ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- Հայաստանի մէջ բազմանդամ (6 եւ աւելի անդամ ունեցող) ընտանիքները կը գերակշռեն գիւղական բնակավայրերուն մէջ՝ կազմելով 22.5 տոկոս, քաղաքային բնակավայրերուն մէջ 11.5 տոկոսին հետ համեմատած: Հայաստանի քաղաքային բնակավայրերուն մէջ կը գերակշռեն չորս եւ նուազ անդամներէ բաղկացած տնային տնտեսութիւնները՝ կազմելով 74.7 տոկոս, գիւղականի 59.4 տոկոսին հետ համեմատած:
Այս մասին գրած է լրագրող Ռոզա Յովհաննիսեան, որուն համաձայն, տուեալները փոխանցուած են Վիճակագրական կոմիտէն հրապարակած «Հայաստանի ընկերային պատկերը եւ աղքատութիւնը-2019» զեկոյցին մէջ: Ըստ անոր՝ 2018ի տնային տնտեսութիւններու հետազօտութեան արդիւնքները կը փաստեն, որ մնայուն բնակիչներուն մէջ տնային տնտեսութեան անդամներուն միջին թիւը 3.6 է:
Աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարարութեան ժողովրդագրութեան բաժինի պետ Արտակ Մարկոսեան «Լրագիր»ի հետ ունեցած զրոյցին ընթացքին յայտնեց, որ պատկերը հետզհետէ կը փոխուի՝ այսօր արդէն Հայաստանի մէջ քաղաքային շրջաններուն մէջ ընտանիքները աւելի շատ երեխաներ կ՛ունենան, քան գիւղական բնակավայրերուն մէջ:
2018ին, տնային տնտեսութիւններու առաւել քան կէսը կազմած են երեք եւ նուազ անդամ ունեցող ընտանիքները‘ 2010ի՝ 38.2 տոկոսին եւ 2017ի 49 տոկոսին հետ բաղդատած:
Արտակ Մարկոսեան յայտնեց, որ Հայաստանի մէջ ընտանիքի անդամներուն միջին թիւը 2001ին 4.2 էր, 2011ի՝ արդէն 4, այսօր՝ 3.6: «Գնալով այս ցուցանիշը նուազել է, ինչը կապուած է ծնելիութեան ցուցանիշի նուազման հետ: Հայաստանում մեծ ընտանիքի մոդելից անցում է կատարուել դէպի փոքր ընտանիքի մոդել: Դա նաեւ կապուած է ժողովրդագրական անցման մոդելի իւրայատկութիւնների հետ: Այո՛, ընտանիքները նախընտրում են հիմնականում 1-2 երեխայի մոդելը: Դա ժողովրդագրական ցուցիչ է, որը կարելի է շատ արագ ուղղել: Եթէ ընտանիքում երրորդ երեխաների թուի աճ լինի, այս ցուցանիշը կ՛աճի», ըսաւ ան։
Պետութիւնը այդ ուղղութամբ խրախուսող ծրագիրներ պիտի իրականացնէ 2020էն սկսեալ: Եթէ երրորդ երեխայ ունեցող ընտանիքներուն թիւը այսօր 18.2 տոկոս է, անիկա պիտի դառնայ 30 տոկոս, եւ, բնականաբար, ընտանիքներու կազմին միջին թիւը պիտի մեծնայ:
Ինչ կը վերաբերի գիւղերու եւ քաղաքներու ընտանիքներուն միջին թիւին, մասնագէտը կ՛ըսէ, որ բնական վիճակ է, երբ գիւղական ընտանիքներուն մէջ երեխաներուն թիւը աւելի շատ է, քան քաղաքներուն մէջ: Բայց, ըստ Մարկոսեանի, այդ ցուցանիշը եւս բացասական առումով փոփոխութեան կ՛ենթարկուի՝ գիւղերէն արտագաղթի պատճառով:
«Այո՛, աւանդաբար գիւղերում ծնելիութիւնը միշտ բարձր է եղել: Բայց 2010 թուականից յետոյ մեզ մօտ հակառակ պրոցեսն (գործընթաց-Խմբ.) է գնացել: Հիմա արդէն խնդիր կայ մեզ մօտ, որ գիւղական բնակավայրերում ծնելիութեան գործակիցը ցածր է, քան քաղաքներում, ինչը աշխարհում չհանդիպող երեւոյթ է, բայց մեզ մօտ գրանցուել է: Եթէ 2010 թուականին գիւղական ընտանիքները միջին հաշուով ծննդաբերում էին 2.030 երեխայ, ապա քաղաքային բնակավայրերում այդ ցուցանիշը 1.311 էր: Հիմա հակառակն է՝ 2018 թուականի տուեալներով՝ քաղաքներում գրանցուել է 1.645 երեխայ մէկ կնոջ հաշուով, գիւղական բակավայրերում՝ մօտաւորապէս 1.427: Սա Հայաստանի դէպքում բնական երեւոյթ է, քանի որ գիւղական բնակավայրերից վերարտադրողական տարիքի բնակչութեան արտահոսք կայ: Ես նկատի չունեմ միայն արտաքին միգրացիան, նկատի ունեմ նաեւ ներքին միգրացիան, մարդիկ գիւղերից տեղափոխւում են քաղաքներ, մասնաւորապէս, մայրաքաղաք Երեւան: Բայց այս տեղափոխութիւնը վատ է ազդում գիւղական ընտանիքների վրայ, իրենք քաղաք գալով՝ կորցնում են շատ երեխայ ունենալու սովորոյթը», նշեց մասնագէտը:
Այս վիճակագրութեան մէջ նկատելի է այլ յատկանշական ցուցանիշ մը՝ նուազած է աշխատունակ տարիքի բնակչութեան ցուցանիշը: 2019ի տարեսկիզբի դրութեամբ՝ Հայաստանի մնայուն բնակչութեան թիւին 64.4 տոկոսը կազմած է աշխատունակ տարիքի բնակչութիւնը (16-62 տարեկան), 21.5 տոկոսը՝ 0-15 տարեկան երեխաները, իսկ 14.1 տոկոսը՝ աշխատունակ տարիքէն բարձր (63 եւ բարձր տարիքի) բնակչութիւնը: Հանրապետութեան 1000 աշխատունակ տարիքի բնակչութեան 552ը տարեց է եւ անչափահաս (0-15 տարեկան), նախորդ տարուան 537ին դիմաց:
Այս, Արտակ Մարկոսեանի համաձայն, կը փաստէ, որ Հայաստան ծերացած երկիր է: 2010ին հետ բաղդատած՝ այսօր արդէն աշխատունակ տարիքի բնակչութեան թիւը նուազած է 4.3 տոկոսով:
«Մենք ծերացած ենք արդէն, եթէ ծերերի տոկոսը անցում է 12 տոկոսը: Իսկ վերջին տուեալներով՝ աշխատունակ տարիքից բարձր բնակչութիւնը 14.1 տոկոս է կազմում: Եթէ համեմատում ենք 2010 թուականի հետ, ապա աշխատունակ բնակչութեան թուաքանակը նուազել է. 2010 թուականին եղել է մօտաւորապէս 68.7 տոկոս՝ ներկայիս 64.4 տոկոսի փոխարէն: Ծերացման տոկոսն էլ արագացել է, որովհետեւ 2010 թուականին ունեցել ենք 11.5 տոկոս ծեր բնակչութիւն: Սրան զուգահեռ, աշխատունակ տարիքից փոքր անձանց թիւը 2010 թուականի համեմատ աճել է, որովհետեւ 2010 թուականից յետոյ ծնունդների տեսակարար կշիռը մի փոքր բարձրացել է», դիտել տուաւ մասնագէտը: