ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան 31 Հոկտեմբերի կառավարութեան նիստին անդրադարձաւ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւին ընդունման:
«Կարծում եմ, որ սա շատ կարեւոր իրադարձութիւն է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործում եւ, անշուշտ, նոր թափ կը հաղորդի այդ գործընթացին: Ուզում եմ այս կապակցութեամբ իմ գնահատանքի խօսքերն ասել՝ Սփիւռքում, տուեալ դէպքում Միացեալ Նահանգներում գործող հայկական կազմակերպութիւններին, որոնք տասնեակ տարիներ հետեւողականօրէն աշխատել են Ցեղասպանութեան ճանաչմանը հասնելու համար՝ Միացեալ Նահանգներում եւ տարբեր երկրներում: Գործնականում այս որոշումը երկար տարիներ հասունացել էր, որովհետեւ Միացեալ Նահանգների գրեթէ բոլոր նահանգները՝ նահանգային մակարդակում արդէն իսկ ճանաչել էին Հայոց Ցեղասպանութիւնը, ու սա դարձաւ այդ գործընթացի գագաթնակէտն ու կուլմինացիան.
«Ուզում եմ նաեւ շնորհակալութիւն յայտնել Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի անդամներին եւ ընդհանրապէս Ներկայացուցիչների պալատի բոլոր այն անդամներին, որոնք կողմ են քուէարկել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւին», յայտնեց ան։