ՍԵՐԴԱՐ ՔՈՐՈՒՋՈՒ
Թարգմանեց՝ ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Իտալիայում կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչելու պահանջով խորհրդարանին ներկայացուած առաջարկի ընդունումն Անկարայում քննարկումների տեղիք է տուել: Մինչդեռ այն Իտալիայի պատմութեան մէջ օրակարգում է եղել երկար տարիներ:
Օսմանեան կայսրութեան տարածքում Հայոց Ցեղասպանութիւնից առաջ՝ 1894թ. ու 1895-1897թթ., հայերի թիրախաւորած ջարդերը քննարկուել են ինչպէս ողջ Եւրոպայում, այնպէս էլ Իտալիայում:
«Հայագիտակ» հրատարակչութեան կողմից լոյս ընծայուած, Ալբերտ Իսոյեանի կողմից պատրաստուած եւ դոկտ. Յակոբ Չաքրեանի կողմից թուրքերէն թարգմանուած «Սեւ Գիրք. Նշանաւոր Օտարերկրացիները Թուրքական Ոճիրների Եւ Հայոց Ցեղասպանութեան Մասին» գրքում կոտորածների նիւթը օրակարգ բերած առաջին անունների շարքում է իտալացի անարխիստ (անիշխանական-Խմբ.) Ամիլկարէ Չիպրիանին:
Չիպրիանին 1899թ. իր ելոյթներում հայերի կոտորածները հետեւեալ կերպ է նկարագրել. «1894-96թթ. ողջ աշխարհին խորապէս վիրաւորած, աննախադէպ կերպով սարսափելի, դաւաճանաբար կազմակերպուած, բացայայտ ծրագրուած բնաջնջման պլան», «սուլթանի արիւնռուշտ աւազակները, առանց տարիքի ու սեռի խտրականութեան, գազանաբար սպաննեցին 300 հազար կեղեքուածների», ասում էր նա:
Իտալացի անարխիստի քննադատութիւնների թիրախում էին նաեւ, իր խօսքով, «Եւրոպան կառավարող կոպիտ, անխիղճ քաղաքական գործիչները. Օսմանեան կայսրութեան ամբողջ տարածքով մէկ հոսած հայերի անմեղ արիւնը քաղաքակիրթ համարուող պետութիւնների վրայ էլ էր թափուել, բայց սրանք իրենց շահի համար սուլթանին խրախուսեցին ու մի ողջ ժողովրդի կոտորածի վրայ աչք փակեցին»:
Նա որպէս հայերի համար լուծում՝ միայն մի բան էր խորհուրդ տալիս. չենթարկուել ու ապստամբել: Այդ պայքարի համար կոտորածների ընթացքում հայերի տուած զոհերն էր մատնանշում. «Եթէ դուք գազանաբար սպաննուած ձեր այս 300 հազար եղբայրներին յեղափոխութեան համար զոհաբերած չլինէիք, ձեր անկախութեանը վաղուց հասած կը լինէիք»:
Հայերին ապստամբելու խորհուրդ տուածների մէջ էր նաեւ Իտալիայի ազգային հերոս Ջուզեպպէ Գարիբալդիի կրտսեր տղան՝ Ռիչիոտի Գարիբալդին, որը 1899թ. Մարտի 27ի իր կոչում ասում էր, որ Խաղաղութեան կոնֆերանսը լուծում չի բերելու. «Թուրքական լծի տակ տանջուող միւս ազգերի նման՝ հայերն էլ, եթէ ցանկանում են ազատ լինել, արդար ու մարդկային համարուող այդ իրաւունքը պէտք է կիրառեն՝ դիմեն զէնքին»: Նա նաեւ ասել է. «Եթէ դա արուի, ես ու իմ ընկերները պատրաստ ենք ծառայել մեր սրտի մէջ մտած դժբախտ հայ ազգին» ու հայերին օգնելու խոստում տուել:
Հռոմէական կայսրութեան համալսարանի դասախօսներից իտալացի գրող ու լեզուաբան Անգելօ Գուբերնատիսը 1903թ. «Յանուն Հայաստանի» վերնագրով իր ելոյթում ուշադրութիւն է հրաւիրում իտալացիների ու հայերի միջեւ հարիւրաւոր տարիներ եղած յարաբերութիւններին, որից յետոյ խօսել է կոտորածների մասին: Թիրախում էին նաեւ Ստամբուլի իշխանութիւններն ու համիդիյէ ջոկատները. «Պարթեւները եղել են հռոմէացիների անողոք թշնամիները: Ահա այսօր այդ պարթեւների ցեղակից քրդերը, հայերի բարբարոս ու անզուսպ թշնամի այդ վայրենի բաշիբոզուկ աւազակախմբերը Բարձր դռան կողմից քաջալերւում են հայերին կոտորելու հարցում»:
Իտալացի հրեայ հոգեբոյժ ու մարդաբան Ջեզարէ Լոմբրոսօն էլ 1907թ. իր ելոյթի ժամանակ ասում է. «Քրդերի կողմից Հայաստանում վաղուց մտածուած, որոշակի ընդմիջումներով ու թուրքական կառավարութեան բացայայտ համաձայնութեամբ արուած վայրագութիւնները Եւրոպայում գտնուող ու սրտերը մարդկութեան համար բաբախող ամէն մարդու վրայ խորը ազդեցութիւն են ունենում»:
Այդ ջարդերի ժամանակ «միակ վիլայեթը, որտեղ արդիւնաբերութիւնը զարգացած է, առեւտուրն էլ առաջատար դիրքերում է, իր իսկ ձեռքերով աւերակների է վերածում», ասում էր Լոմբրոսօն ու քննադատում Ստամբուլի իշխանութիւնների վարած բնաջնջման քաղաքականութիւնը. «Թուրքական կառավարութիւնն իր հարստութիւնները իր կամքով ոչնչացնելու ժամանակ հրդեհ դիտելու համար իր տունը այրող խելագարի վարմունքը չի՞ ընդօրինակում արդեօք»:
1890ական թթ. հայերի կոտորածներից ու 1909թ. Ադանայի ջարդերից յետոյ 1915թ. սկսուած Հայոց Ցեղասպանութիւնը շարունակում էր մնալ Իտալիայի օրակարգում: Մի շրջան վարչապետի պաշտօնը զբաղեցրած իտալացի քաղաքական գործիչ Լուիջի Լուցատին 1919թ. Իտալիայի պառլամենտում ձայն է բարձրացնում ու ասում. «Զոհ դարձած ազգերի թիւն ու հերթականութիւնը մանրամանսօրէն չի ներկայացուելու», սակայն մի կէտ ընդգծում է. «Հրեաներից յետոյ առաջին շարքում պէտք է լինեն հայերը: Հայերը կարող են համարուել անարդարութեան յաւէրժական զոհեր»:
«Այդ ահասարսուռ պատերազմը, որի պատասխանատուութիւնը յայտնի է, թէ ումն է, պատմութեան մէջ հաւասարը չունեցող հայերի կոտորածներով սկսուեց ու հայերի այլ կոտորածներով էլ վերջացաւ», Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանը այսպէս բնութագրած Լուցատին Ցեղասպանութեան հետ կապուած ասում է. «Թուրքերը Գերմանիայի աչքի առջեւ, գուցէ եւ վերջինիս խորհրդով, իրենց սպանութիւնների գործիք հանդիսացած քրդերին դրդեցին կոտորել հայերին»:
Ըստ Լուիջի Լուցատիի՝ «այս ժողովրդի խաղաղութեան, 1915 . վէրքերի ապաքինման ու տիրակալների՝ զոհ ազգերի դէմ պլանաւորած ծուղակի հետքերը ջնջելու» միայն մի ճանապարհ կար, դա էլ «երեքի բռնակալութիւնից», այսինքն՝ թուրք-ռուս-իրանական տիրապետութիւնից ազատուելն ու ազատ Հայաստանի ստեղծումն էր լինելու: Հայաստանը իր այդ ելոյթից յետոյ պէտք է ստեղծուէր, սակայն պատմութիւնը Լուցատիի կանխատեսածի նման չէր ընթանալու:
Նշուած անունների կողքին մի իտալացի եւս կար՝ Տրապիզոնում գտնուող Իտալիայի հիւպատոս Ջակոմօ Գորինին, որը 1915թ. ականատեսն է եղել ու նրա յուշերը, նաեւ Ցեղասպանութեան մասին յուշերը, պատմագրութեան մէջ յաճախակի են վկայակոչւում:
Գորինիի խօսքով՝ Տրապիզոնում իր հիւպատոսական լիազօրութիւնները տարածւում էին միայն ռուս-թուրքական սահմանից մինչեւ Ստամբուլ ու հարեւան աւանների վրայ, իրականում՝ Սեւ ծովի ամբողջ առափնեայ շրջանն ու Փոքր Ասիայի ներքին հատուածներն ընդգրկող հինգ վիլայեթներում, որտեղ հիմնականում թուրքեր, հայեր ու քրդեր էին ապրում, կար նաեւ պարսիկ, ռուս, յոյն ու արաբ բնակչութիւն:
Նա 1915թ. Օգոստոսի 25ին Հռոմի «Իլ Մեսաջերօ» թերթում հրատարակուած հարցազրոյցը առկայ է նաեւ Ջէյմս Բրայսի ու Առնոլդ Թոյնբիի կողմից գրուած, Այշէ Գիւնայսուի կողմից թուրքերէն թարգմանուած ու Արա Սարաֆեանի կողմից հրատարակութեան պատրաստուած «Հայերի վիճակն Օսմանեան կայսրութիւնում 1915-16 թթ.» գրքում:
Հիւպատոս Գորինին Իտալիա վերադառնալուց յետոյ տուած իր հարցազրոյցում պատմում է, որ Ցեղասպանութեան ժամանակ Իտալիայի հիւպատոսութիւնը յատկապէս կանանց ու երեխաների համար միջամտել է. «Հիւպատոսութիւնը միջամտեց, գոնէ կանանց ու երեխաներին փորձեց փրկել: Իրականում առաջին հայեացքից բազմաթիւ մարդու կարողացանք ազատել տեղահանութիւնից, սակայն Միութիւն ու առաջադիմութիւն կոմիտէի թաղային կազմակերպութեան միջամտութեան ու Ստամբուլից եկած նոր հրամանների պատճառով տրուած խոստումները չպահուեցին: Սա իսկական բնաջնջման քայլ էր, անմեղ մարդկանց կոտորած»:
Գորինին նշում է, որ Օսմանեան կայսրութեան տարածքից հեռանալուց առաջ Տրապիզոնի հայ բնակչութիւնը գրեթէ հիմնովին ոչնչացուած էր. «Տրապիզոնում 14 հազարի չափ առաքելական, կաթոլիկ ու բողոքական հայ կար, ու նրանք երբեք հասարակական կարգը խախտող քայլեր կամ էլ ոստիկանութեան կողմից կոլեկտիւ (հաւաքական-Խմբ.) միջոցառումներ ձեռնարկելու պատճառ հանդիսացող բան չէին արել: Երբ ես հեռանում էի Տրապիզոնից, նրանցից հարիւր մարդ իսկ չէր մնացել»:
Նա Յուլիսի 23ին հեռացաւ Տրապիզոնից, որի մասին վերջին յուշերը հետեւեալ կերպ է ներկայացնում. «Քաղաք… հառաչանք, արցունքներ, բաժանում, անէծքներ, բազմաթիւ ինքնասպանութիւններ, վախի հետեւանքով մահեր, յանկարծակի խելագարութիւններ, այրուածներ, քաղաքի կենտրոնում զոհերի հաւաքական սպանութիւններ, գիւղերում ու քաղաքում անխղճօրէն կատարուած տան խուզարկութիւններ, ամէն օր աքսորի ճանապարհին հանդիպող հարիւրաւոր դիեր, բռնի իսլամացուած կամ էլ միւսների հետ միասին աքսորուած երիտասարդ կանայք, ընտանիքներից կամ էլ քրիստոնէական դպրոցներից անջատուած ու բռնի կերպով մուսուլման ընտանիքների մէջ բաժանուած երեխաներ կամ էլ հարիւրաւոր երեխաներ, որոնց վրայ վերնաշապիկներից բացի որեւէ այլ բան չկար, որոնց նաւեր էին լցնում, նետում Սեւ ծով, Դէյիրմենդերէ գետ ու խեղդում: Ահա սրանք են ինձ մօտ Տրապիզոնից մնացած վերջին յուշերը, որոնք, չնայած մէկ ամիս անց էլ, հոգիս ցաւերի մէջ են թողնում ու հասցնում ինձ խելագարութեան աստիճանի»:
Այսօր անգամ եթէ Իտալիայում Հայոց Ցեղասպանութեան պաշտօնապէս ընդունել-չընդունելու հարցն է քննարկւում, 2008թ. Իտալիայի Փադովա քաղաքում բացուած Ճշմարտութեան պարտէզում Հայոց Ցեղասպանութեան հետ կապուած երեք մարդու համար կախուած ցուցատախտակներից մէկն էլ Այշէ Նուր Զարաքօլուի ու Արնիմ Թէոֆիլ Վեգների հետ միասին Ցեղասպանութեանը ականատես եղած իտալացի հիւպատոս Ջակոմօ Գորինիինն է:
The Great Carpet Co. Kaprielian Flooring
4524 Brazil St #A
Los Angeles, CA 90039
818.247.2990
Հայկուշ Քեղինեան-Քոհլեր
Ի Յիշատակ Իր Ծնողներուն՝
Պետրոս եւ Մանուշակ
Չայիրլարեան Քեղինեան
MASHDOTS COLLEGE
ՄԱՇՏՈՑ ՔՈԼԵՃ