ԼԱԼԱ ԽԱԼԱԹԵԱՆ
Նիսի APA (Alliance Panarme-nienne-«Համահայկական Դաշնակցութիւն») միութեան անդամներով եւ նրանց երեխաներով լեփ-լեցուն հանրակառքը սլանում էր Նիս քաղաքից դէպի հարաւ՝ հինաւուրց Մարսել քաղաք… Լսւում էր զուարթ ու լիաթոք ծիծաղը եւ կատակները, ուրախ էին բոլորը, ուրախ էին նոյնիսկ ֆրանսիացի ուղեւորները. հայերէն ոչ մի բառ չիմանալով՝ սիրալիր ժպտում էին:
APA միութեան թատերախումբը հրաւիրուած էր Մարսելի «Խ. Աբովեան» դպրոցի տնօրէն Կարէն Խուրշուդեանի կողմից։
«Խ. Աբովեան» դպրոցը գտնւում է հայկական եկեղեցու բակում… Եկեղեցին՝ հրաշալի մի կոթող, որն իր շուրջն է հաւաքել մարսելահայ հայրենասէր բոլոր մեծերին եւ երեխաներին, մշակութասէր նոր սերնդին։
Թատերախումբը Էմմա Պետրոսեանի գլխաւորութեամբ պատրաստել էր կատակերգական երկու ներկայացում ժամանակակից ժանրով՝ «Կիկոս, Ի՞նչ Կիկոս»ը (Յովհաննէս Թումանեան) եւ «Երեք Մեծահարուստները» (Յակոբ Պարոնեան):
APA-ի թատերախումբը կազմուած է 6ից 15 տարեկան 17 երեխաներից: Այն ստեղծուել է 2016 թուականին: Սոյն ներկայացման համար շատ չի եղել պարապումների թուաքանակը՝ ընդամէնը երեք ամիս է որ սկսել են, շաբաթը՝ մի անգամ։
Արուեստը զգալու համար բնածին հակումներ են պէտք: Մարդուն կարող ես քիմիա սովորեցնել, բայց արուեստ ներարկել չես կարող: Մեր տաղանդաշատ երեխաներին էլ այդպէս, արուեստ չի ներարկուել. նրանք ունեն այդ բնածին տաղանդը, յաւելեալ՝ Էմմա Պետրոսեանի քրտնաջան աշխատանքը։
Թատերախաղում, երեխաները հպարտ էին, յաղթական, ուրախ, հումուրով… Յոտնկայս ծափահարութիւններն էլ փոթորկեցին նրանց։
Ընդմիջման ժամանակ հնչեցին նորաստեղծ երգչախմբի կատարումները՝ Գայիանէ Յովհաննիսեանի ղեկավարութեամբ: Զարգացեալ, նա ունի երաժշտական արուեստի բարձր իմացութիւն: Հրաշալի երեխաների մէջ կային նաեւ Ֆրանսիացիներ. նրանք փայլուն յաջողութեամբ կատարեցին «Երազ Իմ Երկիր Հայրենի» երգը: Ունկնդիրները յուզմունքից, ուրախութիւնից, կարօտից՝ լսում էին թաց աչքերով: Այդ օրը, այդ ապրումները երբեք պիտի չմոռանանք։
Խօսք առին համայնքի հոգեւոր հովիւ Արամ քհնյ. APA-ի ատենապետուհի Մարինա Պետրոսեանը, Կարէն Խուրշուդեանը, Էմմա Պետրոսեանը եւ Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախմբի ղեկավար Խաչիկ Եըլմազեանը: Նրանք բոլորն էլ դրուատեցին երիտասարդ դերակատարների աշխատանքն ու ընդգծեցին հայկական արմատներին կառչած մնալու հրամայականը: