ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Մեր ժողովրդի զոյգ հանճարներ՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց՝ Կոմիտասի եւ ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի այս տարուայ զոյգ յոբելեանների համաժողովրդական, համազգային՝ աւելի կամ պակաս յաջող միջոցառումների պատճառով, ցաւալիօրէն հայրենիքի եւ Սփիւռքի պատկան մարմինների կողմից անուշադրութեան մատնուեց ամենայն հայոց բանաստեղծուհի (հաւատացէք՝ չափազանցութիւն չէ) Սիլվա Կապուտիկեանի 100ամեայ յոբելեանը:
Իսկապէս լաւ է, որ մեզ հետ չէ այսօր տաղանդաւոր բանաստեղծն ու արձակագիրը, որպէսզի տեսնի, թէ ինչպէ՛ս են աղաւաղում մեր լեզուն, հայոց լեզուն, եւ դեռ հայրենի իշխանութիւնները ցանկանում են հայերէնի ուսուցումը նուազեցնել եւ կամ էլ հանել բարձրագոյն կրթութեան համակարգից: «Լեզուի մասին օրէնք» են մշակում նրանք, որոնք կարգին գրական հայերէնով խօսել ու գրել չգիտեն: Իրականում՝ ո՞րտեղից իմանան խեղճերը, երբ հիմնականում հասակ են առել այս վերջին դժնդակ 30 տարիների ընթացքում:
Ահա թէ ըստ առակագիր Եզնիկ Բալիկի, ի՞նչ «հայերէն» բառեր են գործածում Հայաստանի խորհրդարանում՝ կոնկրետ, մինիմալ, ֆինանսական, կոռումպացուած, օբյէկտներ, էֆեկտիւ, ֆիքսել, ակտիւացնել, էմոցիոնալ, ասպեկտ, մեսեջ, անիմացիա, նեգատիւ, էկոնոմիկա, ադապտացնել, սիտուացիա, պոզիտիւ եւ այսպիսի՝ հիմնականում ռուսերէնից, անգլօ-ֆրանսերէնից փոխառնուած բառեր:
Էս ի՞նչ է, սովետական կարգերի՞ն ենք մօտենում: Այդ մեր ժամանակ էր, որ բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում հայերէնի, հայոց լեզուի եւ հայ ժողովրդի պատմութեան ժամեր չկային:
Այս օրերին, հայ լեզուի հետ կապուած այս քաշքշուկների, վլվլոցների եւ անձնական հոգեկան ապրումների արդիւնքում ծնուեց այս յօդուածը, ու միտքս եկաւ չքնաղ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանի Աղօթք-պատգամը՝ որպէս հիմն ուղղուած մայր լեզուին՝ «Քո մայր լեզուն չմոռանաս…»։
Ուստի, թող իմ այս յօդուածը աւելի քան յարգանքի տուրք լինի նրա պայծառ յիշատակին ու յիշեցնի մարդկանց, աւելի ճիշդ Հայաստանի պատկան մարմիններին, որ մեր մաքուր, անարատ գրական լեզուն է ամուր պատուարը մեր հայրենիքի գոյութեան: Մշտապէս պէտք է յիշել մեծերի կողմից Աստծոյ թելադրանքով արուած կոչը՝ «Չկա՜յ մայրենի լեզու, չկա՜յ հայրենիք…»:
Սկզբից ասեմ, որ այս գրութիւնը աղերս չունի գրականագիտական յօդուած համարուելու: Այն մի հակիրճ ակնարկ է բանաստեղծուհու եւ արձակագրի գրական մտածողութեան, անմեկնելի վառ հայրենասիրութեան մասին: Այս յօդուածը (ներկայիս՝ կրճատուած տեսքով) ժամանակին, 2007 թուականին իմ կողմից ընթերցուել է Սիդնէյում, տեղի Համազգայինի մի խումբ երիտասարդների կողմից կազմակերպուած երեկոյի ընթացքին, ուր յաւուր պատշաճի ոգեկոչուել է Սիլվա Կապուտիկեանի մահուան միամեայ տարելիցը:
Բանաստեղծուհի, արձակագիր, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկեանը գրիչ-խարազանն ի ձեռին մշտապէս անվախօրէն պայքարեց իրեն ծնող ժողովրդի արդար պահանջներն արհամարող թէ՛ իշխանական եւ թէ իշխանութիւններին գերի եղող ուժերի դէմ:
Յիշեցէք խնդրեմ 2004ի Ապրիլեան դէպքերը Երեւանի Բարեկամութեան պողոտայի վրայ, երբ իշխանական բռնի ուժերը ցրեցին խաղաղ ցոյցի մասնակիցներին: Այդ միջադէպի առնչութեամբ որպէս բողոքի նշան, անուանի բանաստեղծուհին ետ վերադարձրեց իրեն շնորհուած «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:
Այստեղ կարող է հարց ծագել՝ ո՞ւր էր Սիլվա Կապուտիկեանը խորհրդային կարգերի օրոք, երբ հալածւում էր ազատ մտածողութիւնն ու ազատ խօսքը, առաւել եւս՝ ազատ մամուլն ու ազատօրէն գործելու, արարելու, ստեղծելու ամէն մի փորձ:
Փորձէք կրկին ընթերցել գրողի գրականութիւնը եւ, հազիւ թէ դժուար լինի հաստատել մի պարզ հանգամանք, որ է՝ այո՛, Կապուտիկեանը, ինչպէս շատ տեղին նկատել է դոկտոր Գառնիկ Գալստեանը՝ «Հաւասարապէս նուագում էր երկու լարի վրայ՝ ազգային-հայրենասիրական ու համայնավարական-միջազգայնական»:
Առերեւոյթ՝ կարող է թուալ, թէ Կապուտիկեանը կեղծում էր ինքն իրեն, սակայն՝ բնաւ երբէք. նա հաւատում էր, որ գրականութեամբ, մշակոյթով հնարաւոր է համերաշխ գործունէութիւն ծաւալել երկու կառոյցներում էլ: Բնատուր տաղանդի շնորհիւ նա կարողանում էր ճիշդ գնահատել իրավիճակը եւ վարպետօրէն նոր ու համահունչ միջոցներով ագուցել այդ կառոյցները:
Ժամանակին, խորհրդային տարիներին, քիչ չէին Կապուտիկեանի նման այն մտաւորականները, մշակոյթի եւ գիտութեան գործիչները, որոնք գրաքննութեան խիստ պայմաններում անգամ կարողանում էին մեծագոյն արժէքներ երեւան հանել խորհրդային մամլիչի անիւների տակից:
Խորհրդային օրերին չէ՞ր, որ Պարոյր Սեւակը երկնեց «Մարդը Ափի Մէջ», «Եղիցի Լոյս», «Եռագոյն Պատարագ» եւ «Անլռելի Զանգակատուն» հանճարեղ պոեմները:
20րդ դարի, իմ որակումով Խրիմեան Հայրիկ՝ Վազգէն վեհափառը, նորոգութեան անուան տակ, 35 տարիների ընթացքում կառուցեց եկեղեցիներ, վերաբացեց անգործութեան մատնուած բազմաթիւ եկեղեցիներ եւ մատուռներ: Օգտուելով իր՝ մարդկային եւ անձնական հմայքից, «լեզու գտնելով» իշխանութիւնների հետ, նա կարողացաւ Սփիւռքի մեծահարուստ հայերից դրամ հայթայթել Հայ եկեղեցու յաւերժութիւնը ապահովելու համար:
Այնպէս որ, եթէ Սիլվա Կապուտիկեանը «նուագում» էլ էր երկու լարի վրայ, դա անում էր միայն ու միայն մեր ժողովրդի շահերից ելնելով:
Այնուհանդերձ, հիմնական լարը՝ բասը, որ իր ժողովրդի հոգսերն ու արժէքներն էր մարմնաւորում, աւելի հնչեղ էր ու կայուն, հաստատուն ու անբեկ… Իսկ միւսը՝ բարակ լարը հնչեղ չէր, դժգոյն էր ու անսիրտ…
Խորհրդային կարգերին բարձրաձայն հակադրուելու պէտք չունէր Կապուտիկեանը, նա շատ լաւ գիտեր՝ «Կաթից վառուողը մածունն էլ է փչելով ուտում»: Նա գտել էր միջին ճամբայ՝ առանց նեղացնելու մէկին կամ միւսին: Ազգայինը դարձնելով հիմնական գիծ, իր գրականութեան մէջ հիմնականում կեանքի էր կոչում արտաքուստ անմեղ թուացող թեմաներ. հայրենիք, սէր, բնութիւն, մայր, երեխայ, քաղաքամայր Երեւան:
Առերեւոյթ, Սիլվա Կապուտիկեանը խոշոր, ընդհանրացնող թեմաներ արծարծող բանաստեղծուհի չէ: Այսինքն՝ գրում է կարծես հանպատրաստի, պահի, դէպքի անմիջական ազդեցութեան տակ: Մասամբ ընդունելով հանդերձ, նման բնորոշումը նրա քերթողութեան գնահատման առումով, չենք կարող չհաստատել, որ Կապուտիկեանը առաջին հայեացքից անմեղ թուացող թեմաների շնորհիւ խոշոր, համամարդկային ընդհանրացումներ էր անում: Ահա նման գլուխգործոցներից մէկը՝ «Խօսք իմ որդուն» բանաստեղծութեան վերջին երկու տողը.
Թէ մօ՜րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մայր լեզուն չմոռանաս…
Որդուն ուղղուած նման մի պատգամ, ընդամէնը երկու տողի մէջ, որպէս հայրենասիրութեան, հայասիրութեան փառայեղ դիմում ու հրամայական, անթեւ թռչնիկի պէս երեկ, այսօր, վաղը եւ յաւերժ պիտի անպայմանօրէն բուն դնի իւրաքանչիւր հայորդու հոգում՝ ո՛ւր էլ որ նա ապրելիս լինի:
Սիլվա Կապուտիկեանի հայերգութեան մէջ ներառնուած են Հայաստանն ու նրա գիւղերը, բնութիւնը՝ մարդկանցով, եւ, մանաւանդ Երեւանը՝ իր խենթուխելառ բնաւորութեամբ, անմիջական, մտերմիկ մարդկանցով լի փողոցներով ու հրապարակներով: Եւ այդ ամէնի մէջ, իր ողջ կեանքում մեր մայրաքաղաքին սիրահարուած բանաստեղծուհին:
Անձնական սիրոյ հանդէպ կարծես անտարբեր բանաստեղծուհին ահա թէ ինչ նոր գոյնով, նորովի ընկալումով է բարձրացնում մարդկային այդ անմեռ զգացումը.
Ո՜ւր էլ գնաս, ես քեզ հետ եմ, ես կը գամ
Ո՛չ, չե՜ս կարող, ինձ չե՜ս կարող մոռանալ:
Դժուար չէ հասկանալ, որ բանաստեղծուհու սէրը հիմնականում անպատասխան սէր է: Որքան էլ մերժուած, նա պարտաւոր է յորդոր, պատգամ թողնել մարդկանց.
Է՜հ, ի՞նչ արած, բախտը խռով
Թող աշխարհում մեզ չյիշի,
Միայն ապրենք մենք սիրելով՝
Թէկուզ ես՝ քեզ, դու՝ ուրիշի…
Անշուշտ, միայն «Մասիսացաւով» տառապող Շիրազը հազիւ թէ երիտասարդ տարիքում կարողանար հասկանալ, թէ ինչպէս իր համար կեանքի ընկեր ընտրած Սիլվա Կապուտիկեանը ի զօրու է բանաստեղծութեան Մասիսը ելնել ու այնտեղից, Վանից մինչեւ Երեւան գովերգել հայ մարդուն, հա՛յ գիրը, հա՛յ լեզուն, հա՛յ քնարերգութիւնն ու այդ ամէնը ամբողջացնող Մայր Հայաստանը:
Ժամանակին, Աստծոյ բարի թէ չար կամոք համատեղ կեանքը չստացուեց նրանց մօտ: Գուցէ բարին դա էր, որովհետեւ հակառակը լինելու պարագային, հազիւ թէ մենք ունենայինք կողք-կողքի երկու յանճարեղ բանաստեղծներ:
Սիլվա Կապուտիկեանի արձակ գործերի մէջ առանձնանում են ճանապարհորդութիւնների ընթացքում գրի առած այն գործերը, որոնցում արծարծւում են սփիւռքահայ մարդու հոգսերն ու հայրենի երկրի կարօտից օրէօր հիւծուող, բզկտուող հոգին:
Դժբախտաբար, նոյնիսկ այս անկախութեան տարիներին անգամ դեռ «Քարաւանները քայլում են», սակայն, ուզում ենք հաւատալ, որ քարաւաններն այս անգամ կը քայլեն յետադարձ քայլով՝ հանգրուանելու համար Արարատի փէշերին, ուր նրանք կը հիւսեն իրենց նոր բոյնը:
Դո՛ւ, իմ ժողովուրդ, դու ապրե՜լ ես, կա՜ս,
Այսպէ՛ս՝ ապրելով…
Սեւակեան շնչով գրուած այս երկու տողը բաւարար է Սիլվա Կապուտիկեանի անմեկնելի հայրենասիրութեան բնորոշման համար: