Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, Երեքշաբթի, Դեկտեմբեր 17ին տեղի ունեցաւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի հեղինակած «Հայաստանի Աշխարհագրութեան Մեկնաբանութիւնը՝ Հիմնուած Իսլամական Տեքստերի Վրայ» պարսկերէնով լոյս տեսած գրքի շնորհանդէս-քննարկումը:
«ՀՈՒՍԿ»ի կենտրոնատեղիում կազմակերպուած շնորհանդէսի սկզբում Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը անդրադառնալով դոկտ. Խանլարեանի հեղինակած գրքին ընդգծեց, որ այն արդիւնքն է հեղինակի եռամեայ աշխատանքների եւ յոյս յայտնեց, որ մօտ ապագայում լոյս տեսնի երկրորդ հատորը եւս: Նա նշեց նաեւ, որ դոկտ. Խանլարեանը պաշտօնապէս նշանակուել է Իսլ. Ազատ համալսարանի ներկայացուցիչը՝ Հայաստանում համալսարանի մասնաճիւղը հիմնելու համար: Նա ապա ներկայացնելով օրուայ բանախօս, Իսլամական հանրագիտարան հիմնադրամի գիտխորհրդի անդամ դոկտ. Ալի Ալիբաբիին, հրաւիրեց նրան անդրադառնալու գրքի մասին: Նա, որ մանրամասն ուսումնասիրել էր դոկտ. Խանլարեանի գիրքը ընդգծեց, որ այն գնահատման արժանի է այն առումով, որ հեղինակը ներկայացրել է իսլամական այն աղբիւրները, որոնք հիջրեթի 3րդից 14րդ դարերի ընթացքում անդրադարձել են Հայաստանի մասին եւ կարեւորեց այն հանգամանքը, որ գրքի հեղինակը նոյնիսկ վկայակոչել է օսմանցի պատմաբաններին եւ աշխարհագրագէտներին, որոնք վերջին դարերի ընթացքում անդրադառնալով Կովկասի աշխարհագրութեանը անդրադարձել են ժամանակի Հայաստանի կարգավիճակին: Նա նաեւ մատնանշեց գրքում առկայ մի քանի խնդիրների մասին, յոյս յայտնելով, որ յաջորդ տպագրութեան ժամանակ որոշ բացթողումները կը կարգաւորւեն:
Գրքի հեղինակ դոկտ. Խանլարեանի գրքի մասին հրաւիրուեց իր տեսակէտը փոխանցելու աստղագէտ-պատմաբան դոկտ. Հոսէյնին, ով բարձր գնահատեց դոկտ. Խանլարեանին եւ հրատարակուած գիրքը այն առումով, որ նոր հայեացքով եւ կատարեալ ճշգրտութեամբ եւ անաչառօրէն է մէջբերում կատարել բոլոր աղբիւրներից եւ նման գրքի առկայութիւնը կարեւոր աղբիւր համարեց:
Վերջում հրաւիրուեց դոկտ. Խանլարեանը, ով կարեւորեց գրքի քննարկման արդիւնքում նկատուած բացթողումները եւ անդրադառնալով գրքի հրատարակման նպատակների մասին ընդգծեց, որ երկու դրդապատճառներից ելնելով է հեղինակել նման աշխատութիւն: Նախ, որպէս մասնագիտական մօտեցում եւ այն, որ պանթուրքիստ պատմաբանները հերքում են հայոց հազարամեայ պատմութիւնը, եւ ընդհանրապէս Հայաստանի աշխարհագրական գոյութիւնը եւ միւս կողմից մերժում են հայկական աղբիւրները, որոնք անդրադառնում են հայ ժողովրդի պատմութեանը: Նա աւելացրեց, որ այդ հանգամանքներից ելնելով ուսումնասիրել է հէնց մուսուլման պատմաբաններին, լինեն նրանք իրանցի, արաբ կամ օսմանցի եւ նրանց ուսումնասիրութիւններից մէջբերումներ կատարել, որպէսզի ոչ-հայ լսարանը եւս ծանօթանայ Հայաստանի պատմական տուեալներին, ըստ ոչ-հայ պատմաբանների եւ կուլ չգնայ պանթուրքիստական քարոզչութիւններին ու նկրտումներին:
Դոկտ. Խանլարեանը վերջում իր հետ ունեցած զրոյցի ընթացքում երախտագիտութիւն յայտնեց գրքի մեկենաս Յովսէփ Աւետեանին, ով իր հանգուցեալ հօր Լեմուէլ Աւետեանի յիշատակին հոնարարն (մեկենասը) է հանդիսացել գրքի: Նա ընդգծեց. «Ես խոնարհւում եմ Լեմուէլ Աւետեանի յիշատակի առջեւ, ով տարիներ ոչ միայն մեր համայնքում, այլ ամէնուր զբաղուել է ազգային հասարակական եւ բարեգործական աշխատանքներով, յօգուտ հայոց մեծ երազանքի իրականացման, եւ կիրառել է բազմաթիւ քայլեր, որոնք շարունակում են իր որդիները՝ Յովսէփ, Հարմիկ եւ դուստրը Հայնուշ Աւետեանները»:
Միջոցառմանը ներկայ էին՝ ԹՀԹ Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները եւ ոչ-հայ մտաւորականներ:
«ԱԼԻՔ»