ԼԻԼԻԹ ՏԷՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Շուէդ հանրայայտ գրող, Նոբելեան մրցանակի դափնեկիր Սելմա Լագերլեոֆը խորապէս հաւատացեալ մարդ էր եւ լիովին համոզուած էր, որ երեխան որպէս անհատականութիւն է ձեւաւորւում փոքր հասակում, երբ լսում է մեծերի պատմած հեքիաթներն ու պատմութիւնները. այդ ժամանակ է նա ստանում բարոյականութեան մասին իր առաջին պատկերացումները: Եւ Յիսուս Նազովրեցու կերպարը բացայայտ կամ անտեսանելիօրէն ներկայ է Լագերլեոֆի բոլոր ստեղծագործութիւններում: Յիսուս Քրիստոսի մէջ նա տեսնում էր մարդկութեան պատմութեան կենտրոնական կերպարը, իմաստն ու նպատակը:
Լագերլեոֆը համոզուած էր, որ ամէն մի քրիստոնեայ պարտաւոր է իմանալ Աստուածաշունչը. նա, ով չի ճանաչում Աստծուն ու չի քայլում նրա խօսքի համաձայն, նման է խաւարի մէջ խարխափող մարդու… Իսկ քրիստոնէութեան եւ աստուածաշնչեան դէպքերի մասին երեխաներին պատմելը հեշտ չէր, եւ նա ընտրեց իր՝ միանգամայն ինքնատիպ ուղին: Աւետարանական դէպքերի մասին պատմող նրա ստեղծագործութիւնը կոչուեց «Լեգենդներ Յիսուսի Մասին». այն գրուած էր պարզ, երեխաներին մատչելի յօրինուածքով: Շարքը բաղկացած է տասներկու պատմութիւններից, որոնք հեղինակը գրել է Սուրբ երկիր կատարած ճանապարհորդութիւնից յետոյ: Պատմութիւններից իւրաքանչիւրը նուիրուած է Յիսուսի երկրային կեանքի որեւէ իրադարձութեան, սակայն աւետարանական դէպքերը ներկայացուած են ոչ թէ կանոնական ձեւով, այլ երեխաների համար հարազատ գոյներով ու ոգով:
Շարքի առաջին պատմութիւնը «Սուրբ Գիշեր»ն է (ներկայացւում է ստորեւ). երկրի վրայ ծնուեց մարդկութեան Փրկիչը. «Փա՜ռք Աստծուն երկնքում, երկրի վրայ՝ խաղաղութիւն»:
Յիսուս մանուկի ծննդեան հրաշքի մասին Սելմա Լագերլեոֆի պատմութիւնը հիւսուած է մանկական ամենաթանկ յիշողութիւնների, ընտանեկան ջերմիկ զգացումների, տխուր եւ ուրախ ապրումների, գոյների ու ձայների նրբին թելերով. գուցէ հէնց դրա շնորհիւ իրար կարծես աւելի են մօտենում ժամանակները, երկինքն ու երկիրը, մարդկանց սրտերը… Աշխարհը լցւում է աստուածային լոյսով ու անսահման գթասրտութեամբ, մարդկանց սրտերը՝ Աստծոյ մեծութեան ընկալման բերկրանքով ու ցնծութեամբ… Ու ամբողջ տիեզերքը դառնում է անբաժանելի միութիւն…
Բայց երկրի ու երկնքի համապարփակ այս ուրախութեան, ցնծութեան, երգեցեղութեան մէջ յանկարծ հոգումդ սուր կսկիծով են արձագանգում համընդհանուր յաղթանակի, յոյսի ու լոյսի բառերը, որովհետեւ դրանց խորհուրդը յայտնի է միայն Տիրամորը. «Ծնուեց Փրկիչը, որ քաւելու է աշխարհի մեղքը». ծնուեց Գառն Աստուծոյ: Տիրամայրը գիտի ու հեզութեամբ պատրաստ է Զոհաբերութեանը. «…Մարիամն այդ ամէնը պահում էր իր սրտում եւ մտորում։ (Ղուկ. 2.19):
«Գեղեցիկը կը փրկի աշխարհը», ասում էր Ֆ. Դոստոեւսկին, եւ դա բացարձակ ճշմարտութիւնն էր: Իսկ այդ գեղեցկութեան մարմնաւորումը նրա համար Ռաֆայէլի «Սիքստինեան Տիրամայր»ն էր: Տիրամօր այս կերպարի մէջ ամփոփուած կանացի զգայականութիւնից ու քնքշութիւնից, մաքրութիւնից ու հմայքից, ոգեղենութիւնից ու սրբութիւնից, անհուն սիրուց ու զոհաբերութեան պատրաստ խոնարհութիւնից միահիւսուած այս Գեղեցկութիւնն է, որ կարող է փրկել աշխարհը:
Եւ ամէն տարի Սուրբ Ծնունդին, երբ երկնքում ու երկրի վրայ հրեշտակներն աւետում են մեր Տիրոջ ու Փրկչի Ծնունդը, եւ մենք ցնծում ու շնորհաւորում ենք միմեանց, յիշենք Տիրամօրը եւ փորձենք աշխարհում եւ մեր սրտերում աւելացնել սէրն ու գթասրտութիւնը… գեղեցկութիւնը, որը պիտի փրկի աշխարհը…
——————————————–
«Սուրբ Գիշեր»
ՍԵԼՄԱ ԼԱԳԵՐԼԵՈՖ
Թարգմ. ԼԻԼԻԹ ՏԷՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Երբ ես հինգ տարեկան էի, ինձ հետ շա՜տ մեծ դժբախտութիւն պատահեց: Աւելի մեծ դժբախտութիւն դրանից յետոյ ես կարծես թէ չեմ ունեցել: Մահացաւ տատիկս: Մինչեւ կեանքի վերջը նա օրերն անցկացնում էր իր սենեակում՝ անկիւնային բազմոցին նստած, մեզ հեքիաթ պատմելով: Տատիկը առաւօտից մինչեւ երեկոյ հեքիաթ էր պատմում, իսկ մենք՝ երեխաներս, նրա կողքին լուռ նստած, լսում էինք: Հրաշալի՜ կեանք էր: Ուրիշ երեխաներ մեզ նման չէին ապրում: Յիշողութեանս մէջ տատիկիս մասին քիչ բան է պահպանուել: Յիշում եմ, որ նա գեղեցիկ ձիւնաճերմակ մազեր ունէր, որ քայլում էր բոլորովին կորացած եւ միշտ գուլպա էր գործում: Յիշում եմ, որ երբ վերջացնում էր ինչ-որ հեքիաթ պատմելը, ձեռքը դնում էր գլխիս ու ասում. «Եւ այս ամէնը նոյնքան իրական է, որքան այն, որ մենք հիմա տեսնում ենք միմեանց»: Յիշում եմ նաեւ, որ նա սքանչելի երգեր էր երգում, սակայն երգում էր դրանք շատ հազուադէպ: Այդ երգերից մէկում պատմւում էր ասպետի եւ ծովային արքայադստեր մասին, եւ այն այսպիսի կրկներգ ունէր. «Եւ սառնաշունչ քամի փչեց ծովի վրայով»: Յիշում եմ նաեւ այն փոքրիկ աղօթքն ու սաղմոսը, որ նա ինձ սովորեցրեց: Բոլոր այն հեքիաթների մասին, որ տատիկն ինձ պատմում էր, շատ աղօտ ու աղքատիկ յիշողութիւններ են պահպանուել: Դրանցից միայն մէկն է որ այնքան լաւ եմ յիշում, որ կարող եմ վերապատմել: Դա Քրիստոսի ծննդեան մասին փոքրիկ լեգենդ է: Ահա գրեթէ այն ամէնը, ինչ կարողանում եմ մտաբերել տատիկիս մասին, բացի մեծագոյն կորուստի զգացումից, որն ունեցայ, երբ նա հեռացաւ մեզանից, – եւ դա յիշում եմ բոլորից լաւ: Յիշում եմ այն առաւօտը, երբ անկիւնում դրուած բազմոցը դատարկ էր մնացել, եւ անհնարին էր պատկերացնել, թէ ե՛րբ է աւարտուելու այդ օրը: Դա ես երբեք չեմ մոռանայ: Եւ յիշում եմ, թէ ինչպէ՛ս մեզ՝ երեխաներիս, մօտեցրին ննջեցեալին, որ հրաժեշտ տանք նրան ու համբուրենք նրա ձեռքը: Մենք վախենում էինք համբուրել հանգուցեալին, բայց ինչ-որ մէկն ասաց, որ վերջին անգամ է, երբ մենք կարող են շնորհակալութիւն յայտնել տատիկին բոլոր այն ուրախութիւնների համար, որոնք նա մեզ պարգեւում էր:
Յիշում եմ, թէ ինչպէ՛ս բոլոր երգերն ու հեքիաթները, երկար սեւ արկղի մէջ դասաւորուած, տատիկի հետ գնացին մեր բակից ու այլեւս երբեք չվերադարձան: Այն ժամանակ ինչ-որ բան հեռացաւ մեր կեանքից: Ասես ընդմիշտ կողպուեց այն դուռը, որ տանում էր դէպի լայնարձակ, գեղեցիկ կախարդական աշխարհը, որտեղ մենք նախկինում ազատօրէն շրջում էինք: Մենք աստիճանաբար սովորեցինք խաղալ տիկնիկներով ու խաղալիքներով ու ապրել այնպէս, ինչպէս ապրում էին միւս երեխաները, եւ կարող էր թուալ, թէ մենք այլեւս չենք տխրում տատիկի համար ու չենք յիշում նրա մասին: Բայց նոյնիսկ այս պահին՝ քառասուն տարի անց, երբ նստած մտաբերում եմ Քրիստոսի մասին լեգենդները, որոնք ես լսել եմ Արեւելքում, յիշողութեանս մէջ յառնում է Քրիստոսի ծննդեան մասին այն զրոյցը, որը սիրում էր պատմել տատիկս: Եւ ես ուզում եմ ինքս պատմել ու ընդգրկել այն իմ ժողովածուի մէջ:
Սուրբ Ծննդեան ճրագալոյցն էր. տատիկից ու ինձնից բացի՝ բոլորը գնացել էին եկեղեցի: Եւ մենք կարծես մենակ էինք ամբողջ տանը: Մեզ չէին տարել իրենց հետ, որովհետեւ մեզանից մէկը շատ փոքր էր, իսկ միւսը՝ շատ ծեր: Երկուսս էլ շատ վշտացած էինք, որ չենք կարող ներկայ գտնուել հանդիսաւոր արարողութեանն ու տեսնել Սուրբ Ծննդեան մոմերի շողարձակումը: Ու երբ մենք նստած էինք մեր միայնութեան մէջ, տատիկը սկսեց պատմել.
«Ինչ որ ժամանակ մի մարդ մութ գիշերով փողոց դուրս եկաւ՝ կրակ հայթայթելու: Նա մի խրճիթից միւսին էր անցնում ու թակում դռները:
– Օգնեցէ՜ք ինձ, բարի՜ մարդիկ,- ասում էր նա,- կինս նոր է երեխայ ունեցել. ես պէտք է կրակ վառեմ, որ տաքացնեմ նրանց:
Բայց խոր գիշեր էր, եւ բոլոր մարդիկ քնած էին: Ոչ ոք չէր արձագանգում նրա խնդրանքին: Մարդը աւելի ու աւելի հեռու էր գնում: Վերջապէս առջեւում ինչ-որ տեղ թրթռացող կրակ նշմարեց: Նա այդ կողմն ուղեւորուեց ու հասաւ բացօթեայ խարոյկին, որի շուրջը բազմաթիւ սպիտակ գառներ էին քնած, իսկ ծեր հովիւը, նստած, հսկում էր իր հօտը: Երբ կրակ փնտռող մարդը մօտեցաւ գառներին, տեսաւ, որ հովուի ոտքերի մօտ երեք շուն կար քնած: Նրա մօտենալուն պէս երեքն էլ արթնացան եւ լայն բացեցին իրենց հսկայական երախները, կարծես պատրաստւում էին հաջելու, բայց որեւէ ձայն դուրս չեկաւ նրանցից: Մարդը տեսաւ, թէ ինչպէ՛ս շների մէջքի մազերը ցից-ցից կանգնեցին, ինչպէ՛ս սպիտակ ատամները շլացուցիչ փայլեցին խարոյկի լոյսից, եւ նրանք նետուեցին իր կողմը: Զգաց, ինչպէ՛ս շներից մէկը բռնեց իր ոտքը, միւսը՝ թեւը, երրորդը ատամները խրեց իր կոկորդը: Սակայն ծնօտներն ու ատամները չէին ենթարկւում շներին, եւ նրանք մի կողմ քաշուեցին՝ առանց դոյզն-ինչ վնասելու:
Յետոյ մարդն ուզեց առաջանալ, սակայն գառները մէջք-մէջքի այնքան խիտ էին պառկած, որ նա չէր կարողանում անցնել դրանց միջով: Այդ ժամանակ դէպի կրակը գնաց գառների վրայով: Եւ գառներից ոչ մէկը չարթնացաւ ու չշարժվեց»:
Մինչ այս պահը տատիկը պատմում էր առանց դադարի, բայց ես չկարողացայ զսպել ինձ, որ չընդհատեմ նրան.
– Բայց ինչո՞ւ նրանք չշարժուեցին, տատի՛կ. չէ՞ որ գառներն այնքա՜ն երկչոտ են:
– Շուտով կ՛իմանաս,- ասաց տատիկը եւ շարունակեց իր պատմութիւնը.
«Երբ մարդը բաւականաչափ մօտեցաւ խարոյկին, հովիւը բարձրացրեց գլուխը. մի մռայլ ծերունի էր, որ կոպիտ ու անբարեհամբոյր էր բոլորի հետ: Եւ երբ նա տեսաւ, որ իրեն անծանօթ մարդ է մօտենում, արագօրէն վերցրեց երկար, սրածայր ցուպը, որով միշտ շրջում էր հօտի հետ, ու նետեց մարդու վրայ: Ցուպը սլացաւ ճիշդ մարդու ուղղութեամբ, բայց շեղուեց ու գնաց դէպի դաշտի միւս ծայրը»:
Ես կրկին ընդհատեցի տատիկին.
– Բայց ինչո՞ւ ցուպը չկպաւ մարդուն:
Տատիկը ոչինչ չպատասխանեց ու շարունակեց.
«Այդ ժամանակ մարդը մօտեցաւ հովուին ու ասաց նրան.
– Բարեկա՛մս, օգնի՜ր, կրա՜կ տուր ինձ: Կինս նոր է երեխայ ունեցել. ես պէտք է կրակ վառեմ, որ տաքացնեմ նրանց:
Ծերունին կը գերադասէր մերժել, բայց երբ յիշեց շներին, որոնք չկարողացան կծել այդ մարդուն, գառներին, որոնք չփախան նրանից, ցուպը, որը չդիպաւ նրան,- չհամարձակուեց մերժել նրա խնդրանքը:
– Վերցրո՛ւ որքան որ անհարաժեշտ է,- ասաց հովիւը:
Բայց կրակը գրեթէ մարել էր, եւ ոչ մի կտոր փայտ, ոչ մի տաշեղ չէր մնացել այլեւս. մի կոյտ շիկածուխ կար միայն: Իսկ անծանօթը ո՛չ բահ ունէր, ո՛չ թիակ, որոնցով կարողանար շիկացած ածուխի կտորները վերցնել: Դա տեսնելով՝ հովիւը կրկնեց՝ վերցրո՛ւ որքան պէտք է՝ ներքուստ ուրախանալով այն մտքից, որ մարդը չի կարողանայ իր հետ կրակ տանել: Բայց մարդը խոնարհուեց, ձեռքերով կրակից մի քանի ածուխ ընտրեց ու դրեց հագուստի քղանցքի մէջ: Եւ ածուխները չայրեցին նրա ափերը, երբ նա վերցնում էր դրանք, ու չայրեցին նաեւ նրա հագուստը. մարդը տարաւ ածուխներն այնպէս, կարծես խնձորներ կամ ընկոյզներ լինէին»:
Այստեղ ես երրորդ անգամ ընդհատեցի.
– Տատի՛կ, իսկ ինչո՞ւ ածուխները չայրեցին նրան:
– Յետոյ կ՛իմանաս,- պատասխանեց տատիկը եւ շարունակեց:
«Երբ չար ու ջղային հովիւը տեսաւ այս ամէնը, շատ զարմացաւ. «Այս ի՞նչ գիշեր է, որ շները չեն կծում, գառները չեն երկնչում, ցուպը չի սպանում, եւ կրակը չի այրում»: Նա կանգնեցրեց անծանօթին ու հարցրեց.
– Այս ի՞նչ գիշեր է: Եւ ինչո՞ւ բոլոր կենդանիներն ու իրերը գթառատ են քո նկատմամբ:
– Ես չեմ կարող դա քեզ բացատրել, եթէ դու ինքդ չես տեսնում,- պատասխանեց անծանօթը եւ գնաց իր ճանապարհով, որպէսզի շտապ կրակ վառի ու տաքացնի իր կնոջն ու երեխային: Հովիւը որոշեց տեսադաշտից չկորցնել մարդուն այնքան ժամանակ, մինչեւ չպարզի, թէ այս ամէնն ի՛նչ է նշանակում: Նա վեր կացաւ ու հետեւեց մարդուն մինչեւ նրա կացարանը: Պարզուեց, որ անծանօթը հիւղակ անգամ չունի ապրելու համար, որ նրա կինն ու նորածին մանուկը պառկած են սառը քարայրում, որտեղ ոչինչ չկայ՝ լերկ, քարէ պատերից բացի: Հովիւը մտածեց, որ անմեղ մանուկը կարող է սառչել ու մեռնել այդ քարայրի մէջ, ու թէեւ նա անողորմ մարդ էր, արտասուելու աստիճան յուզուեց ու որոշեց օգնել փոքրիկին: Ուսից իջեցնելով պարկը՝ այնտեղից հանեց գառան ճերմակ փափուկ մորթին ու տուեց անծանօթին, որպէսզի նա երեխային պառկեցնի դրա վրայ: Եւ նոյն վայրկեանին, երբ պարզ դարձաւ, որ հովիւը նոյնպէս կարող է գթասիրտ լինել, նրա աչքերը բացուեցին, եւ նա տեսաւ այն, ինչը մինչ այդ չէր կարողանում տեսնել, եւ լսեց այն, ինչը մինչ այդ չէր կարողանում լսել: Նա տեսաւ, որ իրեն խիտ օղակով շրջանակել էին արծաթաթեւ հրեշտակները. իւրաքանչիւրի ձեռքում տաւիղ կար, եւ բոլորը զրնգուն ձայներով երգում էին այն մասին, որ այդ գիշեր ծնուել է Փրկիչը, որ քաւելու է աշխարհի մեղքը: Այն ժամանակ հովիւը հասկացաւ, թէ ինչո՛ւ բնութեան մէջ ամէն ինչ ուրախանում էր այդ գիշեր, եւ ինչո՛ւ ոչ ոք չէր կարողանում վնասել Մանուկի հօրը: Հովիւը շուրջը նայեց ու տեսաւ, որ հրեշտակներն ամէնուր էին: Նրանք նստած էին քարայրում, իջնում էին սարերից, ճախրում էին երկնակամարում… Նրանք հսկայական խմբերով անցնում էին ճանապարհով, եւ երբ հասնում էին քարայրին, կանգ էին առնում ու բերկրալի հայեացք նետում Մանկան կողմը: Եւ ամէնուր ցնծութիւն էր, ուրախութիւն, երգեցողութիւն, խնդութիւն… Այս ամէնը հովիւը տեսաւ գիշերային խաւարում, որտեղ նախկինում ոչինչ չէր նշմարւում: Եւ նա, ուրախացած, որ իր աչքերը բացուել են, ծնկեց ու աղօթեց՝ Աստծուն յայտնելով իր երախտագիտութիւնը»:
Այս խօսքերի վրայ տատիկը խոր հոգոց հանեց ու ասաց.
– Գիտե՞ս, այն, ինչ տեսաւ հովիւը, մենք էլ կարող էինք տեսնել, որովհետեւ ամէն տարի Սուրբ Ծննդեան գիշերը հրեշտակները ճախրում են երկնակամարում: Եթէ միայն մենք կարողանայինք տեսնել… Եւ ձեռքը դնելով գլխիս՝ տատիկն աւելացրեց.
– Յիշի՛ր, որովհետեւ դա նոյնքան իրական է, որքան այն, որ մենք հիմա տեսնում ենք միմեանց. կարեւորը մոմերն ու լամպերը չեն, եւ ոչ էլ արեւն ու լուսինը, այլ այնպիսի աչքեր ունենալը, որոնք կարողանում են տեսնել ԱՍՏԾՈՅ Մեծութիւնը…
Wishing You Peace, Love and Joy for This Season
Krikor and Magda Hovsepian Julie, Dina and Christopher
Phoenix – Arizona
ARF Kevork Chavoush
ARS Ararat Chapter
AYF Kedashen Chapter
Homenetmen Phoenix
ANC of Arizona
Հայ Դատի պահանջատիրական պայքարին
մեծ ոստում մը կը մաղթենք
Mr. & Mrs. Meher & Satig
Der Ohanessian & Family
We wish all our family and friends
a Happy, Healthy and Prosperous New Year