«35 Տարի Օդում՝ Արցախեան Ազատամարտից Մինչեւ Աֆղանստան Ու Իրաք»
Վարեց՝ ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐԵԱՆ
Քչախօս, բարի, վստահութիւն ներշնչող օդաչու Էդուարդ Կարապետեանն արդէն 35 տարի «օդում է» եւ պատրաստւում է եւս 10 տարի ծառայել հայկական աւիացիային: Էդուարդ Կարապետեանն անկեղծանում է՝ առհասարակ շատ քիչ է խօսում եւ երբեք հարցազրոյցներ չի տալիս, սակայն «Արմէնպրես»ի հետ զրոյցում համաձայնում է պատմել իր անցած ուղու եւ ընտանիքի մասին: Օդաչուն, հարցազրոյցից ընդամէնը կէս ժամ առաջ էր վայրէջք կատարել. ուղեւորներին բարեյաջող Երեւան էր հասցրել Վորոնեժից: Մենք անմիջապէս գնացինք դէպի ինքնաթիռ, որտեղ մեզ թոյլատրել էին լինել նաեւ օդաչուների սրահում: «Օդում եղել եմ գրեթէ 23 հազար ժամ, սակայն մինչեւ այսօր էլ վախեր ունենում եմ թռիչքից առաջ», ահա այսպէս բնութագրեց Էդուարդ Կարապետեանն իր աշխատանքի՝ շատերի համար ոչ տեսանելի ու յուզական մասը:
«Ծնուել եմ օդաչուի ընտանիքում, հայրս օդանաւակայանում օդաչու-բորտ (խորհուրդ-Խմբ.) ինժեներ է եղել, մայրս էլ դիսպետչեր (երթեւեկը դասաւորող-Խմբ.) է եղել: Հայրս մօտ 30 տարի աշխատել է այս ոլորտում: Մեծ եղբայրս էլ է օդաչու, ինձնից երեք տարի առաջ է սկսել աշխատել: 1983 թուականից Ուկրաինայի Կրիմինչուկ քաղաքում սովորել եմ ուղղաթիռների ուսումնարանում եւ աւարտել եմ 1986 թուականին: Այդ տարուանից սկսել եմ աշխատել հայկական աւիացիայի ոլորտում, որպէս ուղղաթիռի օդաչու», ասաց Կարապետեանը:
Եղբօր մասին Էդուարդ Կարապետեանն առանձնակի հպարտութեամբ է խօսում. եղել է նաեւ նրա ուսուցիչը: «Ինքնաթիռի հարցում իմ ուսուցիչը եղել է եղբայրս՝ Ալբերտը: Նրա հետ աշխատել եմ Արաբական Միացեալ Էմիրութիւններում, Աֆղանստանում, Իրաքում, Ղազախստանում եւ այժմ էլ Հայաստանում: Աբօն մինչեւ հիմա էլ իմ ուսուցիչն է», ասաց օդաչուն եւ յաւելեց, որ միայն ուղղաթիռ վարելն է առանց եղբօր սովորել:
Օդաչու դառնալուց 2 տարի անց՝ 1988 թուականի Դեկտեմբերի 7ին եղաւ Սպիտակի աւերիչ երկրաշարժը: «Այդ ժամանակ օգնութիւն էինք տանում Շիրակի եւ Լոռու մարզեր: Դեռ երկրաշարժից ուշքի չեկած՝ 1990ականներին էլ սկսուեց Արցախեան ազատամարտը: Կապ էինք պահում Հայաստանի եւ Արցախի բոլոր քաղաքների հետ: Այդ ժամանակ մասնակցել ենք ե՛ւ մարտական գործողութիւններին, ե՛ւ վիրաւորներին ենք հասցրել հիւանդանոցներ ու հոսպիտալներ, ինչպէս նաեւ զէնք ու զինամթերք ենք տեղափոխել: Ծանր օրեր էին, բայց վախ չեմ զգացել, այն ժամանակ մօտ 20 տարեկան էի եւ աւելի շատ հայրենասիրութիւնն էր խօսում իմ մէջ: Այսօր աշխատում եմ շատ չյիշել այդ տարիները, քանի որ ընկերներ եմ կորցրել, շատ բարդութիւնների ու դժուարութիւնների միջով եմ անցել», շեշտեց Էդուարդը:
Պատերազմի աւարտից յետոյ նա որոշում է կայացրել դառնալ ինքնաթիռի օդաչու: «Ինձ համար այդ անցումը հեշտ է եղել, քանի որ ուղղաթիռը կառավարելն աւելի դժուար է: Աշխատել եմ Երեւանի «Էրեբունի» օդանաւակայանում, եւ առաջին թռիչքս եղել է «ԵԱԿ-40» ինքնաթիռով: Աւելի քան երկու տարի անց սկսել եմ «ԱՆ-24» ինքնաթիռը կառավարել եւ այդ ժամանակ արդէն աշխատում էի Աֆրիկայի տարածքում, որտեղ ուղեւորներին մի քաղաքից մէկ այլ քաղաք էինք տեղափոխում, քանի որ ջունգլիներ էին հիմնականում եւ ճանապարհներ չկային: Այնտեղ ապրել եմ 4 տարի: 1996 թուականից տեղափոխուել եմ «ԱՆ-12» բեռնատար օդանաւ, որով թռել եմ Արաբական Միացեալ Էմիրութիւններից դէպի Աֆղանստան եւ Իրաք», նշեց օդաչուն եւ յաւելեց, որ այնտեղ իրենք օգնել են բնակչութեանը, զէնք ու զինամթերք, զինուորական հագուստ են տեղափոխել:
Այդ տարիներին եղել է Աֆղանստանի եւ Իրաքի գրեթէ բոլոր քաղաքներում: Պատերազմի աւարտից յետոյ նա վերադարձել է Հայաստան:
«ԱՄԷից, երբ վերադարձայ Հայաստան, աշխատեցի «Արմաւիա» աւիաընկերութիւնում, որն ամիսներ անց սնանկացաւ եւ ստացուեց այնպէս, որ աշխատանք չկար: Այս աւիաընկերութիւնում աշխատանքի 6-7 ամսուայ ընթացքում կանադական «CRJ-200» ինքնաթիռով վերապատրաստում եմ անցել որպէս հրամանատար: 2011 թուականին տեղափոխուել եմ Ղազախստանում ապրելու, որտեղ աշխատել եմ մօտ 7 տարի: Այնտեղ վարել եմ կանադական «CRJ-200» ինքնաթիռը: 2018 թուականի Փետրուարին վերադարձել եմ Հայաստան: Այժմ աշխատում եմ «Արմենիա» աւիաընկերութիւնում, որտեղ վերապատրաստում եմ անցել «Բոինգ-737» ինքնաթիռով: Մօտ 20 տարի օտար ափերում լինելուց յետոյ վերադարձայ տուն», ասաց Էդուարդը:
Երեխաների մասին Էդուարդ Կարապետեանն առանձնայատուկ ջերմութեամբ սկսեց պատմել, յատկապէս աղջկայ Շուշանիկի մասին: «Ամուսնացել եմ 1994 թուականին, մէկ տարի անց՝ 1995 թուականին, ծնուել է տղաս՝ Ռուբէնը, ում կոչել եմ հօրս պատուին: 1998 թուականին ծնուել է աղջիկս՝ Շուշանիկը, ով իմ կեանքի կէսն է», ասաց Էդուարդն ու խոստովանեց, որ ո՛չ աղջկայ, ո՛չ էլ տղայի ծնուելու ժամանակ Հայաստանում չի եղել:
Երեխաներն այժմ աշխատում են աւիացիայի ոլորտում, Ռուբէնը՝ աւիադիսպետչեր է: Նա Ռուսաստանի Դաշնութեան Ուլեանովսկ քաղաքում 2 տարի օդաչուական ուսումնարանում է սովորել, ինչից յետոյ եկել եւ ծառայել է հայկական բանակում: Ծառայութիւնից յետոյ էլ՝ մինչեւ այսօր, ցանկանում է դառնալ օդաչու, սակայն Հայաստանում ուսումնական հաստատութիւնում սովորել է աւիադիսպետչերի (թռիչքներ դասաւորողի-Խմբ.) հմտութիւններ եւ այժմ աշխատում է «Զուարթնոց» միջազգային օդանաւակայանում: «Արմենիա» աւիաընկերութիւնում Շուշանիկն աշխատում է որպէս DCS (Departure control system) բաժնի մասնագէտ: Երկուսն էլ աւիացիայի ոլորտում են եւ շարունակում են ընտանեկան աւանդոյթները:
Դուստրը՝ Շուշանիկը, ով հարցազրոյցի ժամանակ նստած էր հօր կողքին, պատմեց, որ մինչեւ մօտ 2 տարեկան չի հասկացել, թէ ով է ժամանակ առ ժամանակ գալիս իրենց տուն: «Փոքր էի ու, երբ հայրս գալիս էր տուն, չէի հասկանում, թէ ո՛վ է նա ու ինչո՛ւ պէտք է «այդ տղամարդը» մեր տանը մնայ: Երկար ժամանակ պահանջուեց, մինչեւ սկսեցի ընտելանալ եւ հասկանալ, որ նա մեր հայրն է, եւ սովորել էի, որ պէտք է ամէն գալուց մեզ համար քաղցրաւենիք բերի», յիշեց Շուշանիկը:
«Սնահաւատ չեմ եւ չեմ կարծում, թէ օդաչուն պէտք է այդպիսին լինի: Ինքնաթիռի շարժիչը գործի գցելուց յետոյ ամէն թռիչքից առաջ ասում ենք՝ «Աստուած մեզ հետ» եւ թռնում: Մենք Աստծուն մօտ ենք լինում, ու մեր ձայնը շուտ է հասնում նրան», կատակեց Էդուարդը:
Նա պատմում էր, որ շատ բարդ թռիչքներ են եղել իր կարիերայի (ասպարէզի-Խմբ.) ընթացքում, շարժիչն է խափանուել, բայց, բարեբախտաբար, ամէն ինչ բարեյաջող է աւարտուել: «Իհարկէ, բարդ դէպքեր եղել են, էլ ինչ օդաչու, որ 30 եւ աւելի տարի աշխատի եւ ոչ մի խնդրի առաջ չկանգնի», պատմեց քչախօս օդաչուն եւ ասաց, որ չի ցանկանում շատ բան պատմել, պարզապէս ուզում է, որ բոլոր օդաչուները միշտ բարեյաջող վայրէջք կատարեն: Էդուարդը վստահ է՝ յաջողակ է եւ անդառնալի դէպքեր իր հետ չեն պատահել:
«Որքան առողջութիւնս թոյլ տայ, պատրաստւում եմ լինել օդում, եւ մինչեւ թոշակ ստանալս դեռեւս 10 տարի կայ. հնարաւոր է հէնց այդքան էլ աշխատեմ: Ընտանիքիս անդամներն էլ «չեն թողնում» թոշակի գնամ», անկեղծանում է Էդուարդը:
Լուսանկարները՝ ՀԱՅԿ ՄԱՆՈՒԿԵԱՆի