Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնուող «Յովհաննէս Թումանեանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում կայացաւ ՀՀ վարչապետի մամուլի խօսնակ Վլադիմիր Կարապետեանի փակ հանդիպումը Վրաստանում գործող լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրէս»ը, հանդիպմանը ներկայ էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբէն Սադոյեանը, հասարակական գործիչներ, վրացական «Թաբուլա» մեդիայի, «Ռեզոնանս» թերթի, «Նովոստի Գռուզիի», «Նեթ Գազեթի» կայքերի գլխաւոր խմբագիրները, քաղաքագէտներ:
Վլադիմիր Կարապետեանը կարեւորեց նման հանդիպումները՝ թէ՛ կարծիք ձեւաւորողների, թէ՛ լրատուամիջոցների գլխաւոր խմբագիրների, թէ՛ համայնքային կառոյցների հետ: «Ես վարչապետի մամուլի քարտուղարն եմ, իմ պարտականութիւնների մէջ մտնում է նաեւ նման հանդիպումների անցկացումը, որոնց ժամանակ ներկայացնում ենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, ներկայացնում վարչապետի գործունէութիւնը, խօսում նրա առաջնայնութիւնների, բարեփոխումների տրամադրուածութիւնների ու ընթացքի մասին», ասաց նա:
Մամուլի խօսնակը նշեց, որ նման հանդիպումներ եղել են նաեւ Ռուսաստանում եւ վստահութիւն յայտնեց, որ կը լինեն շարունակական:
«ՆԻՈՒԶ»