Արմաւիրի մարզի Մրգաստան գիւղում բնակուող Հասոյեանների համար, ընթացիկ տարին յաջողուածներից է. վագոն-տնակում ընտանիքի անցկացրած 9 տարուայ հոգսաշատ կեանքը դարձել է յիշողութիւն, իսկ 18 քառ.մ. մակերեսով երկաթեայ երբեմնի կացարանը վերածուել է խորդանոցի: Հասոյեանները հասցրել են անգամ ուրախ առիթը նշել հիմքից կառուցուած քարէ նոր տանը:
Ընտանիքի մայրը՝ Զարինէն, «Վիւասել-ՄՏՍ»ի ու «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի համատեղ իրականացուող բնակարանաշինութեան ծրագրում ընդգրկուելու լուրն իմացել էր տարեսկզբին՝ հեռախօսազանգով: Գործակցող կողմերի ղեկավարները որոշել էին շահառուներից որեւէ մէկին հաճելի նորութիւնն ասել ծրագիրը հաստատելուց անմիջապէս յետոյ: Բարի լուրը յայտնել էր Վիւասել-ՄՏՍի գլխաւոր տնօրէն Ռալֆ Եիրիկեանը: Զրուցակցին ճանաչելուց յետոյ, Զարինէն անակնկալի չէր եկել. անկեղծացել էր, թէ զգացել է, որ խնդիրը կը լուծուի: Նրա համոզմունքը կրկնապակուել էր՝ կազմակերպութիւնների ղեկավարների եւ աշխատակիցների կամաւորական աշխատանքից յետոյ: Հեռախօսազրոյցից հինգ ամիս անց շինարարութիւնն աւարտուել է:
«Վիւասել-ՄՏՍ»ի ու «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի ղեկավարները դարձեալ այցելել են Հասոյեաններին, այս անգամ՝ ընտանիքի հետ բնակարանամուտի ուրախութիւնը կիսելու համար:
«Նախկինում, երբ մտածում էի, որ երեխաներս մեծանում են, աղջիկս շուտով կ՛ամուսնանայ, ու մենք դեռ տնակում ենք ապրում, սիրտս կտոր-կտոր էր լինում: Օրեր առաջ աղջկաս ամուսնացրինք ու, գիտէք, յուզմունքս ու ուրախութիւնս հազարապատկուած էին, քանի որ հիւրերը տո՛ւն էին եկել, ոչ թէ դոմիկ, որ երեխաս ու մենք ամաչելու ու նեղուելու առիթ այլեւս չունենք: Մենք այսուհետեւ տո՛ւն ունենք: Անսահման շնորհակալ եմ աջակցութեան համար», ասել է ընտանիքի մայրը՝ Զարինէն:
Ի դէպ, հիմքից կառուցուած այս տունը գործընկեր կազմակերպութիւնների համատեղ ծրագրի յոբելեանական՝ 200րդ տունն է:
«Առհասարակ, ծրագրերը պահանջում են խօսել թուերի լեզուով՝ փաստերով: Այս ընտանիքն օրինակ, մեր ծրագրում ընդգրկուած երկուհարիւրերորդն է: Դա կարեւոր փաստ է՝ գործընկերութեան «տեխնիկական» արդիւնքն ու տարիների աշխատանքը գնահատելու համար: Իսկ հաշուետուութեան միւս՝ բարոյական կողմն աւելի արժէքաւոր է: Կեանքի բնականոն հուն են մտնում ընտանիքներ, որոնք անցել են պայքարից յուսահատութիւն տանող ճանապարհով: Նրանց լուսաւոր ժպիտն ամենաոգեւորողն է», ասել է «Վիւասել-ՄՏՍ»ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Եիրիկեանը:
«Այս ընտանիքի պարագայում մենք մի փոքր նորամուծութիւն մտցրինք համատեղ իրականացուող բնակարանաշինութեան ծրագրում. եթէ մինչ այդ օգնում էինք կիսակառոյցն աւարտին հասցնել կամ վերանորոգման աշխատանքներ անել, ապա այս դէպքում որոշեցինք հիմքից կառուցել տունը: Ընտանիքի ոգեւորութիւնը, ջանասիրութիւնը, տուն ունենալու ցանկութիւնն այնքան մեծ էր, որ շինարարական աշխատանքներն աւարտուեցին հինգ ամսուայ ընթացքում: Շատ ուրախ եմ ընտանիքի համար», ասել է «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի նախագահ Աշոտ Եղիազարեանը:
2019թ. բնակարանաշինութեան ծրագրի իրականացման համար, «Վիւասել-ՄՏՍ»ը յատկացրել է 109 մլն. դրամ: Մինչեւ տարեվերջ, Հայաստանի 10 մարզում բնակարանի տէր կը լինի 43 ընտանիք: