Լոնդոնի «Թէքէեան» խնամակալ մարմնի (ԼԹԽՄ) առաքելութիւնը հայապահպանութիւնն ու Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդումն ու զարգացումն է: Այն սատարում է նաեւ Սփիւռքում ազգային ինքնութեան՝ մշակոյթի, կրօնի եւ լեզուի պահպանման գործընթացին: Բազմաբնոյթ մշակութային ձեռնարկների միջոցով հայ երիտասարդներին մօտեցնում է ազգային կարեւորագոյն արժէքներին՝ պատմութեանը, գրականութեանը, երաժշտութեանը, արուեստին: ԼԹԽՄ հիմնադրուել է 1979 թուականին, Լոնդոնի «Թէքէեան» մշակութային միութեան (ԼԹՄՄ) պատուաւոր նախագահ Կարօ Գրիգորեանի, վարչութեան անդամներ Վարդան Ուզունեանի, Կարօ Արեւեանի, Թագուոր Պարզանքեանի եւ Դաւիթ Մսրլեանի կողմից: Լոնդոնի «Թէքէեան» խնամակալ մարմնի հովանու ներքոյ են գործում Լոնդոնի ԹՄՄ, Լոնդոնի «Կոմիտաս» կամերային երգչախումբը եւ Երեւանի «Թէքէեան Կենտրոն» հիմնադրամը: ԼԹԽՄ տարեկան դրամահաւաքներ է կազմակերպում՝ օժանդակելու իր շահառուների ծրագրերին: Անցեալում ԼԹԽՄ ընդգրկել է նաեւ Հայ երաժշտութեան ինստիտուտը, «Արաքս» ժողովրդական պարային համոյթը, «Էրեբունի» երկշաբաթաթերթը, որը լոյս է տեսել Լոնդոնում 15 տարուց աւելի:
Լոնդոնի «Քոփթորն Թարա» հիւրանոցում կայացաւ մեծաշուք հանդիսութիւն՝ նուիրուած Սփիւռքի ամենանշանակալի մշակութային, ազգային-հասարակական կառոյցներից մէկի՝ Լոնդոնի «Թէքէեան» խնամակալ մարմնի (The Tekeyan Trust London) հիմնադրման 40ամեակին:
Միջոցառմանը ներկայ էին Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հայոց թեմի հայրապետական պատուիրակ եւ առաջնորդ Յովակիմ եպս. Մանուկեանը, Միացեալ Թագաւորութիւնում Հայաստանի դեսպանութեան պաշտօնեաներ, հոգաբարձուներ, բարերարներ, հայ համայնքի բազմաթիւ պատուաւոր ներկայացուցիչներ:
Ձեռնարկը մեկնարկեց Հայաստանի ազգային օրհներգով, ինչից յետոյ ԼԹԽՄ հիմնադիր անդամ եւ պատուաւոր քարտուղար Վարդան Ուզունեանը ներկայացրեց կառոյցի պատմութիւնն ու ազգային գաղափարախօսութիւնը, կարեւորելով նրա գոյութիւնը Անգլիայի հայ համայնքում եւ նրա բազմամեայ գործունէութիւնը ի նպաստ հայ ինքնութեան, լեզուի, եկեղեցու եւ մշակոյթի: Անդրադառնալով ԼԹԽՄ յաջողութիւններին, Վ. Ուզունեանը յատկանշեց շաբաթաթերթը, պարային համոյթը, երգչախումբը, հիմնադրամը, որոնք հիմնադրուել են ԼԹԽՄ կողմից եւ շարունակում են գործել նրա հովանու ներքոյ: Խօսելով ապագայ անելիքների ու ծրագրերի մասին, Վ Ուզունեանը մասնաւորապէս խիստ մտահոգութիւն յայտնեց Սփիւռքի հայ կրթօջախների պահպանման եւ նաեւ երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակութեան վերաբերեալ: Վ. Ուզունեանն իր խօսքն ամփոփեց շնորհաւորանքի եւ երախտիքի խօսքով բոլոր բարերարներին, համակիրներին եւ գործընկերներին Հայաստանից եւ Սփիւռքից, որոնք տարիներ շարունակ վստահում են եւ կանգնած են ԼԹԽՄ կողքին:
Լոնդոնի ԹՄՄ անունից հանդէս եկաւ նախագահ Կարէն Արեւեանը. շնորհաւորական ուղերձում նա անդրադարձաւ ԹՄՄ եւ ԼԹԽՄ միջեւ համագործակցութեանը, յատկանշեց «Թէքէեան» կառոյցների դերը հայ համայնքի կեանքում, նաեւ կոչ արեց երիտասարդ նուիրեալներին ընդգրկուել կառոյցի գործունէութեան մէջ: Նա երախտիքի խօսք ասաց նաեւ բոլոր աջակիցներին, ինչպէս նաեւ երեկոյի մշակութային գործիչներին եւ ԼԹԽՄ նմանատիպ ձեռնարկ կազմակերպելու համար:
Ձեռնարկի պաշտօնական մասն աւարտուեց Յովակիմ սրբազանի շնորհաւորական խօսքով եւ օրհնութեամբ: Հոգեւորականը նաեւ բարձր գնահատանքի արժանացրեց Լոնդոնի «Թէքէեան» կառոյցների ազգանուէր գործունէութիւնը եւ մաղթեց նորանոր յաջոցութիւններ ու ձեռքբերումներ հայապահպանութեան դժուարին գործում:
Տօնական հանդիսութիւնը շարունակուեց մշակութային ծրագրով՝ հայկական երաժշտութեամբ, երգով ու պարով: Տպաւորիչ ելոյթներով հանդէս եկան մեցօ սոպրանօ Անայիս Հեղոյեանը, սոպրանօ Թերեզա Գէորգեանը, Գրիգոր Նաջարեանը, «Վոկալ Թրիօ» Զուարթ Կարէյեանը, Ցուզել Մանուչարովան, Ֆեյրուզ Թորոսեանը, ջութակահար Անժէլա Նաջարեանը, դաշնակահար Հաօ Զի Եոհը, ինչպէս նաեւ Լոնդոնի «Թէքէեան»խնամակալ մարմնի «Կոմիտաս» կամերային երգչախումբը՝ խմբավար Գրիգոր Նաջարեանի գլխաւորութեամբ: Երեկոյի ընթացքում հնչեցին հայ յօրինողների՝ Կոմիտասի, Է. Աբրահամեանի, Գ. Չերչեանի, Ռ. Պետրոսեանի, Հ. Հայկազունի եւ այլոց գործերից: Համերգային մասը եզրափակուեց Լոնդոնի «Ախթամար» պարային համոյթի գեղեցիկ ելոյթներով (գեղարուեստական ղեկավար՝ Արսէն Զաքարեան):
Տօնական ճաշկերոյթի ընթացքում ցուցադրուեց ԼԹԽՄ գործունէութեանը վերաբերող ֆիլմ:
ԼՈՆԴՈՆԻ «ԹԷՔԷԵԱՆ»
ԽՆԱՄԱԿԱԼ ՄԱՐՄԻՆ