ԵՐԵՒԱՆ.- «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գէթ մէկ մարդ, ով Հայաստանի պետական դրօշը գցել է ոտքերի տակ», սոյն գրառումը կատարած է վարչապետ Փաշինեան իր «Ֆէյսպուք»ի էջին վրայ:
«Եթէ պէտք լինի տասնեակ հազարաւորների ազատել աշխատանքից՝ կ՛ազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրօշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եւ վերջ», գրած է վարչապետը:
Նորագաւիթի ինքնաշարժներու մաքսատուն կատարած այցելութեան ընթացքին վարչապետը սենեակներէն մէկուն մէջ նկատած էր կեղտոտ եռագոյն դրօշը պատին տակ դրուած: Վարչապետը զայրացած՝ յայտարարած էր. «Պետական եկամուտների կոմիտէում (ՊԵԿ) պարգեւավճարը կրճատէք ու տարածքը մաքրէք, իսկ ովքեր այս սենեակում աշխատել են դրօշի այս պայմաններում, բոլորը հեռացուեն աշխատանքից: Պէտք լինի տասնեակ հազարաւորների ազատել աշխատանքից՝ կ՛ազատեմ, դրօշի նկատմամբ նման վերաբերմունք չեմ հանդուրժի»:
«Ո՞նց կարող է մարդը դրօշը իրենից ցածր դնել, ամէն օր գնաս աշխատանքի, եւ դրօշը այնտեղ կեղտոտ գցած լինի՞, դա ընկալման հարց է, ո՞նց կարող է նման մարդը Հայաստանի Հանրապետութիւնում ուսադիրներ կրել: Մի մարդ չմնայ այդ սենեակում, անուն–ազգանունով կը տաք», աւելի ուշ ըսած էր Փաշինեան:
Ո՞նց կարող է 60-70 հազար ծայրահեղ աղքատներ ունենալ այդ փոքրիկ դրօշին ներքոյ…: