ՊԸՐՊԵՆՔ.- Տօնական եւ ուրախ էր Դեկտեմբերի 13ը Արեւմտեան թեմի առաջնորդարանում: Թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի նախաձեռնութեամբ, ամէն տարեվերջին առաջնորդարանը հիւրընկալւում է հայկական ամէնօրեայ դպրոցների սաների եւ ուսուցիչների: Այս տարի նոյնպէս, «Հալաջեան» սրահում մէկտեղուել էին հարիւրաւոր մանուկներ իրենց տնօրէնների, ուսուցիչների ու ծնողների հետ՝ առաջնորդ սրբազանի հետ միասին նշելու Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների գալուստը, ունկնդրելու նաեւ Սահակ-Մեսրոպ վարժարանի սաների երաժշտական կատարումները:
Հանդիսութեան հիւրերի շարքում էին Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպս. Նալբանդեանը, Կանադայի թեմից հոգեւոր հովիւ Զարեհ Ա. քհնյ. Զարգարեանը։
Տօնը սկսուեց Յովնան սրբազանի ողջոյնի խօսքով եւ օրհնութեամբ. նա մանուկներին հոգեհարազատ խօսքով պատգամեց. «Ուրախ ենք, որ ձեր սիրտի մէջ Յիսուս մանուկը կը ծնի: Այսօր խոստում պիտի ընէք, որ ձեր կեանքին մէջ ըլլաք աւելի օրինակելի զաւակներ մեր եկեղեցւոյ եւ ազգին»:
Այնուհետեւ, Տէրունական աղօթքից յետոյ, ասպարէզը տրամադրուեց Սահակ-Մեսրոպ վարժարանի սաներին, որ գեղեցիկ եւ արդիական ու կենդանի կատարումներով խանդավառեցին ներկաներին: Նախ ընթերցուեց Ներսէս Շնորհալիի «Հաւատով խոստովանիմ» աղօթքը տուն առ տուն: Ապա երաժշտական ու թատերական ներկայացմամբ աշակերտները բեմականացրին Յիսուսի ծննդեան պատմութիւնը: Ժամանակակից ոճով թատերախաղը Արտաշէս Սինանեանի ղեկավարութեամբ՝ 2000ամեայ պատմութիւնը մատուցում էր մեր օրերի մանկանը հասկանալի լեզուով:
Հանդիսութեան ընթացքին «Արքեպիսկոպոս Յովնան Տէրտէրեան» կրթաթոշակի հիմնադրամի ատենապետ Ալիս Չաքըրեանը 2500 տոլարի գումար յանձնեց Սահակ-Մեսրոպ վարժարանին, որը պիտի գործածուի երաժշտական ծրագրերի պատրաստման համար:
Պիտի ասել, որ ողջ հանդիսութեան ընթացքում դահլիճում թեւածում էր ուրախ, մանկական ազնիւ մթնոլորտն ու երեխաների ժպիտը։ Այդ խանդավառ տրամադրութեան մէջ դահլիճ հրաւիրուեց մանուկների թերեւս ամենից սպասուած հիւրը՝ Կաղանդ Պապան, որ ուղղակի ցնծութիւն բերեց ամենքին: Տօնական գագաթնակէտն էր դա, փոքրիկները ինքնաբուխ նետուեցին սիրելի Կաղանդ Պապիկի հետ երգելու, անկաշկանդ պարելու նրա հետ իրենց սիրելի պարերը:
Հանդիսութեան վերջում մանուկները Յովնան սրբազանի հետ աղօթք արեցին՝ Տիրոջից խնդրելով խաղաղութիւն եւ բարօրութիւն ողջ աշխարհի, Հայաստանի իրենց եղբայրների ու քոյրերի, մեր զինուորների համար: Տօնական օրը աւարտուեց առաջնորդի հետ լուսանկարուելով եւ հիւրասիրութեամբ:
(Թղթակցութիւնը՝
առաջնորդարանէն)