ՆՈՐԱՅՐ ՊՕՂՈՍԵԱՆ
Մեր օրերի ստեղծագործող անուանի հոգեւորականներից մէկի՝ Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի գրական 30ամեայ գործունէութեանն էր նուիրուած Դեկտեմբերի 2ին, առաջնորդարանի «Արմէն Համբար» սրահում անցկացուած գրական երեկոն: Դեռեւս 1988-89ին տպագրելով իր անդրանիկ ժողովածուները՝ Յովնան սրբազանը յետագայ տարիներին ստեղծագործել ու հրատարակել է տարբեր ժանրերի՝ անուանապէս 80 եւ աւելի գրքեր: Պատկառելի այդ ժառանգութիւնը վերլուծելու եւ արժեւորելու նպատակ ունէր երեկոն, որին մասնակցում էին հոգեւոր, գրական շրջանակները ներկայացնող գործիչներ, հաւատացեալ հայորդիներ:
Հանդիսավար Վազգէն քհնյ. Մովսէսեանն իր բացման խօսքում յիշեցրեց, որ դեռեւս Էջմիածնում ուսանելու տարիներին, Յովնան սրբազանն աչքի է ընկել գրական ձիրքով, գրքի հանդէպ ակնածանքով, եւ դա դրսեւորուեց յետագայ ողջ գործունէութեան ընթացքում:
Բանախօսներն իրենց ելոյթներում ներկայացուցին Յովնան արքեպիսկոպոսի ստեղծագործութիւններն ըստ ժանրերի: Դոց. Նորայր Պօղոսեանը կանգ առաւ սրբազանի քարոզախօսական երկերի վրայ: «Փունջ Մը Քարոզներ» եւ այլ վերնագրերով քարոզներում, սկսած 1980ի անդրանիկ քարոզից, հեղինակը կարեւորել է յատկապէս ընտանիքի, հայրենիքի, Ս. Էջմիածնի թեմաները՝ հաւատքի հետ միախառնուած: «Արցախի նահատակ հերոսները ճշմարիտ հետեւորդներն են Քրիստոսի», գրում է Յովնան սրբազանն իր քարոզներում: Իսկ մեր հաւատքի տան մասին բանաձեւում է՝ «Այսօր առանց Ս. Էջմիածնի ի սպառ կը կորսուի հայ իրականութիւնը»: Քարոզների ամէնից հիմնական թեման հաւատքով շարունակ նորոգուելու, քրիստոնէական պատգամներով զրահաւորուելու միտքն է:
Հայկ Մադոյեանը ներկայացրեց Յովնան սրբազանի խորհրդածութիւնները, որ ներքին տրամաբանութեամբ ընթերցողին առաջնորդում է հոգեւոր զարգացման հանգրուաններով՝ միշտ նպատակ ունենալով հոգեւոր իմաստաւորումն ու աճը: Հեղինակի երկերից քաղուած մէջբերումները ուղակցեցին ունկնդրին այդ ճանապարհով:
Սերգէյ Առուստամեանը ներկայացրեց հեղինակի անգլիալեզու երկերը: Ամերիկեան հողում յատկապէս կարեւորւում են դրանք, քանի որ մեր հայրենակիցների մի ստուար մասը բաւարար չափով չի տիրապետում մայրենիին, եւ անգլերէն գրականութիւնը գալիս է լրացնելու նրանց հոգեւոր պաշարը: Դրանց մէջ քիչ չեն մանուկներին ուղղուած երկերը:
Յովնան սրբազանի ստեղծագործութիւնների մի առանձին ու գեղարուեստական ճիւղ է մանրապատումները, որոնք ներկայացրեց Տիրան Աւագեանը՝ ունկնդրին առաջնորդելով սրբազանի մանկութիւնից մինչեւ առաջնորդութեան տարիների խոհերը: Որպէս հոգեւորական հայ միջավայրից աճելու լիարժէք պատմութիւն է այդ կենսագրութիւնը, եւ հեղինակը մշտապէս խոհերի ու յուշերի ձեւով գրի է առել կեանքի կարեւոր պահերը ու փոխանցել ընթերցողին:
Քարոզախօսական ու գրական երկերից զատ, Յովնան սրբազանը ստեղծել է նաեւ բազմաթիւ աղօթագրքեր: Դրանք գալիս են լրացնելու մեզ յայտնի աղօթագրքերը, որ սեղանի գիրք են բազմաթիւ հաւատացեալների համար: Յովնան սրբազանի աղօթագրքերը ներկայացրեց Մաշտոց Չոպանեանը:
«Ես գրող չեմ. գրելը իմ սիրած զբաղմունքն է պարզապէս: Եթէ այն օգուտ տայ՝ գոհ պիտի ըլլամ», մի առիթով ասել է Յովնան սրբազանը, եւ երեկոյին իր խօսքում հաւաստեց, որ գրելու մղումը ինքնաբուխ է եւ թէ ամէն պահի ծնուող խորհրդածութիւնները ընթերցողին հոգեւոր սնուցում տալու հիմնական նպատակ, կեանքի անցողիկ արժէքների փոխարէն հոգեւորը մատուցելու դեր ունեն: Սրբազանը նաեւ շնորհակալութիւն յայտնեց երեկոյի կազմակերպիչներին ու ներկաներին:
Պէտք է ասել, որ ելոյթ ունեցողները նաեւ նշում էին Յովնան սրբազանից ունեցած նոր գրքերի ակնկալիքները, անգամ առաջարկներ էին հնչում այդ մասին:
Անմիջական գրական մթնոլորտ էր թեւածում միջոցառման ժամանակ: Այն հայ երաժշտութեան կատարումներով զարդարեց «Պետրոսեան» եռեակը:
Երեկոյի յանձնախմբի կողմից սրբազանին նուիրուեց յատուկ գրիչ՝ ստեղծագործական եռանդն անսպառ պահելու եւ նոր երկեր գրելու բարեմաղթանքով:
Միջոցառումը շարունակուեց հիւրասիրութամբ, որ պատրաստուել էր Ս. Ղեւոնդեանց եկեղեցւոյ Տիկնանց միութեան ջանքերով: