Ահա մի պատմութիւն որը չի կրկնուում
մէկից աւելի անգամներ
Եղեւնին որը պիտի զարդարենք դեռ աճում է
անտառում:
Ուրախութեան համար կան բազմաթիւ պատճառներ.
ահա օրը բացուեց
ահա ամպերը քսուեցին արեւի երեսին…
Եղեւնին, որը պիտի զարդարենք
իր ծննդեան օրն է յիշում հիմա
հեռու ու հեռաւոր անտառում:
Իսկ տխրութեան համար եւս կան բազում պատճառներ.
ահա օրը բացուեց.
ահա, ամպերը քսուեցին արեւի երեսին…
Եւ միայն կեանքը, որ չի կրկնուում երբեք
մէկից աւելի անգամներ՝
ահա կանգնած է միայնակ
եւ շողշողում է
ուրախ ու տխուր պատճառներով
զարդարուած:
Ամանոր-95, 96, 97… Եւլն
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Զարդարէ՛ք տօնածառը:
Կեանքն անցնում է:
Շուտով նոր թուեր կը շարուեն կողք-կողքի,
Նոր ձիւն կը տեղայ հին փողոցների վրայ,
Եւ խաւարը կը ծածկուի փայփայած երազներով:
Զարդարէ՛ք տօնածառը՝
Ով ինչով կարող է:
Նոր խաղալիքներ են յայտնուել հին խանութներում՝
Փոքրիկ նաւթավառներ, չենջի (change/exchange) կրպակներ,
Մուրացկաններ փոքրիկ եւ ստահակներ մեծ:
Նաւթի բիդոններ, հացի կտրոններ,
Բարեգործական ճաշարաններ, անշարժ տրոլեբուսներ
Փախստականներ ու գաղթականներ,
Կաշառակերներ բոլոր չափերի եւ բոլորն այնքան
Փայլուն ու սիրուն, հմուտ պատրաստուած՝
Ոսկէ ծոպերով, երիզներով գոյնզգոյն…
Խաւար է ու ցուրտ: Բայց մի՛ վհատուէք:
Սառած մատներով ու դողդղալով
Զարդարէ՛ք տօնածառը՝ ով ինչով կարող է:
Զարդարէ՛ք տօնածառը:
Բայց դէ՝ նորերը ինչքան էլ փայլուն ու սիրուն լինեն,
Դուք չմոռնա՛ք կախել ճիւղերից
Խաղալիքները հին՝
Յոյսը, հաւատը ու սէրը
Կրկին…
Airplus Engineering Consultants
Wishing the Community
a Merry Christmas
And Happy New Year
For all your engineering services, contact us at
(818) 980-7583