Համադրեցին՝
ԼԱՐԻՍԱ ԱՍԱՏՈՒՐԵԱՆ
եւ ՄԱՐԿԱՐԻՏ ԴՈՒՄԱՆԵԱՆ
Յիշարժան եւ բերկրալից օր էր Յունիսի 6ը, Ֆրեզնոյի Չարլի Քէյեան համագաղութային հայկական վարժարանի տարեվերջի հանդէսի առիթով:
Եռուզեռ էր Ֆրեզնոյի «Պուլըրտ» դպրոցի միջոցառման սրահում: Դահլիժը լեցուն էր, յուզմունք ու բերկրանքը խառնւում, ալիքւում, տարածւում էր դահլիճով մէկ:
Երեկոն ամբողջութեամբ նուիրուած էր մեր մեծերի՝ Յովհաննէս Թումանեանի եւ Կոմիտասի ծննդեան 150ամեակին:
Դպրոցի տնօրէն Գրդիս Շամլինի բացման խօսքով սկսուեց երեկոն, որին հետեւեց Տաճատ վրդ. Աշըգեանի օրհնութիւնը: Երեկոյի հանդիսաւոր բացումը կատարեցին մանկավարժներ՝ Մարգարիտ Դումանեանը եւ Մարալ Մարգարեանը:
Բեմ հրաւիրուեցին աւարտական դասարանի սաները՝ յուզուած եւ ոգեշնչուած. կատարեալ հրաժեշտի երեկոյ էր նրանց համար: Աւարտական սաները հիացմունքի եւ երախտիքի խօսքեր նուիրեցին իրենց սիրելի մանկավարժներին եւ անհատական յուզումնալից կատարումներով ամբողջացրին իրենց ելոյթը:
Բացառիկ ծրագիր էր պատրաստուած, որը ջերմօրէն ընդունուեց հանդիսատեսի կողմից: Ողջոյն եւ շնորհաւորանքներ ձեզ սիրելի սաներ եւ բարի երթ:
Հանդէսին շքեղաշուք լրացում հաղորդեց հայկական երգն ու պարը, սկսած փոքրիկներից: Նախադպրոցական տարիքի «Ծաղիկ» եւ «Գանձեր» խմբերը կատարեցին «Արդէն մեծ եմ» եւ «Լորիկ» երգերը: Իսկ «Արեւ» խումբը խմբային կատարեցին «Ուր գնացին ծաղիկները» բանաստեղծութիւնը եւ երգեցին «Կաքաւիկ» երգը:
Դպրոցի սաները բեմականացրին «Փիսիկի գանգատը» եւ Հայկ Սարգսեանը յուզիչ կերպով կատարեց Կոմիտասի «Հորովել»ը:
Վեցերորդ դասարանցիները՝ Մարիան, Ալեքսանը, Դաւիթը եւ Մելենան հրաշալի ասմունքեցին Պարոյր Սեւակի «Անլռելի Զանգակատուն» պօէմից հատուածներ: Հանդիսատեսը մեծ զարմանքի եկաւ, երբ բեմի վրայ յայտնուեցին Շէյն Դէյզը՝ Յ. Թումանեանի եւ Գեղարդ Պետրոսը՝ Կոմիտասի կերպարներով: Նրանց սրտառողջ ողջոյններին յաջորդեց իրենց պատգամների փոխանցումը՝ հայ մանուկներին:
Աղջիկների խումբը կատարեց «Ամպի տակից» երգ ու պարը եւ «Համբարձում Եայլա» երգը, որը ամբողջացրեց հայկական տարազով փոքրիկ աղջիկը, վիճակահանութեան զամբիւղից ծաղկաթերթիկներ եւ վիճակներ սփռելով բեմում, արժանանալով բոլորի հիացմունքին:
Աբրահամի, Լիսայի եւ Դուինի «Հայրենիքիս»ի կատարումը եւս ոգեշնչող էր: Եկրրորդ եւ երրորդ դասարանի սաները բեմականացրին «Անբան Հուռին», «Քաջ Նազարը», «Շունն ու Կատուն» եւ «Սուտասանը», ինչպէս նաեւ երգեցին «Զմբիկ զմբիկ» երգը:
Յիրաւի թումանեանական եւ կոմիտասեան փառատօն էր եւ վարժարանի սաները պատրաստուել էին ամենայն բծախնդրութեամբ:
Վերջում առաջին դասարանից մինչեւ չորրորդ դասարանցիները խմբային երգեցին «Հայր Մեր»ը, «Ախ ինչ լաւ է»ն եւ եզրափակեցին՝ «Հայաստան» երգի հրաշալի կատարումով, որը ուղեկցում էր մեր Եռագոյն դրօշի ծածանումով եւ եռանդուն ծափողջոյններով:
Ինչպիսի ձիրքերով եւ շնորհքներով են օժտուած մեր հայ մանուկները:
Բացառիկ ծրագիր էր պատրաստուած, որը ջերմօրէն ընդունուեց հանդիսատեսի կողմից, իսկ լճացած արցունքներով լի աջքերը՝ խօսուն վկաներն էին:
Ամբողջ երեկոն մեծ բծախնդրութեամբ էին պատրաստուած դաստիարակներ՝ Մարգարիտ Դումանեանը, Մարալ Մարգարեանը եւ Վիգտորիա Ցոլակեանը: Մեր հիացումի եւ երախտագիտութեան անհուն զգացումները նրանց:
Ֆրեզնոյի Չարլի Քէյեան համագաղութային վարժարանի տնօրէնութիւնն ու մանկավարժական անձնակազմը անում են ամէն ինչ, որպէսզի հայ մանուկները մշտապէս ստանան հայեցի դաստիարակութիւն եւ ճանաչեն ու սիրեն մեր ազգային մշակութային արժէքները: Դրա վառ ապացոյցն այն է, որ գաղութում կազմակերպուող տարբեր միջոցառումներին վարժարանի սաներն մասնակցելու հրաւէր են ստանում եւ իրենց փայլուն ելոյթներով հիացնում են բոլորին:
Կեցցէ հայ վարժարանը: