ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Երբ լսեցինք պարոն Ճորճի մահուան գոյժը, առաջին յիշատակ նախադասութինը նրա մասին ձեւակերպուեց այսպէս՝ «Լուսաւոր մարդ էր»: Ինչո՞ւ լոյսի հետ կապուեց հանգուցեալը, մի անձ, որ ունէր բազմաթիւ այլ յատկանիշներ, ինչո՞ւ յանկարծ դարձաւ լուսատու, եւ մէկ կողմ դրուեցին մարդկային այլ արժանիքները:
Հէնց այդ բոլոր արժանիքները նրան դարձրել էին լուռ, սակայն ճառագայթող, լուսատու մի կենտրոն, որտեղից նա օգտակար էր դառնում իր շրջապատին:
Տարիներ ի վեր ճանաչում ենք պարոն Ճորճ Գամպէրեանին, Հալէպից: Մեր կապը սկսուեց, երբ նրա դստեր՝ Վերայի հետ սկսուեցին մեր դաշնամուրի դասերը: Հետագայում դարձանք խնամիներ, երբ Վերան ամուսնացաւ իմ մօրեղբոր տղայի՝ Բէգլար Փիլաւճեանի հետ:
Գէորգ Ճորճ Գամպէրեանը ծնուել էր 1933ին, Զահլէում, Լիբանան: Նա զաւակն էր Հաճընից Զահլէ գաղթած Առաքել եւ Վիքթորիա Գամպէրեանների, չորս զաւակներից երրորդը (Երանուհի, Վարդուհի, Գէորգ եւ Վարուժան):
Մանկութիւնը եւ պատանեկութիւնը անցկացրել է Զահլէում: Յաճախել է Զահլէի հայկական Պալըգճեան վարժարանը: Ծառայել է իբրեւ դպիր Զահլէի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում: Նաեւ եղել է ՀՄՄի սկաուտ:
Երիտասարդ տարիքում փոխադրում է Սիրիայի Հալէպ քաղաք, ուր աշխատում է գերմանական MAN (ՄԱՆ) ընկերութեան մէջ: 1962ին մեկնում է Գերմանիա, Համպուրկ, ուր մասնագիտանում է Մեքանիքի եւ ելեկտրականութեան մարզերի մէջ, որից յետոյ սկսում է իր անձնական գործը Հալէպում:
1963ին ամուսնանում է Սօսի Տարագճեանի հետ, եւ զոյգը բախտաւորւում է երեք զաւակներով՝ Վերա, Արա եւ Արմէն: Տիպար ամուսինը եւ հայրը իր ընտանիքին ապահովել էր բարեկեցիկ կեանք, ջանք չխնայելով տալու իր լաւագոյնը:
Ճորճ Գամպէրեանը կարճ ժամանակում մեծ յաջողութիւն է գտնում իր ասպարէզում՝ դառնալով այդ մասնագիտութեան առաջնակարգ գործարարը Սիրիայում, եւ առաջին անգամ նրա շնորհիւ մաքուր ջուր եւ ելեկտրականութիւն է մատակարարւում Սիրիայի անապատային զանազան անմշակ շրջաններին:
Հալէպահայ գաղութում Ճորճ եւ Սօսի Գամպէրեաններն ունէին իրենց ուրոյն տեղը: Միութենական կեանքը նրանց առօրեայի մի մասն էր:
Ճորճ Գամպէրեանը եղել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան զանազան վարչական մարմինների անդամ, մասնաւորաբար գործել է Լազար Նաճարեան-Գալուստ Կիւլպէնկեան դպրոցի եւ «Կիւլպենկեան» մայրանոցի հոգաբարձական կազմերում:
Ճորճը սիրում էր արուեստը, երգը, պարը եւ հայ մշակոյթն ընդհանրապէս: Նա միութենական կեանքի բերմամբ, մօտ բարեկամութիւններ էր հաստատել հայրենիքից Հալէպ այցելող արուեստագէտների հետ, նրանց հիւրընկալելով, մանաւանդ իր բնակարանում անվերջ հրաւէրներ տալով եւ իր տան սեղանը միշտ բաց պահելով բոլորի համար, հիւրասիրելով, ուրախանալով եւ հաճելի ժամանակ անցկացնելով, հարազատների եւ բարեկամների հետ միասին:
Ճորճ Գամպէրեանի բնաւորութեան յատկանշական գծերից մէկն էր՝ իր անձնական հանգիստը զոհելով միշտ օգնութեան հասնել բոլորին, առանց որեւէ խտրութիւն դնելու ազգի, կրօնի կամ կարգավիճակի միջեւ:
Տէր եւ տիկին Գամպէրեանները իրենց բարեհամբոյր խառնուածքով միշտ առաջին դիրքերում էին իրենց ներկայութեամբ, իսկ նիւթական աջակցութիւնները՝ յաճախ լուռ, սատար էին լինում համապատասխան անձանց: Ցաւակցութեան համար այցելութեան օրը, Բէգլարի եւ Վերայի բնակարանում, մի ազգականուհի ասում էր. «Պզտիկներուս մեծ պապան էր»: Իսկ մեծ պապա լինել, նշանակում է հոգալ, եւ հոգալն իր մէջ ամփոփում է ամէն ինչ:
Երաժիշտ չէր մեքանիքի եւ ելեկտրականութեան մէջ մասնագիտացած Ճորճը, սակայն նա եւ Սօսին միշտ ներկայ էին համերգների, նաեւ՝ դասախօսութիւնների, մշակութային ձեռնարկների: Ընտանիքի հոգատար հայրը առաջին քաջալերողն էր նաեւ իր զաւակների նախասիրութիւնների բացայայտման:
Կը յիշեմ նաեւ պահպանողական պարոն Ճորճին. Հալէպում ապրած տարիներին, երբ ծնողներս Ամերիկայից որեւէ փոխանցում էին կատարում ինձ՝ Վերայի միջոցով պարոն Ճորճին, արեւելքցի Ճորճի հետ մեր հանդիպումները լինում էին «մեշտել»ի մուտքի առջեւ, բաց տարածութեան մէջ…
Այո՛, յարգելի բարեկամ, արդեօք ովքե՞ր պիտի լինէին քու յուղարկաւորութեանը, եթէ Հալէպում մնացած լինէինք: Եկեղեցին պիտի յորդէր բազմութիւնից, ներկայ պիտի լինէին քո միութենական ընկերները, արաբ գործընկերները, քո աջակցութիւնը վայելած բարեկամները, քեզ հետ աղ ու հաց ունեցած իւրաքանչիւր մարդ:
Սակայն մենք հրաժեշտ տուեցինք պարոն Ճորճ Գամպէրեանին հեռաւոր Ամերիկայում, ճանապարհեցինք նրան մի աւելի հեռու երկիր, ուր բոլորս էլ պիտի գնանք, աշխարհի չորս ծագերից: Եւ զարմանալիօրէն, յաւիտեան բաժանման տխրութիւնից աւելի մեզ մօտ մնաց պայծառ մի յիշողութիւն, որ ճառագում էր մեզանից հեռացած լուսաւոր մարդուց:
it’s very true whatever Garine mentioned he was a real friend he always helped everyone in need without any hesitation with Sossi backing him we have very good memories with the couple