝ մարդկային կապերի: Հայաստանն ինձ կրթել է, սովորեցրել է լինել ուժեղ, հաստատակամ: 20 տարի է անցել իմ այցից, եւ ես միշտ հետեւել եմ զարգացումներին, ու այսօր, իմ դիտարկմամբ, Հայաստանն այլ է. ոճիրի զոհի կարգավիճակից հայը դարձել է ուժեղ, աշխարհում Ցեղասպանութիւնները կանխելու համար պայքարող ազգ, ցաւը վերածել է գործողութեան: Հայերը, թէ՛ Հայաստանում, թէ ԱՄՆում, դարձել են վստահ եւ գտել իրենց հաստատուն տեղն աշխարհում: Շնորհակալութիւն, որ պայքարում էք նրանց փոխարէն, ովքեր ի վիճակի չեն պայքարելու ցեղասպանութիւնների դէմ, եւ աշխարհում դրական օրինակ լինելու համար», իր խօսքում նշեց Մենինգը:
Ձեռնարկին հայկական մշակոյթը առանձնայատուկ կերպով ցուցադրեցին «Արենի» համոյթի պարողներն ու «Երազ» միջազգային երաժշտական դպրոցի սաները: Նրանց ելոյթներից յետոյ փաստաբան Մեթիու Քարանեանը խօսեց իր նոր՝ «Հայկական Բարձրաւանդակ. Արեւմտեան Հայաստան Եւ 2018թ.ի Առաջին Հանրապետութիւն» գրքի մասին, որը իւրատեսակ պատմական ու մշակութային ուղեցոյց է՝ համադրուած Արեւմտեան Հայաստանի ներկայի եւ անցեալի նկարներով ու քարտէզներով:
Ձեռնարկի «Յատուկ ճանաչում» բաժնում երախտիքի խօսքեր ասուեցին տարրական դասարանների համար հայկական ժառանգութեան մասին ուսումնական ծրագիր մշակող յանձնախմբին: «Մեր խմբի ստեղծումը քննարկւում էր վաղուց՝ հաշուի առնելով, որ յատկապէս Ապրիլին, Հայ Դատի յանձնախումբը բազմաթիւ նամակներ է ստանում ուսուցիչներից՝ Հայոց Ցեղասպանութեանն ու պատմութեանն առնչուող գրականութիւն տրամադրելու հարցով», պատմեց յանձնախմբի անդամ Լաուրա Գաբուդիկեանը: Արդիւնքում, 2018թ.ի Սեպտեմբերին կրթութեան ոլորտի մի շարք մասնագէտներ, կամաւոր հիմունքով ստեղծում են յանձնախումբ, որը ստեղծում է ուսումնական ծրագիրը, ինչը հնարաւորութիւն կ՛ընձեռի ա-շակերտներին բացայայտելու հայ մշակոյթը, պատմութիւնը, հայ ժողովրդի ձեռքբերումներն ու ներդրումները:
Ձեռնարկի յաջորդ բաժնում, օրուայ մեծարեալներին պարգեւները յանձնելու համար հրաւիրուեցին Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի ատենապետ Նորա Յովսէփեանն ու Կրթական յանձնախմբի ղեկավար Ալիս Պետրոսեանը:
«Հայոց Ցեղասպանութեան մասին կրթելու մրցանակ» տրուեց երկու մանկավարժների, ովքեր հանրային դպրոցներում մշտապէս արծարծել են Ցեղասպանութեան թեման, խօսել ճանաչման անհրաժեշտութեան մասին եւ պայքարել՝ ուսումնական ծրագրերում թեման ներառելու համար: Դէյլ Ջունիըր աւագ դպրոցի եւ Էնըհայմ Եունիըն Միացեալ կրթաշրջանի ներկայացուցիչ Խօսէ Լարան եւ Օսթինի Անկախ Միացեալ կրթաշրջանից Բեթ Հադսընը շնորհակալութիւն յայտնելով պարգեւի համար, նշեցին, որ պատմութիւնը պէտք է ճանաչուի ու վաւերացուի, եւ որ շարունակելու են իրենց սաներին կրթել ու տեղեկացնել Հայոց Ցեղասպանութեան եւ աշխատելու՝ ուսումնական ծրագրերում Եղեռնի մասին դասընթաց ներառելու ուղղութամբ:
«Զարուհի «Սառա» Չիթճեանի անուան Հայոց Ցեղասպանութեան մասին կրթութեան» մրցանակին արժանացան Լոս Անջելեսի Միացեալ կրթաշրջանից, Նորթրիջի ակադեմիայի աւագ դպրոցի ուսուցչուհի Նաիրա Փանոսեանն ու Գլենդելի Միացեալ կրթաշրջանի Էլէանոր Ջ. Թոլ միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վահէ Չարխութեանը, ովքեր իրենց կրթօջախներում նախաձեռնել եւ դասաւանդել են հայոց պատմութիւն ու մշակոյթ, կազմակերպել՝ Հայոց Ցեղասպանութիւնը լուսաբանող ձեռնարկներ: Նրանք ընդգծեցին հայերի դէմ իրականացուած յանցանքի մասին ուսումնական ծրագրերում ներառելու անհրաժեշտութիւնը, նաեւ որպէս կանխարգելիչ միջոց նման ոճիրները կասեցնելու հարցում:
«Հայոց Ցեղասպանութիւնը բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում կրթելու համար» պարգեւը տրուեց Կալիֆորնիայի «Թեք Փոլի Փոմոնա» համալսարանի սոցիոլոգիայի (ընկերաբանութեան) պրոֆեսոր Ջէք Ֆոնգին, եւ Գլենդելի հանրային քոլեջի դասախօս, դոկտոր Լեւոն Մարաշլեանին: Ջէք Ֆոնգը կարծում է, որ հայերի զարթօնքը գերազանց օրինակ է ժողովրդի ով, չնայած ողբերգական իրադարձութիւններին, յաղթեց: «Պէտք է համոզուած լինեմ, որ աշխարհաքաղաքականութեանը, Ցեղասպանութիւններին, մարդու իրաւունքներին առնչուող իմ դասախօսութիւններում զգալի տեղ եմ յատկացնում հայերին ու հայկական հարցին, եւ դա նուազագոյնն է իմ կողմից՝ յարգելու զոհերին, եւ միաժամանակ՝ տօնելու հայի յաղթանակն ու ներդրումները Միացեալ Նահանգներում», նշեց Ֆոնգը:
Դոկտոր Լեւոն Մարաշեալնն էլ կենսական համարեց, որ դասագրքերում անդրադարձ լինի բոլոր ցեղասպանութիւններին առանց բացառութիւնների. «Երբ դասագրքերում չեն հանդիպում Հայոց Ցեղասպանութեան մասին տեղեկութիւններու, այն դէպքում, երբ այդ մասին վկայել են նաեւ ԱՄՆ նախագահներ, իմ ուսանողները զարմանում են: Անհրաժեշտ եմ համարում յատկապէս հայերի դէմ գործուած ոճիրի մասին գրելը՝ որպէս ժամանակակից պատմութեան ամենակարեւոր ցեղասպանութիւն, մարդկութեան դէմ իրականացուած ահռելի յանցանք, որը դիտաւորեալ մոռացութեան է տրուել եւ տրւում», նշեց Մարաշլեանն՝ յաւելելով, որ Հայոց Ցեղասպանութեան դասաւանդմանն առանձնայատուկ է մօտենում՝ նաեւ արդարութեան հասնելու փափաքից դրդուած:
«Հայոց Ցեղասպանութեան կրթութեան ժառանգութեան» մրցանակը տրուեց Կալիֆորնիայի «Եու.Սի.Էլ.Էյ.» համալսարանից դոկտոր Ռուբինա Փիրումեանին, ով անկախ գիտնական է, հետազօտող եւ գրող: Մեծարեալին ներկայացնելով, Քի Մուրադեանը նշեց, որ Փիրումեանն այն կայծն է եղել, ով ոգեշնչել է Հայոց Ցեղասպանութեան թեման ներառել տարրական դասարանների ծրագրում: Հայոց Ցեղասպանութեան մասին բազմաթիւ գիտական աշխատութիւնների ու գրքերի հեղինակ, զեկուցող Ռուբինա Փիրումեանն իր գործունէութեան համար արժանացել է բազմաթիւ պարգեւների, այդ թւում՝ «Մեսրոպ Մաշտոց», ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան նախարարութեան, Հայոց Ցեղասպանութեան թանգարան ինստիտուտի կողմից շքանշանների: «Ես ոչ մի առանձնայատուկ արարք չեմ կատարել, արել եմ այն, ինչը կ՛անէր ցեղասպանութեան հարցերով գիտնականը, դասախօսը՝ ուսանողներին իրազեկելով մարդկութեան դէմ գործուած ոճիրի՝ Հայոց Ցեղասպանութեան եւ ընդհանրապէս աշխարհում բոլոր ցեղասպանութիւնների ու մարդու իրաւունքների խախտումների մասին: Որպէս Ամերիկայի քաղաքացի, հպարտ եմ տեսնելու այն արտօնութիւնները, որ ընձեռում է կրթական համակարգը, եւ յուսով եմ, որ նաեւ կրթութեան միջոցով, Միացեալ Նահանգները կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը»:
Միջոցառման աւարտն իր փակման խօսքով ազդարարեց Հայ Դատի Արեւմտեան Շրջանի Կրթական կոմիտէի ատենապետ, վաստակաշատ մանկավարժ Ալիս Պետրոսեանը՝ երախտիքի խօսքեր յայտնելով մեծարեալներին, ու եւս մէկ անգամ ընդգծելով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման անհրաժեշտութիւնը:
Բրբենքի «Դէ Լիւքս» սրահում անցկացուած ամէնամեայ ձեռնարկին ներկայ էին Կալիֆորնիայի տարբեր քաղաքների Միացեալ կրթաշրջանների մանկավարժներ, երկրի, նահանգի եւ քաղաքների օրէնսդիր մարմինների անդամների ներկայացուցիչներ: Ներկաներին տրուեց Հայոց Ցեղասպանութեան մասին գրականութիւն եւ տեսանիւթեր: