
ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Գլենդելի Հանրակրթական դպրոցների վերկակացու դոկտոր Վիվիէն Էկչեանի հետ ունեցած հարցազրոյցս Ասպարէզի անգլերէն բաժնում կը կարդաք: Երկու տարբերակ ունէի թերթի հայերէն բաժնի ընթերցողներին այն ներկայացնելու: Առաջինը բառացի թարգմանութիւնն էր, երկրորդը՝ յօդուածի ձեւաչափով այն ներկայացնելը: Նախընտրեցի երկրորդ տարբերակը:
Ամառային այդ շոգ օրը երբ ինքնաշարժս վարում էի հարազատ Գլենդելով, ակամայից յիշեցի, թէ ինչպէս աւելի քան 28 տարի առաջ հաստատուեցի Գլենդելում: Ինձ յուշեցին, որ ընդամէնը մի քանի քայլ հեռու էր գտնւում այն շէնքը, որտեղից ղեկավարում էին Գլենդելի հանրակրթական դպրոցները: Ինձ համար հետաքրքիր էր ամերիկեան դպրոց ոտք դնել, առաւել եւս ծանօթանալ համակարգը ղեկավարող մարմնի հետ: Երբ Ջեքսըն փողոցի շէնքի դռնից ներս մտայ, մուտքի մօտ կանգնած կինը անգլերէնով հարցրեց, «Ու՞ր էք գնում»: «Նոր եմ ժամանել Միացեալ նահամգներ, ուսուցիչ եմ եղել Հայաստանում, պարզապէս հետաքրքիր է կրթական համակարգին ծանօթանալը»: «Եթէ ժամադրութիւն չունէք, ներս մտնել չէ՛ք կարող», ոչ բարեացակամօրէն ասաց կինը: Շատ լաւ, մտածեցի, ու դուրս եկայ դռնից: Այն ժամանակ յատուկենտ հայեր էին աշխատում դպրոցական համակարգում:
Անցել են տասնամեակներ, ու այսօր բազմաթիւ հայ ուսուցիչներ, փոխտնօրէններ, տնօրէններ ու բարձրաստիճան պաշտօնեաներ են աշխատում Գլենդելի դպրոցներում, իսկ համակարգի ամենաբարձրաստիճան պաշտօնեան էլ հէնց դոկտոր Էկչեանն է: Տարիներ առաջ պատահաբար ծանօթացայ նրա ընտանիքի անդամների հետ: Ամենատպաւորիչը իր մայրիկի ու հայրիկի հետ հանդիպումն էր: Ժպտերես մայրը բարեացակամօրէն ողջունեց ինձ, իսկ հայրը՝ բարձրահասակ առնական մի տղամարդ, դարձեալ բարի ժպիտով ձեռքս իր ափի մէջ առաւ: Աչքերը խորաթափանց էին: Ու հայրենիքից դուրս ապրող երկու տարբեր սերունդների ներկայացուցիչների մէջ լուռ երկխօսութիւն ընթացաւ, երբ ամուր սեղմեց ձեռքս: Ջերմութիւն զգացի, որ չեմ կարող բառերով բացատրել… Ներս մտայ ընդունարան: Դոկտոր Էկչեանին ծանօթ եմ աւելի քան երկու տասնամեակ ի վեր, երբ Լոս Անջելեսի կրթական համակարգի պաշտօնեայ էր: Առաջին անգամ մի կարճ հարցազրոյց եմ ունեցել իր հետ, երբ դուրս էր գալիս Բըրմինգեմ դպրոցի մի միջոցառումից յետոյ: Դոկտոր Էկչեանի հետ ունեցած այս վերջին հարցազրոյցս տեւեց մօտ մէկ ժամ:
Հիմնականում քննարկում էինք առկայ խնդիրների ու դրանց լուծման ճանապարհները, ինչպէս նաեւ իր տեսլականը՝ աշակերտների կրթական հորիզոնները ընդլայնելու առիթով: Իմ տպաւորութիւնը, թէ հայ ծնողները կարող են աւելի ընդգրկուած լինել իրենց զաւակների կրթական առօրեայում, տիկին Էկչեանի կարծիքով այնքան էլ ճշգրիտ չէր:
«Իմ ունեցած հանդիպումների ընթացքում բազմաթիւ հայ ծնողների եմ հանդիպել, ովքեր քաջ տեղեկացուած են, ու պատրաստ են գործունեայ մասնակցութիւն ցուցաբերել երեխաների կրթութեան առումով», ասաց դոկտոր Էկչեանը: Իր կարծիքով, պէտք է խթան տալ Ծրագրային ուսուցմանը (Project Based Learning), քանի որ այն առաւել իմաստաւորուած է ու համակարգային գիտելիքներ է փոխանցում աշակերտներին:
Դոկտոր Էկչեանի նախաձեռնութեամբ բարձր տարիքի աշակերտները զուգահեռաբար հնարաւորութիւն կ՛ունենան քոլեջի նախնական տիտղոսը վաստակել դպրոցի բարձր դասարաններում սովորելու տարիներին: Հուվըր դպրոցի 60 աշակերտներ ընդգրկուած են այդ ծրագրում, եւ նպատակ կայ ընդլայնել այն, տրամադրելի դարձնելով բոլոր աշակերտների համար: «Ես անընդհատ շփւում եմ համայնքների հետ, խրախուսում նրանց մասնակցութիւնը դպրոցական կեանքին, ոչ միայն իրենց զաւակների կրթութեան առումով, այլ ցանկանում եմ որ աւելի խոշոր նախաձեռնութիւններ կազմակերպելու ընթացքում նրանց ձայնը լսելի դառնայ«, շարունակեց դոկտոր Էկչեանը, «Միաժամանակ ուզում եմ լսել աշակերտների մօտեցումները, թէ ի՞նչ եւ ինչպէ՞ս կ՛ուզենան սովորել, ինչպէ՞ս կ՛ուզենան տեսնել առարկաների դասաւանդումը»:
Դոկտոր Էկչեանի կարծիքով, համացանցը չի կարողանայ փոխարինել ուսուցչին: Հեռահար ուսուցանումը լաւ գործիք է ուսուցչի զինանոցում, որպէսզի աւելի մատչելի, հետաքրքիր ու հասանելի դարձնի դասաւանդումը, բայց դպրոցը իր էութեամբ անփոխարինելի է դեռահասի համար: Տարրական ու բարձր տարիքի ուսուցումը դոկտոր Էկչեանը ստացել է Գերմանիայում: Այնտեղ հիմնականում կենտրոնանում էին առարկայի դասաւանդման ակադեմիական հատուածի վրայ, եւ այն ժամանակ աշակերտների կենսական կամ հոգեբանական կարիքները ուշադրութեան առարկայ չէին, ըստ Վիվիէն Էկչեանի:
Միացեալ Նահանգներում շատ աւելի մեծ ուշադրութեան առարկայ է Ամբողջական Երեխայ (Whole Child) կրթական փիլիսոփայութիւնը, որտեղ ակադեմիական ուսուցման հետ մէկտեղ մեծ ուշադրութիւն են դարձնում աշակերտի հոգեբանութեան, նրա ամրացման վրայ:
«Գուցէ եւ հիմա Եւրոպայում տարբեր է, վստահ եմ հիմա շատ աւելի մեծ ուշադրութիւն կը դարձնեն ա՛յդ հատուածին եւս», ասում է դոկտոր Էկչեանը: Վաղ երիտասարդութեան տարիքում նա աշխատանքի է ընդունուել հանրակրթական դպրոցում, որպէս ուսուցչուհի:
Բարձրացել է կրթական համակարգի գրեթէ բոլոր պաշտօններով ու հասել հնարաւոր ամենաբարձր պաշտօններից մէկին՝ իր հետեւողական աշխատանքի ու բացառիկ խելքի արդիւնքում: Հարցազրոյցի ընթացքում անկախ ինձնից մտածում էի, թէ որքան ընդգրկուն, չափուած, խելացի ու հաւասարակշիռ դիւանագիտական ձիրք ունի այս հայ կինը, եւ ինչպիսի երեւելի բարձրունքների կարող էր հասնել, եթէ իր ուսումնասիրութեան առարկայ ընտրեր միջազգային դիւանագիտութիւնը: Դոկտոր Էկչեանի տեսլականը ընդգրկում է բոլո՛ր աշակերտներին նախապատրաստել ժամանակակից կեանքի մարտահրաւէրներին՝ անկախ նրանց ազգային կամ ռասսայական (ցեղային-Խմբ.) պատկանելութիւնից: Գլենդելի բնակիչները երջանիկ պիտի զգան իրենց, նման հեռատես առաջնորդ ունենալու առիթով: Վստահ եմ, որ Վիվիէն Էկչեանի գործունէութիւնը չի սահմանափակուի միայն կրթական բնագաւառով: Նրա առարկայական ներդրումը համայնքային ու քաղաքային գործունէութեան ասպարէզներում նոյնպէս կարող է չափազանց կարեւոր ու որակական նոր արժէքների յանգեցնել: