
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- 25 Օգոստոսին, Գիւմրիի օրուան առիթով տեղի ունեցած «Գիւմրիի օր-2019« տօնական համերգին մասնակցեցաւ եւ ամբողջ օրը Գիւմրիի մէջ անցուց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան, որ իր խօսքին մէջ հաստատեց, թէ Գիւմրին այս տարի պիտի ըլլայ Հայաստանի անկախութեան տօնակատարութիւններու կեդրոնը, այսինքն՝ 21 Սեպտեմբերի գլխաւոր տօնակատարութիւնները տեղի պիտի ունենան Գիւմրի քաղաքին մէջ:
«Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրութիւնը հրաւիրել մի փաստի վրայ. այս տարի Գիւմրին լինելու է Հայաստանի անկախութեան օրուայ՝ Սեպտեմբերի 21ի տօնակատարութիւնների կենտրոնը, այսինքն՝ Սեպտեմբերի 21ի գլխաւոր տօնակատարութիւնները տեղի են ունենալու Գիւմրի քաղաքում:
«Այսպիսով, մենք նոր աւանդոյթի սկիզբ ենք դնում. այսպէս, ամէն տարի մենք Սեպտեմբերի 21ը՝ անկախութեան օրը, մարզից մարզ ենք տեղափոխելու, եւ դա սկսում ենք Գիւմրիից: Եւ էլի ուզում եմ հիմա մեծ հաճոյքով այսօրուանից՝ Օգոստոսի 25ից մինչեւ Սեպտեմբերի 21ը յայտարարել Գիւմրիի միամսեակ:

«Սիրելի՛ հայրենակիցներ՝ Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքներից եւ գիւղերից, Սփիւռքի բոլոր համայնքներից, ովքեր չեն եղել Գիւմրիում, ովքեր չեն տեսել Գիւմրին, կոչ եմ անում ձեզ՝ անպայման այցելել Գիւմրի, որովհետեւ ոչ մի հայ ինքն իրեն մինչեւ վերջ չի ճանաչի, քանի դեռ ինքը չի եղել Գիւմրիում: Մենք մեր ազգը, ինքներս մեզ ճանաչելու համար պէտք է տեսնենք Գիւմրին, իմանանք նրա ամէն բակը, ամէն տունը, ամէն պատը, ամէն շէնքը», ըսաւ վարչապետը:
Այս առիթով կազմակերպուեցաւ »Վարպետների քաղաք« խորագիրը կրող փառատօնը, որուն ծիրին մէջ կատարուեցան բացօթեայ զանազան ձեռնարկներ, տօնական համերգներ, ցուցադրութիւններ եւ ներկայացումներ, իսկ ամէնէն կարեւորը՝ ամբողջութեամբ նորոգուած «Շիրազի փողոց»ի վերաբացումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինեան իր կնոջ՝ Աննա Յակոբեանի եւ դուստրերուն հետ մասնակցեցաւ ձեռնարկներուն եւ բացումին Շիրազի փողոցին, որուն մուտքը երիզող կարմիր ժապաւէնը կտրեցին մեծանուն հայ բանաստեղծ Յովհաննէս Շիրազի թոռները:
Իր կարգին, Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեան հետեւեալ բաց նամակը յղեց Գիւմրիի օրուան առիթով. «Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գիւմրի՛, ես շարունակում եմ մտածել նախ եւ առաջ որպէս հայ, որպէս մարդ, ով լաւ գիտի, թէ ինչ է Գիւմրին, ով է գիւմրեցին: Այո՛, ինձ բախտ է վիճակուել այցելել աշխարհի շատ հին ու նոր քաղաքներ, որոնք բոլորն էլ ունեն իրենց հմայքն ու գրաւչութիւնը: Սակայն քո բացառիկ բնոյթն ու ոգու մաքրութիւնն են, որ էլի ու էլի կանչում են ինձ քեզ մօտ։ Սա է պատճառը, որ ես քեզ այցելող ցանկացած օտարերկրացու, ինչպէս նաեւ Հայաստանի, Արցախի ու Սփիւռքի մեր հայրենակիցներին ասում եմ՝ ինչպէ՞ս կարող են չսիրահարուել քեզ այնպէս, ինչպէս ես սիրահարուեցի»: