ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Գլենդելի սրտում գտնուող «Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան» Հայ երիտասարդական կենտրոնը դարձել է համայնքի կենսատու այն կառոյցը, որը մեծ պատասխանատուութեամբ տասը տարի է իրականացնում է հայապահպանման ու հայակերտման պատուաւոր առաքելութիւնը:

Ազգային ինքնութեան ստնտու հանդիսացող կենտրոնում գործող կրթական, մշակութային, հասարակական, մարզական կազմակերպութիւնների ու խմբակների միջոցով հայ պատանիներն ու երիտասարդները իւրովի են ծանօթանում իրենց արմատներին ու ամբողջական հայեցի գիտելիքներ ստանում: Ճարտարապետական ժամանակակից լուծումներով կառոյցը նաեւ մտաւորականների, հասարակական ու քաղաքական գործիչների համար իւրատեսակ հաւաքատեղի է ու ժամանցի վայր:
Հայ երիտասարդական կենտրոնն ու յարակից Սուրբ Աստուածածին եկեղեցին միասին, հայկական հոգեւոր-մշակութային բացառիկ համալիր են՝ սփիւռքահայերի խոշոր մայրաքաղաքներից մէկում ներկայացնելով հայոց շունչն ու ոգին:

«2000ական թուականների սկզբից Գլենդելում հաստատուն կերպով աճում էր հայ բնակչութեան թիւը, եւ մեր ազգային արժէքները պահպանող ու ներկայացնող կենտրոն ունենալը դարձել էր անհրաժեշտութիւն: Ունէինք ակումբներ, սակայն հաւաքական ծառայութիւններ մատուցող ու արդիական յարմարութիւններով կառոյց չկար: Արդիւնքում, որոշուեց ստեղծել մի վայր, որը կը դառնար կենտրոն ոչ միայն ՀՅԴի եւ քոյր կազմակերպութիւնների, այլեւ՝ ողջ գլենդելահայութեան համար», նշում է Հայ երիտասարդական կենտրոնի համակարգող, ՀՅԴ «Ահարոնեան» կոմիտէէն Վահան Պզտիկեանը:
Նա յիշում է, որ կենտրոնի հիմնադրման աշխատանքները սկսուեցին 2004 թուականից, 2007 թուականին տրուեց շինարարութեան մեկնարկը, եւ տասը տարի առաջ տեղի ունեցաւ բացումը, որի կառուցումը հնարաւոր դարձաւ բազմաթիւ բարերարների, քաղաքապետարանի եւ գլխաւոր նուիրատու դոկտոր Ալպէր Գարամանուկեանի միացալ ներդրման շնորհիւ ու անուանակոչուեց »Գրիգոր եւ Մարիամ Քարամանուկեան» Հայ երիտասարդական կենտրոն:
Վահան Պզտիկեանի կարծիքով, հայակերտման եւ մարդակերտման գլխաւոր դարբնոցները՝ դպրոցը, եկեղեցին եւ ակումբն են, որոնք ամբողջացնում են ընտանեկան դաստիարակութիւնը. «Հայ երիտասարդական կենտրոնն այսօր իւրատեսակ հայկական ակումբ է, որի ներսում հայոց պատմութիւնը, մշակոյթը, աւանդոյթները, տեսլականը, մեր երազանքներն արտայայտւում են իւրաքանչիւր երգի, պարի, ասմունքի, ժողովի եւ աշխատանքի մէջ: Այն միջավայր է, որտեղ այցելողները ստանում են պատկանելիութեան զգացում՝ իրենց ընտանիքից աւելի ընդարձակ հաւաքականութեան, որ նոյն արժէքներն է մատուցում, եւ իրենց աւելի հզօր են զգում»:

Հայ երիտասարդական կենտրոնում զգացւում է հայի ստեղծագործ շունչն ու կամքը. սրահներն ինքնին խօսուն են՝ յագեցած հայ մշակոյթի ու պատմութեան, մեր հերոսների մասին համապարփակ տեղեկատուութեամբ: Կենտրոնում են տեղակայուած հայ քաղաքական եւ հասարակական շահերի եւ հայութեան իրաւունքների պաշտպանութեան գործին լծուած կազմակերպութիւնների գրասենեակներ՝ ՀՅԴ »Ահարոնեան« կոմիտէութեան, Գլենդելի Հայ Դատի յանձնախմբի, Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան «Ռուբէն» ու «Զաւարեան» եւ «Շանթ» Պատանեկան միութիւնների գրասենեակները, ՀՕՄի «Սիփան» մասնաճիւղը: Հայ մանուկի ու պատանու հայեցի կրթութեան ջատագով՝ ՀՕՄի շաբաթօրեայ եւ Սուրբ Աստուածածին եկեղեցու կիրակնօրեայ վարժարանները, Համազգայինի «Յովհաննէս Թումանեան» մասնաճիւղը, «Նոր Ջուղայի բարեկամներ» մշակութային ընկերակցութիւնը: Միաժամանակ, կենտրոնի որոշ սրահներ տրւում են տարբեր կազմակերպութիւնների՝ ժողովների կամ տարբեր ձեռնարկների անցկացման համար, ինչպէս օրինակ՝ Կալիֆորնիայի հայ գրողների միութեանը, հայ համալսարանականների միութեանը, խնամակալների արհմիութեանը, արուեստագէտների, կազմակերպուել են ցուցահանդէսներ: Հայ երիտասարդական կենտրոնում ամէն շաբաթ գործում են պարի եւ կարատէի խմբակներ:
Կենտրոնի առաջին եւ երկրորդ յարկերում կան յարմարաւէտ աշխատանքային տարածքներ, որոնց մուտքն ազատ է ցանկացողների համար: Կենտրոնում կան գրադարաններ, որտեղ կարելի է գտնել հայ եւ օտարալեզու գրողների գրքեր՝ հայերէնով: Երկրորդ յարկում կայ համակարգչային սրահ, որտեղ տեղադրուած համակարգիչներից կարող է օգտուել իւրաքանչիւր այցելու: Կառոյցի առաջին յարկում տեղեկատու հատուածը ներկայացնում է քաղաքում նախատեսուող բազմապիսի ձեռնարկների մասին տեղեկատուութիւն:
Հայ երիտասարդական կենտրոնում գործում է նաեւ ճաշարան-սրճարան, որտեղ կարելի է համտեսել համեղ ուտեստներ, քաղցրաւենիքներ եւ սուրճ, ծանօթանալ օրուայ լրատուութեանը, հանդիպել եւ զրուցել համայնքի մտաւորականների ու գործիչների հետ, միաժամանակ՝ գտնել շախմատի, բիլիարդի ու նարդու խաղընկերներ: Շարունակական ջանքերով զարգացող կենտրոնն առողջ միջավայր է հայ երիտասարդների համար, եւ ժամանցի գողտրիկ վայր՝ բնակիչների համար:
«Ասպարէզ» օրաթերթի յաջորդ համարներում կ՛անդրադառնանք Հայ երիտասարդական կենտրոնում գործող կազմակերպութիւններին եւ պարբերաբար կը լուսաբանենք նրանց աշխատանքները: