ԵՐԵՒԱՆ.- Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի մէջ Համահայկական 7րդ մարզախաղերը տեղի պիտի ունենան բարձրագոյն մակարդակով։ Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակին վրայ այս յայտարարութիւնը կատարեց Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան:
«Ես ներկայ եմ եղել փորձերին, համոզուել եմ ու վստահաբար կարող եմ ասել, որ կազմակերպիչները մեզ պարգեւելու են հաճելի, հետաքրքիր, տպաւորիչ, յիշարժան պահեր: Այդ ներկայացումը բաղկացած է նաեւ բեմականացուած հատուածից, որտեղ նկարագրւում է, թէ ովքեր են հայերը, ինչու համար են եկել այս աշխարհ եւ ինչ առաքելութեամբ: Այսօր ուզում եմ խօսել այդ առաքելութեան Արցախին ընկած բաժնեմասից: Մենք չենք թաքցրել, որ մեր մէջ կրում ենք մեծագոյն յարգանք մեր նախնիների նկատմամբ: Նրանք այս դարերի ընթացում մաքառել են, շրջանցել են բազում փորձութիւններ ու մեզ փոխանցել են սուրբ երկիր: Նրանք պատգամել են, որ այս երկրի գերագոյն արժէքը մարդն է ու մարդասիրութիւնը», ըսաւ նախագահը։
Անոր համաձայն՝ այս գիտակցութեամբ, այդ աշխարհընկալմամբ, տարիներ առաջ արցախցիները ոտքի կանգնեցան ու, ի լուր աշխարհին, յայտարարեցին, որ չեն հանդուրժեր, չեն համակերպիր ազգային արժանապատուութեան ոտնահարման:
«Առաջինն արձագանգել է Հայաստանն ու աշխարհասփիւռ հայութիւնը, ու այդ ժամանակուանից սկսած Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնն ընդունել ենք որպէս մտածելակերպ, կենսակերպ: Այդ նոյն եռամիասնութեամբ յաղթահարել ենք պատերազմի ընթացքում ստացած խորը վէրքերը, լուծել ենք ու լուծում ենք բազմաթիւ ծրագրեր: Այդ եռամիասնութեան շնորհիւ թեւակոխել ենք կայուն փուլ: Ասել ենք, որ հայ ժողովրդի ամենամեծ սխրագործութիւններից մէկը արցախեան շարժումն է: Այսօր՝ այստեղ, եւս յայտարարում եմ, որ Արցախը պատրաստ է իր բաժին առաքելութիւնը հաստատակամութեամբ կատարելու՝ ստեղծելու նախադրեալներ յաջորդ յաղթանակների համար: Ողջունելով Հայաստանի վարչապետին, մեր քոյրերին, եղբայրներին, ուզում եմ ասել, որ մեր ընտրած ուղին անշրջելի է: Մենք գնալու ենք մեր առաջադրանքների ու երազանքների յետեւից, հետեւողականօրէն աշխատանքներ ենք իրականացնելու Արցախի միջազգային ճանաչման համար՝ մօտենալով միացեալ հայրենիք ունենալու մեր երազանքին», ըսաւ Բակօ Սահակեան: