ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ
Բրիտանական BBC-ի հրապարակումից յետոյ, թէ Մարտի 1ի գործով քննութեանը կարծում է, որ 2008 թուականի մարտիմէկեան իրադարձութիւնների ժամանակ ցուցարարների ուղղութեամբ կրակ բացելու գործողութիւնը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամուէլ Կարապետեանը, «Արմլուր» լրատուական կայքը հրապարակել է գեներալի հարցաքննութեան արձանագրութիւնը:
Հարցաքննութեան ժամանակ գեներալը պատմել է, որ 2008ի Փետրուարի 23ին գեներալ-գնդապետ Մովսէս Յակոբեանի հետ մասնակցել է Ռոբերտ Քոչարեանի անցկացրած խորհրդակցութեանը, որից երկու ժամ յետոյ տեղեկացել է, որ Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից հաւաքական գումարտակ կազմելու եւ Երեւան ուղարկելու հրաման կայ: Ըստ Կարապետեանի՝ Երեւան է եկել մօտ 300 զինծառայող, նրանց թւում՝ նաեւ դիպուկահարներ:
Այդ թեմայի շուրջ «Կիրակնօրեայ վերլուծականում» Հրայր Թամրազեանը զրուցել է Ազգային ժողովի պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի յանձնաժողովի նախագահ, Մարտի 1ի գործով նախկին Փաստահաւաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարեանի հետ:
Ստորեւ՝ հատուած հարցազրոյցից.
ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐԵԱՆ.- Քն-նիչի հարցից երեւում է, որ իրենք ունեն նաեւ այլ տեղեկատուութիւն՝ կրակելու մասին, բայց Սամուէլ Կարապետեանը հերքում է իրենց կրակելու փաստը՝ ասելով, որ իրենք էդպիսի հրաման չեն ստացել: Բնականաբար, ինձ մօտ՝ որպէս նախկին Փաստահաւաք խմբի անդամ եւ Պաշտպանութեան եւ անվտանգութեան ներկայիս յանձնաժողովի նախագահ, հարց է առաջանում՝ իրենք ի՞նչ գործ ունէին այդ ժամանակ Հայաստանում: Սամուէլ Կարապետեանը երբ որ հրամանը ստանում էր Մովսէս Յակոբեանից, ինքը հարց չէր տալի՞ս, թէ «գնում ենք Երեւան՝ ի՞նչ անենք, դիպուկահարներին ինչի՞ ենք վերցնում, ինչո՞ւ են միայն սպայական կազմը, էդ ի՞նչ կառավարման նոր համակարգ մտցրեցին»՝ էն, ինչ որ անընդհատ Ռոբերտ Քոչարեանի պաշտպանական կողմը հերքում էր, որ Ռոբերտ Քոչարեանը ոչ մի կապ չունի էդ ամէնի հետ: Նոյն Սամուէլ Կարապետեանի ցուցմունքների մէջ յստակ երեւում է, որ Ռոբերտ Քոչարեանի անվտանգութեան պետն է մշտական կոնտակտ (կապ-Խմբ.) ունեցել Ղարաբաղից բերուած զինուորականութեան եւ նրա ղեկավարութեան հետ:
Էնտեղ, իհարկէ, ես հասկացայ, որ բազմաթիւ ճշդելու կամ արդէն ճշդուած փաստեր կան նախաքննական մարմնում, որը յետագայում, կարծում եմ, հէնց դատաքննութեան ընթացքում պէտք է ի յայտ գան: Դրա համար ես խորհուրդ եմ տալիս՝ եթէ Ռոբերտ Քոչարեանը ուզում է վերադառնալ քաղաքականութիւն, իր քաղաքականութիւն վերադառնալու լաւագոյն հարթակը էսօր դատարանում իր անմեղութիւնը ապացուցելը պէտք է լինի եւ հնարաւորութիւն տալ, որպէսզի դատաքննութիւնը օր առաջ սկսուի, եւ ոչ թէ խափանման միջոցի շուրջ ինքը եւ իր փաստաբանները անընդհատ տեղապտոյտի մէջ պահեն հասարակութեանը եւ մեր ամբողջ արդարադատութեան համակարգը:
Դեռ շատ սիւրպրիզներ (անակնկալներ-Խմբ.) են լինելու Մարտի 1ով, եւ ուզեն թէ չուզեն, Ռոբերտ Քոչարեանի փաստաբանները ինչքան էլ ասեն, որ հիմա նախաքննութիւնը աւարտուած է, եւ այդ նիւթերը չեն կարող դեր խաղալ մեղադրականի մէջ, նշանակում է՝ իրենք շատ լաւ հասկանում են, որ ինչ են արել եւ ինչից են վախենում եւ ինչպէս պէտք է էս նիւթերի դէմ ինչ-որ խոչընդոտներ ստեղծեն:
Իսկ եթէ իրենք քաղաքական պրոցեսի (գործընթացի-Խմբ.) մասին են խօսում, ճիշդ կ՛անեն, որ բոլոր նիւթերը առգրաւեն նախաքննական էս պրոցեսի մէջ, որպէսզի իրենք կարողանան հերքել դրանք: Դրանք մերժելով իրենք աւելի շատ են աւելացնում Ռոբերտ Քոչարեանի մեղադրանքի ծաւալների նկատմամբ կասկածամտութիւնը:
Ես գիտեմ, որ Սերժ Սարգսեանն էլ է բացատրութիւններ տուել որպէս վկայ, յետագայում դէպքերը ոնց կը զարգանան՝ դժուարանում եմ ասել, բայց եթէ էդ ամբողջ ծաւալով դրանք հաստատուեն, բնականաբար, Սերժ Սարգսեանը նոյնպէս չի խուսափի մեղադրանքից:
ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ.- Իսկ ձեր Փաստահաւաք խմբի հետաքննութեան արդիւնքը ինչպիսի՞ն է, այսինքն, ըստ ձեզ՝ երրորդ նախագահը որեւէ կերպ ներգրաւուած եղե՞լ է այդ գործողութիւններում, թէ՞՝ ոչ: Այսինքն՝ դուք ձեր հետաքննութեան արդիւնքում ի՞նչ էք պարզել՝ ինչ վերաբերում է թէ՛ երկրորդ նախագահին, թէ՛ երրորդ նախագահին:
ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐԵԱՆ.- Երրորդ նախագահը եղել է այդ ժամանակ հանրապետութեան վարչապետը, առանց որի գիտութեան ոչ Արցախից որեւէ մէկը կարող էր գալ Հայաստան, ոչ էլ տեղակայուել կառավարութեան տպարանի տարածքում՝ էդ պադուալը (գետնայարկը-Խմբ.) տպարանն է կառավարութեան, որտեղ չգիտես ինչի բոլորը իրենց կցուած սպառազինութեամբ եկել էին Երեւան, որպէսզի պաշտպանէին կարեւորագոյն օբյեկտները(կառոյցները-Խմբ.): Ոստիկանութեան ուժերը, Ազգային անվտանգութեան, Հայաստանում այլ ուժեր դա չէին կարողանում անէին՝ դիպուկահարների ներգրաւմամբ Արցախից ուժե՞ր էին բերել:
Ուզում եմ ասեմ, որ Սերժ Սարգսեանը տեղեկացուած է եղել ամբողջ ծաւալով՝ ես էդտեղ կասկած չունեմ, եւ Փաստահաւաք խումբը, թէ նաեւ կադրերը ֆիքսում են նաեւ օլիգարխների մեքենաների առկայութիւնը նոյն Կառավարութեան շէնքի տարածքում, կառավարութեան շէնքի մէջ. մենք այդ տեղեկատուութիւնը տնօրինել ենք, որ եղել են, պարզապէս այն ժամանակ Փաստահաւաք խումբը փաստեր էր հաւաքում, իսկ այսօր նախաքննական մարմինը քննութիւն է իրականացնում՝ տարբերութիւնը դրա մէջ է, եւ նախաքննական մարմինը ունի հսկայական ձեռքբերումներ: Ինչքան էլ փորձեն վարկաբեկել նախաքննական մարմնի աշխատանքը այն ուժերը, որոնք սարսափած են այս լիարժէք բացայայտումներից, այն կայքերը, որոնք սպասարկում են այս ամէնի դէմ, որոնք պէտք է պարզապէս շահագրգռուած լինէին Մարտի 1ի էջը փակելու առումով, այսինքն՝ ամբողջական բացայայտմամբ, որպէսզի էս խնդիրը մեր երկրում լուծուած եւ դրուէր մի կողմ՝ օր առաջ, բայց տեսնում էք՝ ինչպիսի կատաղի դիմադրութիւն է գնում, բայց դա որեւէ նշանակութիւն չունի, դիմադրութիւնը ի սկզբանէ պարտուած է, որովհետեւ Մարտի 1ի էջը փակելը մեր պետութեան եւ պետականութեան օրակարգային կարեւորագոյն հարցերից մէկն է: