ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերու ընդհանուր հրամանատար Արտակ Դաւթեան շնորհաւորական ուղերձ յղեց Բանակի կազմութեան 28ամեակին առիթով՝ դիտել տալով, որ այս օրը համայն հայութեան համար տօն է, որովհետեւ բանակն է այն հիմնաքարը, որուն վրայ կառուցուած է մեր պետութիւնը՝ աշխարհասփիւռ հայութեան հայրենիքը:
«Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերը կազմաւորման բարդ ընթացք ունեցան՝ սկսուելով Արցախեան ազատամարտից եւ շարունակուելով մինչեւ մեր օրերը, սակայն այս տարիների ընթացքում բազմիցս ունեցանք հերոսական դրուագներ եւ հպարտանալու առիթներ: Բանակը ոչ միայն համակարգն է, այլեւ անհատներն են, որ կերտում եւ ամրացնում են այն: Այսօր նախեւառաջ ուզում եմ շնորհաւորել հէնց այդ անհատներին, որոնց նուիրեալ, երբեմն ինքնազոհ ծառայութեան շնորհիւ է, որ ունենք կուռ եւ ամուր կառոյց, որին վստահում եւ ապաւինում է ողջ ազգը: Պատմութիւնը ցոյց է տալիս՝ հէնց որակի եւ ներքին ուժի շնորհիւ է, որ դարեր շարունակ մենք կերտել ենք յաղթանակներ, եւ այդ աւանդոյթը չի խախտուելու:
«Մենք երբեք չենք մոռանում՝ հայկական բանակի ակունքներում նախեւառաջ մեր զոհուած հերոսների սխրանքն է. մենք շարունակում ենք բանակաշինութեան գործընթացը՝ հաւատարիմ մնալով նրանց յիշատակին: Փառք ու պատիւ մեր զոհուած ընկերներին:
«Նաեւ արձանագրում ենք՝ այսօր մենք ունենք սպայական կիրթ եւ ուժեղ կազմ, խելամիտ եւ պատրաստակամ ժամկետային զինծառայողներ, հոգատար եւ բանիմաց հրամանատարներ, եւ այս եռամիասնութիւնն է, որ անսասան է պահում մեր երկրի՝ ինչպէս օդային, այնպէս էլ ցամաքային սահմանները: Մենք բազմիցս յայտարարել ենք եւ կրկնում ենք՝ պատերազմ հրահրելու ցանկութիւն Հայաստանի զինուած ուժերը չունեն, բայց իւրաքանչիւր պահի պատրաստ են ոչ միայն կասեցնելու հակառակորդի ցանկացած ոտնձգութիւն, այլ նաեւ ստիպելու մտորել անվերադարձ կորուստների հետեւանքների մասին:
«Ոմանց համար բանակը որդու կամ եղբօր, միւսների համար հօր պէս թանկ է եւ հարազատ: Ամէն մէկս մեր չափաբաժին հոգածութիւնն ունենք տալու բանակին՝ փոխարէնը ստանալով խաղաղ եւ զարգացող երկրում ապրելու հաւաստիացումը, գրաւականը: Վստահ եմ, որ բոլորս շարժւում ենք այս գիտակցմամբ՝ սկսած ընտանիքից մինչեւ դպրոց, բանակցային սեղանից մինչեւ մարտական դիրք», նշուեցաւ ուղերձին մէջ։
Հաստատելով, որ Արցախեան ազատամարտէն ծնունդ առած հայոց բանակը այսօր հզօր է աւելի քան երբեւէ եղած է եւ մնայուն կերպով կը կատարելագործուի՝ հրամանատարը եզրափակեց. «Կեցցէ՛ հայոց բանակը: Փա՜ռք մեր բոլոր հերոսներին եւ այս պահին իրենց հայրենիքին ծառայութիւն մատուցող զինծառայողներին: Պատի՛ւ ունեմ»: