ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստան պիտի օգտագործէ միջազգային բոլոր հարթակները՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի տագնապին վերաբերեալ առանցքային մօտեցումները. Լեռնային Ղարաբաղի տագնապը տարածքային վէճ չէ. անիկա անվտանգութեան եւ կարգավիճակի հարց է: «Արցախում ապրում են հայեր. որպէսզի այդ տարածքը մնայ պատմական հայկական տարածք, անհրաժեշտ է, որ Արցախի ժողովրդի անվտանգութիւնն ու ինքնորոշման իրաւունքը պաշտպանուեն այսօր եւ ապագայում»:
Այս մասին յայտնեց Հայաստանի արտաքին գործոց նախարար Զօհրապ Մնացականեան՝ անդրադառնալով «Պի.Պի.Սի.»ի «Հարտ Թոք» հաղորդման իր մասնակցութեան մասին հարցումի մը։
«Արցախի հիմնահարցի հիմքում ընկած է մեզ համար ամենակարեւորը՝ Արցախի ժողովրդի անհատական եւ ընդհանրական իրավունքը, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրականացումը, Արցախի ժողովրդի անվտանգութիւնն ու կարգավիճակը: Շատ հստակ է բոլորիս համար մեր դիրքորոշումը: Մենք, որպես միջազգային հանրութեան լիարժեք անդամ, եղել եւ մնում ենք Արցախի անվտանգութեան երաշխավորը: Այս մոտեցումը Հայաստանը տարածելու է միջազգային հանրութեան լայն շրջանակների մէջ», յայտնեց ան։
Նախարար Մնացականեան դիտել տուաւ, որ Հայաստան բացառութիւն չէ. նման ձեւաչափի հաղորդումը ներքաղաքական բանավէճի առիթ կը ստեղծէ եւ կը փաստէ, որ երկրին մէջ կայ բազմակարծութիւն, կան ե՛ւ քննադատութիւն, ե՛ւ աջակցութիւն: «Քննարկումը եղել է շատ դինամիկ, որն ի ցոյց է դրել երկրում առողջ քննադատութեան, ժողովրդավարական հիմքի գոյութիւնը: Ուրախ եմ, որ Հայաստանում հաղորդումն առաջ է բերել ակտիւ քննարկում, որը բազմակարծութեան ապացույց է: Այդ քննարկումը շատ օգտակար էր նաեւ ինձ համար», ըսաւ Զօհրապ Մնացականեան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՏՐՊԷՅՃԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԾՐԱԳՐՈՒԱԾ ՉԷ
Հանդիպումին ընթացքին Մնա-ցականեան յայտնեց, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի ղեկավարներու մակարդակով հանդիպում ծրագրուած չէ ներկայիս, կը նախապատրաստուինք արտաքին գործոց նախարարներու մակարդակով հանդիպումներու շարունակութեան՝ յառաջիկայ ամիսներուն։
«Կենտրոնացած ենք արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումների շարունակման վրայ, որը հիմքն է ղեկավարների մակարդակով հանդիպում նախապատրաստելու համար», ըսաւ ան։
Ըստ անոր՝ օրակարգը կը վերաբերի բուն խաղաղ լուծման անմիջական հարցերուն, ինչպէս նաեւ այն միջավայրին, ուր տեղի կ՛ունենայ խաղաղ կարգաւորումը: «Եղել է ղեկավարների շփում Աշխաբադում, որը կարեւոր էր այն առումով, որ հնարաւոր է եղել վերահաստատել կողմերի որոշ մօտեցումներ, սկզբունքներ, որոնք վերաբերում են նաեւ խաղաղութեանը նպաստող միջավայրին», յայտնեց Մնացականեան՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ 11 Հոկտեմբերին ունեցած հանդիպումին:
Նախարարը դիտել տուաւ, որ տակաւին աշխատանք չի կատարուիր յստակ կերպով թուղթի վրայ ձեւաւորուած կերպով. «Բայց դա չի նշանակում, որ մենք չենք աշխատում տարբեր սկզբունքների եւ պարամետրերի (շրջագիծեր-Խմբ.) շուրջ՝ յստակեցնելու, թէ ինչպէս կարելի է կառուցել կողմերի միջեւ պարտաւորութիւնների անհրաժեշտ համաչափութիւնը: 27 տարուայ ընթացքում եղել են տարբեր գաղափարներ, տարբեր փաստաթղթեր, վերջինը եղել է Կազանի փաստաթուղթը: ՀՀ վարչապետը շատ լաւ եւ շատ յստակ տիրապետում է ԼՂ խնդրին, եւ նա փորձում է է՛լ աւելի իւրացնել տարբեր նրբութիւններ», յստակացուց նախարար Մնացականեան: