ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
«Տնտեսութեան զարգացման համար պետութեան դերը ենթակառուցուածքներ զարգացնելն է: Եւ անցնող 2019 թուականին Շահումեանի շրջանում իրականացուել են ենթակառուցուածքների ստեղծման ու բարեկարգման նշանակալի աշխատանքներ: Այսպէս, շրջանում ունենք մօտ 97 կմ. ոչ-ասֆալտապատ միջհամայնքային ճանապարհներ, եւ անցնող տարուայ ընթացքում այս ճանապարհները հնարաւորինս բարեկարգուել են: Նորոգուել են ինչպէս դէպի շրջանի բոլոր համայնքներ տանող, այնպէս էլ՝ ներքին ճանապարհները», մեզ հետ զրոյցում ամփոփելով անցնող 2019 թուականը՝ նշեց Շահումեանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսեանը՝ յաւելելով, որ 2019 թուականին սկսել է շահագործուել նաեւ Քարվաճառը Վարդենիսին կապող կարճ ճանապարհը:
Ըստ շրջվարչակազմի ղեկավարի՝ 2019 թուականին նշանակալի աշխատանքներ են իրականացուել նաեւ դպրոցաշինութեան ոլորտում: «Քնարաւան համայնքի դպրոցում կառուցուել է ջեռուցման կենտրոնացուած համակարգ, փոխուել են շէնքի դռներն ու լուսամուտները: Այս աշխատանքների մի մասը կատարուել է ԱՀ Քաղաքաշինութեան նախարարութեան, մի մասը՝ «Միջնաբերդշին» ՓԲԸի միջոցներով», ասաց Մարտիրոսեանը:
Շարունակելով շրջանում դպրոցաշինութեան թեման՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այս պահին վերանորոգւում է Նոր Գետաշէն համայքնի դպրոցի շէնքի տանիքը, յաջորդը փոխուելու է Նոր Բրաջուր համայնքի դպրոցի տանիքը:
2019 թուականին կարեւորուել է կամրջաշինութիւնը: Այսպէս, այս տարի աւարտուել են Նոր Գետաշէն եւ Չարեքտար համայնքների հետիոտնի կամուրջի կառուցման աշխատանքները, ընթացքի մէջ են Նոր Վերինշէն համայքնի կամրջի շինարարական աշխատանքները: «Նախատեսւում է եկող տարուայ Յունուարին կամուրջ կառուցել նաեւ Հաւսաթաղ համայքում: Կամուրջների շինարարութիւն նախատեսւում է շրջանի այլ համայնքներում եւս, քանի որ եղած կամուրջները հիմնականում անմխիթար վիճակում են», տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Մեկնարկած այլ նախագծերից են Շահումեանի շրջանի բուժհիմնարկութեան շէնքի, ինչպէս նաեւ՝ «ԱՌԻ» հիմնադրամի ներդրումներով Քարվաճառում կառուցուող Սիդնէյ թաղամասի 15 բնակելի տների շինարարական աշխատանքները:
2019 թուականին մրցոյթ է անցկացուել նաեւ Քարվաճառում անասնաբուժական կայանի եւ լաբորատորիայի (տարրալուծարանի-Խմբ.) շինարարութեան համար: «Քանի որ բոլորին յորդորում ենք անասնապահութեամբ զբաղուել, պէտք է նաեւ ծառայութիւններ ապահովուեն», ընդգծեց Գագիկ Մարտիրոսեանը:
Անցնող տարուայ մէջ նշանակալի են եղել շրջանի համայնքներում ջրամատակարման ապահովմանն ուղղուած աշխատանքները: Աւարտուել է Չարեքտար համայնքի ջրամատակարման ցանցի կառուցումը: Նոր Գետաշէն եւ Նոր Բրաջուր համայքների ջրագծերի կառուցումը եւս աւարտին է մօտենում: Աւարտուել են նաեւ Նոր Վերինշէն եւ Զուար համայնքների արտաքին ջրագծերի կառուցման աշխատանքները, շուտով կը սկսուի ներքին ցանցի անցկացման շինարարութիւնը:
ԱՄՆում գործող «Արարատ» հիմնադրամի միջոցներով վերանորոգւում է Շահումեանի շրջանի մշակոյթի եւ երիտասարդութեան կենտրոնի շէնքը: «Որոշ աշխատանքների կատարման պարտաւորութիւն է ստանձնել նաեւ Շահումեանի շրջվարչակազմը: Եկող տարի աւարտին կը հասցնենք շէնքի վերանորոգման այս փուլը, որն ընդգրկում է տանիքի, առաստաղի, պատերի, բեմի, լուսաւորութեան համակարգի, սանհանգոյցի վերանորոգումը», նշեց մեր զրուցակիցը:
2019 թուականի կարեւոր իրադարձութիւններից էր Քարվաճառում Մեղրի փառատօնի կազմակերպումը, որն անցկացւում էր առաջին անգամ:
Խօսելով եկող՝ 2020 թուականի հիմնական նախանշուած ծրագրերից՝ Գագիկ Մարտիրոսեանը տեղեկացրեց, որ Յունուար ամսին պետութեան կողմից շրջանին կը տրամադրուի նոր աղբատար մեքենայ, որը կը նպաստի շրջանում սանմաքրումն առաւել պատշաճ մակարդակով իրականացնելուն:
«2020ի կարեւորագոյն նախագծերից է Նորաբակի խաչմերուկից մինչեւ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու խաչմերուկն ընկած 44 կմ. ճանապարհի ասֆալտապատումը, որն անցնում է Քարվաճառ քաղաքի միջով»: Եկող տարի նախատեսւում է նաեւ ջրամատակարման ցանց անցկացնել Եղէգնուտ եւ Նոր Էրքեջ համայնքներում, Չարեքտարում շարունակել դպրոցի շէնքի կառուցումը, իսկ Նոր Գետաշէն եւ Նոր Էրքեջ համայնքների դպրոցներում ներդնել ջեռուցման կենտրոնացուած համակարգ:
Կը շարունակուեն նաեւ բնակարանաշինութեան աշխատանքները: «Նախկինում զօրամասին պատկանող երեք շէնքերը կը վերակառուցուեն որպէս բնակելի տներ, կ՛աւարտուի Սիդնէյ թաղամասի 15 տների շինարարութիւնը: Շարունակւում է բազմազաւակ ընտանքիների համար տների կառուցումը: Զոհուած զինծառայողների ընտանիքների համար այս տարի շրջանում կառուցուել է չորս տուն, եւս չորսը նախատեսուած է կառուցել եկող տարուայ մէջ», տեղեկացրեց մեր զրուցակիցը:
«Ընթացքի մէջ են մի շարք այլ նախագծեր եւս, որոնց մասին կը ներկայացնենք արդէն դրանց մեկնարկելուց յետոյ», ամփոփեց շրջվարչակազմի ղեկավարը:
«Ասպարէզ» թերթի համար՝ «Արարատ» հիմնադրամի կողմից