«2020ին Կառավարութիւնը Նպատակադրել Է Հասնել 4.9 Տոկոս Տնտեսական Աճի, Ինչը Յեղափոխական Ցուցանիշ Չէ, Եւ Դրա Միջոցով Հնարաւոր Չէ Լուծել Կուտակուած Խնդիրները»
Վարեց՝ ԱՄԱԼԵԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ
2020 թուականի պետական բիւջէի, այդ բիւջէով ռազմական ծախսերի կրճատման, տնտեսական յեղափոխութեան տեսանելիութեան, դրա համար տարուող կառավարութեան քայլերի եւ մի շարք այլ հարցերի մասին «Թերթ»ը զրուցել է տնտեսագէտ Սուրէն Պարսեանի հետ:
ԱՄԱԼԵԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Դեռեւս Փետրուարի 12ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, որ տնտեսական յեղափոխութիւնն իրենք պատրաստւում են իրականացնել այն նոյն գործիքակազմով, ինչով հնարաւոր եղաւ իրականացնել քաղաքական յեղափոխութիւնը: Արդեօք քաղաքական եւ տնտեսական յեղափոխութիւնը հնարաւո՞ր է իրականացնել նոյն եղանակով, եւ արդեօք հիմա տեսանելի՞ է տնտեսական յեղափոխութիւնը կամ անհրաժեշտ քայլեր արւո՞ւմ են դրա համար:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Տնտեսական յեղափոխութիւնը սկսուեց եւ աւարտուեց այդ յայտարարութեամբ. տնտեսական քաղաքականութեան արմատական բարեփոխումներ տեղի չեն ունեցել, նոյնիսկ չի նախանշուել: Այս կառավարութիւնը շարունակում է նախորդ կառավարութիւնների ծայրայեղ նէոլիբերալ տնտեսական քաղաքականութիւնը, ինչի արդիւնքում հարուստները աւելի են հարստանում, աղքատները՝ աւելի աղքատանում: Մեր պաշտօնեաների կարծիքով՝ հարուստները պէտք է աւելի հարստանան, որ պահեն բոլորին, նման կերպ որեւէ երկիր չի զարգացել, մերն էլ բացառութիւն չի լինի: Վերջին մէկ տարուայ ընթացքում հապշտապ, առանց խոր մասնագիտական քննարկումների Ազգային ժողով բերուեց եւ անցկացուեց եկամտային հարկի համահարթեցման եւ շահութահարկի տոկոսադրոյքի իջեցման հարկային օրէնսդրութեան փաթեթը, ինչի արդիւնքում հարկման բեռը հարուստներից տեղափոխուեց ամբողջ հասարակութեան վրայ: Եւ երբ 2020 թուականի Յունուարի 1ից ուժի մէջ կը մտնի այս հարկային մոդելը, մեր երկրում եկամուտների անհաւասարաչափ բաշխուածութիւնն աւելի կը խորանայ: Այս եւ նախորդ կառավարութիւնները սիրում էին նշել, որ պէտք է ապահովել ներառական աճ, զարգացում: Ներառական աճը բաղկացած է տնտեսական, սոցիալական, բնապահպանական եւ այլ բաղադրիչների աճերից. արդեօք մենք կարողանում ենք ապահովել նման զարգացում, միանշանակ է, որ ոչ:
ԱՄԱԼԵԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Ինչպիսի՞ն կը գնահատէք 2020 թուականի պետական բիւջէի նախագիծը, եւ արդեօք դրանով հնարաւո՞ր է ապահովել տնտեսական զարգացում:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Իւրաքանչիւր երկրի համար պետական բիւջէն տալիս է երկրի զարգացման տեմպը, եւ ուղղութիւնը նախանշող ֆինանսատնտեսական հիմնական փաստաթուղթն է, եւ այստեղ է, որ պէտք է պետութիւնը նկարագրի իր տնտեսական տեսլականը եւ դրան հասնելուն ուղղուած քայլերը: Գործող իշխանութիւնները նախընտրական շրջանում եւ դրանից առաջ մեծ, ճոխ խոստումներ էին տուել, ինչը հասարակութեան մէջ մեծ սպասումներ է առաջացրել, որոնց չբաւարարելը կարող է յանգեցնել հիասթափութեան ինչպէս անհատների, այնպէս էլ բիզնեսի մօտ: Չնայած որ այս իշխանութիւնները խոստացել էին, որ մէկ տարուայ ընթացքում ստուերի կրճատման հաշուին հնարաւոր է պետական բիւջէն աւելացնել 30 տոկոսով, առաջարկուող բիւջէի նախագծում ծախսային մասը աճել է 14.1 տոկոս, ինչը, անշուշտ, ողջունելի է:
Անհասկանալի եւ անընդունելի է, որ 2020 թուականի ընթացքում այս կառավարութիւնը նպատակադրել է հասնել 4.9 տոկոս տնտեսական աճին, ինչը յեղափոխական ցուցանիշ չէ, եւ ոչ էլ դրա միջոցով հնարաւոր է լուծել կուտակուած սոցիալ-տնտեսական խնդիրները: Ստեփանակերտում վարչապետը յայտարարել էր, որ 2050 թուականին մեր երկրի ՀՆԱն պէտք է աճի 15 անգամ, այս ցուցանիշին հասնելու համար տարեկան նուազագոյնը 9.5 տոկոս տնտեսական աճ պէտք է ապահովել, ըստ էութեան՝ տնտեսական պլանաւորումը եւ կանխատեսումը, մեղմ ասած, յուսադրող չէ: Միանշանակ է, որ պէտք է դրական գնահատել, որ 2020 թուականի պետական բիւջէի նախագծում շուրջ 82 տոկոսով աւելացուել են տնտեսական յարաբերութիւններին ուղղուող գումարները, սակայն անհասկանալի է, թէ ինչու է վերցուել 2019 թուականի պետական բիւջէի տնտեսական աճի 4.9 տոկոսը: Այսինքն՝ շատ գումարներ ծախսելով ունենալու ենք նոյն տնտեսական աճը, զարգացումը: 10 տոկոսով սոցիալական ծախսերի աճը կարեւոր է, սակայն ոչ բաւարար՝ հիմնական խնդիրը աղքատութիւնը կրճատելու եւ մարդկանց բարեկեցութիւնը աւելացնելու համար:
Այս իշխանութիւնները, կարծես թէ մոռացել են պարտադիր կուտակային համակարգի բարելաւման իրենց խոստումները, եւ 2020 թուականի ընթացքում եւս պետական բիւջէի այս գումարները հոսելու են մասնաւոր ֆոնդերի կառավարիչների գրպանը: Մի յատկանշական փաստ եւս, պետական համակարգի արդիւնաւէտութեանը լոկ ծախսերի նուազման միջոցով չպէտք է հասնել, հանրութեանն առաջին հերթին հետաքրքրում է արդիւնքի աճը, այսինքն՝ պէտք է զգալի, տեսանելի կեանքի որակի փոփոխութիւն գրանցել, կրթական եւ առողջապահական ծառայութիւնների արդիւնաւէտութիւնը գնահատել նրանց ձեռքբերումներով, ոչ թէ ծախսերը կրճատելով, խնայողութիւններով:
Այսպիսով, կառավարութեան հիմնական խնդիրներն են՝ նոր տնտեսական մոդելի տեսլականի բացակայութիւնը, կառավարման արդիւնաւէտ աճը, լիազօրութիւնների եւ պատասխանատուութեան ապակենտրոնացումը եւ վերահսկողութեան ապահովումը, ինչը թոյլ կը տայ երկարաժամկէտ եւ ներառական զարգացում ապահովել: 2019 թուականի տնտեսական աճի ապահովման գործում մեծ ազդեցութիւն ունեն առեւտրի եւ ծառայութիւնների ոլորտները, որոնք հիմնական ստուերի կրճատման հաշուին գրանցել են աճ կամ պարտադիր կուտակային ամբողջ ծաւալով ներդրման հաշուին: Այլ կերպ ասած՝ մեր բնակչութեան կենսամակարդակը կամ գնողունակութիւնը չի աւելացել վերջին ժամանակաշրջանում, աւելին՝ նուազել է ի հաշիւ առաջին անհրաժեշտութեան ապրանքների գների աճի՝ հացամթերք, կարտոֆիլ, հաւի միս, ձու եւ այլն: Մարդիկ իրենց սննդի հարցը լուծելու հաշուին հրաժարուել են այլ ապրանքների ձեռքբերումներից: Բացի այդ, պետական ծախսերը ապահովելու համար նախատեսուած է 426.5 մլն. դոլարի վարկային միջոցներ ներգրաւել:
ԱՄԱԼԵԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Իշխանութիւնների կողմից խօսւում է հարկեր-ՀՆԱ յարաբերակցութեան աճի մասին, կա՞յ նման բան, եթէ այո, արդեօք դա աննախադէ՞պ է, ինչպէ՞ս է փորձ արւում ներկայացնել:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- 2020 թուականի ընթացքում լրացուցիչ հարկերի մուտքերի ապահովումը լրջագոյն խնդիրներից է լինելու, քանի որ ուժի մէջ են մտնելու եկամտային հարկի համահարթեցման դրոյթները, վերանալու է աւտոմեքենաների ցածր մաքսատուրքերով ներմուծման արտօնութիւնը, պլանաւորուող տնտեսական աճը ցածր է, ակցիզային (լայն սպառման ապրանքներու, նաեւ ծառայութիւններու-Խմբ.) հարկի, մաքսատուրքերի եւ մի շարք տուրքերի բարձրացման արդիւնքում առաջին անհրաժեշտութեան եւ լայն սպառման ապրանքների սպասուող գների աճը էականօրէն կը նուազեցնի սպառումը եւ այլն: Կանխատեսւում է, որ հարկեր-ՀՆԱ յարաբերակցութեան ցուցանիշը կը բարելաւուի ընդամէնը 0.3 տոկոսով, ինչը փաստում է, որ ստուերի էական կրճատում չենք ունենալու: Այս իրավիճակում միակ լուծումը պետական եւ մասնաւոր խոշոր ներդրումային ծրագրերի մշակումն է եւ իրականացումը: 2019 թուականի ցուցանիշները փաստում են, որ այս իշխանութիւնները պատրաստ չեն ամբողջ ծաւալով իրականացնելու իրենց կողմից արդէն իսկ ստանձնած կապիտալ ծրագրերը, դրա վառ ապացոյցը 2019 թուականի կիսամեակի հաշուարկով 74 տոկոսով կապիտալ ծախսերի թերակատարումն է: Իսկ մասնաւոր ներդրումներ չեն հոսի լոկ «փայ չեմ մտնելու, չեմ խառնուելու» խօսքերով: Անհրաժեշտ է ունենալ նոր ներդրումային քաղաքականութիւն եւ ներդրումները սպասարկող թիմ, պետական ինստիտուտներ:
ԱՄԱԼԵԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Վարչապետի կողմից բազմիցս նշւում է, որ Հայաստանը պէտք է դառնայ արտահանող երկիր, այս ոլորտում աճ կա՞յ:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- 2019 եւ 2020 թուականների համար նախանշուած է միեւնոյն 7.1 տոկոս արտահանման աճ, այս տարուայ 8 ամիսների կտրուածքով ունենք 4.6 տոկոս, չեմ կարծում, որ վերջին ամիսներին կը կարողանանք թռիչքաձեւ արտահանում ապահովել: Արտաքին առեւտրի մտահոգիչ երեւոյթի մասին է խօսում նաեւ այն փաստը, որ բեռնափոխադրումները նուազել են շուրջ 54 տոկոսով: Հայաստանը դեռ չի կարողացել լուծել արտահանման հետ կապուած բազմաթիւ հարցեր, որոնցից ամենակարեւորը, կարծում եմ, Լարսի անցակէտում կուտակումների հարցն է:
ԱՄԱԼԵԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Պարոն Պարսեան, պետական բիւջէում ռազմական պաշտպանութեան ծախսերը այսօրուայ 18.2 տոկոսից նախատեսւում է նուազեցնել 16.1 տոկոսի, փոխարէնը անհամաչափ աւելացնել բազմաթիւ այլ ծախսեր, որոնք գուցէ արդարացուած կը լինէր այլ պայմաններում, բայց ոչ այն պահին, երբ նորից սրւում է պատերազմի վտանգը, արդեօք պէտք չէ՞ աւելացուէր ռազմական բիւջէն, սրա վտանգները որո՞նք են:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Ռազմական ծախսերը մեր բիւջէի ծախսերի մէջ 3րդն են իրենց մեծութեամբ, ռազմական ծախսերի նուազումը 2020 թուականի ընթացքում կազմում է մօտ 3 մլրդ. դրամ: Յիշեցնեմ, որ 2019 թուականի Յուլիսին միջինում 10 տոկոսով բարձրացուեցին զինուորակաների աշխատավարձերը, ինչը դրական երեւոյթ է, նրանց աջակցութեան նոր ծրագրեր առաջարկուեց եւ այլն: Պետական ծախսերը ոչ միայն անվտանգութեան հարց կարող են լուծել, այլեւ կը նպաստեն մեր ռազմաարդիւնաբերութեան զարգացմանը, եւ այս ուղղութեամբ հայ-ռուսական ձեռքբերուած պայմանաւորուածութիւնները իրականացնելու խնդիր ունենք: Բացի այդ, 2020 թուականի ընթացքում սեփական եւ ռուսական վարկային միջոցների հաշուին պէտք է ձեռք բերենք մեծ քանակութեան զինտեխնիկա: Հաշուի առնելով երկրի պաշտպանութեան կարեւորութիւնը՝ միշտ էլ կարող ենք վերանայել ռազմական ծախսերի մեծութիւնը եւ ուղղութիւնները: