[embedyt] https://www.youtube.com/watch?v=zQLxSCSkIeg[/embedyt]
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Գլենդել Թեք Օն Թեփ» (Glendale Tech on Tap) խմբի ամէնամսեայ ձեռնարկի նպատակն էր խրախուսել ձեռնարկատէր կանանց: Յուլիսի 24ին, Գլենդելի Ինդասթրիզ կոչուող աշխատանքային տարածքում «Ձեռնարկատէր կանայք. համայնքային ջանք» խորագրով քննարկմանը մասնակցում էին տարբեր ոլորտներում յաջողութեան հասած գործարար կանայք, ովքեր ներկայացրեցին իրենց պատմութիւնն ու կիսուեցին օգտակար տեղեկութիւններով նաեւ այն մասին, թէ ի՛նչ ազդեցութիւն կարող է ունենալ համայնքը՝ գործ ձեռնարկելու եւ յաջողելու հարցում:
«Այս ձեռնարկի նպատակն էր ներկայացնել բիզնես սկսելու եւ վարելու առանձնայատկութիւնները՝ յատկապէս կին գործարարների համար, մարտահրաւէրները, ինչպէս նաեւ միջոցները, որոնք հասանելի են գործ սկսողներին: Բանախօսները տեղեկութիւններ փոխանցեցին Լոս Անջելեսում սկսնակ ձեռնարկատէրերի համար վարկային յատուկ հնարաւորութիւնների, վարպետութեան դասընթացների, սոցիալական ազդեցութեան դրամաշնորհների, տեղական բիզնեսների համար տուեալ համայնքի նշանակութեան մասի՛ն», նշեց «Գլենդել Թեք Օն Թեփ» խմբի հիմնադիրներից Թամար Պէզճեանը:
Ձեռնարկը վարում էր «Դիշ Թի.Վի.» արհեստագիտական ընկերութեան հիմնադիր Անի Թորոսեանը, ով նաեւ պատմեց իր ընկերութեան ստեղծման, տարբեր հարթակներում յաղթահարած խնդիրների մասին: «Դիշ Թի.Վի.»ն առցանց հարթակ է, որ միաւորում է համայնքի վաւերացուած խոհարարներին բնակիչների հետ: Մեր հաւելուածում արձանագրւում են մարդիկ, ովքեր տանը պատրաստում են տարբեր ուտեստներ՝ հայկական, լիբանանեան, իրանական, եւ այլ խոհանոցների, եւ մատչելի գներով թարմ պատրաստուած ուտեստներ առաջարկում շրջակայ համայնքին: Նրանք հիմնել են գործ, որի միջոցով տեղական շրջանների բնակիչները հնարաւորութիւն են ստանում համտեսել տնական ուտեստներ ցանկացած պահի», պատմում է Թորոսեանը: Ծրագիրն իրականացնելու համար, նա դիմել է Կալիֆորնիայի խորհրդարանին՝ անցկացնելով համապատասխան օրէնք, որը թոյլ կը տայ իւրաքանչիւր խոհարարի աշխատել օրէնքի շրջանակներում:
Քննարկման բանախօսներից էր «Ֆաունդ Էլ.Էյ.» կազմակերպութեան ներկայացուցիչը, ով տեղեկացրեց, թէ ինչպէս է կազմակերպութիւնն աջակցում տեղական ձեռնարկատէրերին՝ հիմնելու սեփական գործ: «Մենք անհամբեր սպասում ենք հետաքրքիր գաղափարների, որոնց կ՛օգնենք կեանքի կոչել՝ յատկապէս երբ ներկայացւում են կանանց, ներգաղթեալների եւ ազգային փոքրամասնութիւնների կողմից: Մեր աջակցութիւնը ներառում է ֆինանսաւորում, կրթական գործիքներ, փոքրիկ աշխատանոցներ, վարպետութեան դասընթացների հնարաւորութիւն, եւ ամենակարեւորը՝ այլ տեղական ձեռնարկատէրերի հետ շփուելու համար միջավայր եւ գործարարների համայնք», նշեց Մարշա Օսլոնը: Այս կազմակերպութեան կողմից աջակցութիւն ստացած եւ յաջողուած՝ «Քոմթոն Հելթ Բար» վաճառասրահի հիմնադիրը խօսեց իրենց կողմից պատրաստուած առողջ կենսակերպի համար անհրաժեշտ կերակրատեսակների մասին, եւ հնարաւորութիւնների, որոնց միջոցով կարողացել է հիմնել իր գործը: «Լա Մաս» ընկերութեան հիմանդիրն էլ ներկայացրեց իրենց ընկերութիւնը, որն աջակցում է ցածր եկամուտ ունեցող համայնքներին ձեւաւորելու իրենց շրջակայ միջավայրը՝ դիզայնի եւ ճարտարապետութեան միջոցով:
Ձեռնարկին ներկայ բազմաթիւ կանայք առիթ ունեցան տարբեր հարցեր ուղղելու բանախօսներին, եւ ստանալու սպառիչ պատասխաններ:
«Գլենդել Թեք Օն Թեփ»ը խումբ է, որ ստեղծուել է Գլենդելի բարձր արհեստագիտութեան (տեխնոլոգիաների) համայնք ձեւաւորելու նպատակով: Ամէն ամիս անցկացուող տարաբնոյթ ձեռնարկներն առիթ են արհեստագիտութեան ոլորտի ներկայացուցիչների ու ձեռնարկատէրերի ազատ ու անկաշկանդ միջավայրում հանդիպման: Ձեռնարկներն անվճար են եւ բաց՝ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրուած են Գլենդելում գործող սթարթափներով՝ շարժապատկերներում, ժամանցի, երաժշտութեան, առողջապահութեան, ֆինանսական եւ այլ զարգացող տեխնոլոգիական ոլորտներում: