ԱՐԳԻՇՏԻ ԳԷՈՐԳԵԱՆ
Ստորեւ կը ներկայացնենք ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութեան կեդրոնական վարչութեան նախագահ Արգիշտի Գէորգեանի ելոյթը աւանդական դարձած ջահերով երթի ընթացքին: (երթի մասին կարդալ )
20 տարի շարունակ՝ անմար պահելով ջահերը, մենք պահանջել ենք արդարութիւն:
20 տարի շարունակ այս երթին միացել են բազմահազար քաղաքացիներ, ովքեր ունեն տարբեր գաղափարներ, տարբեր կուսակցական պատկանելութիւն, բայց այնտեղ՝ ուր սկսւում է ազգային պայքարը, մենք դադարում ենք տարբեր լինելուց:
Աշխարհի տարբեր ծայրերում ընդդէմ Թուրքիայի ժխտողական քաղաքաղականութեան տարիներ շարունակ իրենց ձայնն են բարձրացրել հազարաւոր հայորդիներ:
Մեր պայքարը երբեք չի դադարել. երբ անհրաժեշտ էր վերականգնել մի ամբոջ ժողովրդի արժանապատուութիւնը՝ մենք կայացրեցինք «Նեմեսիս»ի իրագործման որոշումը, որի արդիւնքում պատժուեցին Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչները:
Մեր պայքարը նոր փուլ թեւակոխեց, երբ դիւանագիտական որեւէ հնարք ի զօրու չեղաւ ճեղքել միջազգային հանրութեան լռութիւնը եւ մեր ժողովրդի հետ պատահածի մասին պատմելու ցանկացած փորձ մնաց անարձագանգ:
Արդիւնքում Երկանեաններին եւ Թեհլիրեաններին եկան փոխարինելու Լիզբոնի տղաները, ովքեր զոհասեղանին դրեցին իրենց կեանքը: Մեր պայքարի ճանապարհին իսկական յաղթանակ պէտք է համարել ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետութեան կերտումը: Մեր ազգային պետութիւնը եւ այդ պետութիւնը պաշտպանող ազգային բանակը մեր անվտանգութեան լաւագոյն երաշխաւորներն են: Սակայն մեր պայքարը իր աւարտին չի հասել:
Ազատ, անկախ Հայաստանին պակասում է ամբոջական բնութագրումը: Ուրեմն մեր պայքարը շարունակւում է նաեւ այժմ, երբ շուրջբոլորը քարոզում են, որ թշնամին փոխուել է, իսկ անցեալը ուղղակի պէտք է մոռանալ եւ առաջ նայել: Ամբողջ աշխարհում մեր պետութեան, համազգային կառոյցների եւ բազմաթիւ նուիրեալների համատեղ պայքարի արդիւնքում մենք ճանաչումից անցում ենք կատարել հատուցման փուլ: Պատահական չէ, որ այսօր էլ մենք Ծիծեռնակաբերդ ենք շարժուելու ամբողջական եւ արդար հատուցման պահանջով:
Մենք այն կառոյցի երիտասարդական միութիւնն ենք, որ տասնամեակներ շարունակ իր աշխարհասփիւռ կառոյցներով հանդիսանում է Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղուած պայքարի առաջամարտիկը: Մենք ուխտել ենք հարկ եղած դէպքում անգամ կեանքի գնով պաշտպանել հայ ժողովրդի իրաւունքներն ու շահերը: Ուրեմն առաջ՝ դէպի ամբոջական եւ արդար հատուցում: Առաջ դէպի Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստան: