«Մերժուածները Յոյս Ունեն, Որ Իշխանութիւնները Կը Հրաժարուեն Դատաիրաւական Բարեփոխումներից»
Վարեց՝ ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ
Մեր հարցերին պատասխանում է Հելսինկեան քաղաքացիական ասամբլէայի (ժողովի-Խմբ.) Վանաձորի գրասենեակի ղեկավար Արթուր Սաքունցը
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- ԵԽԽՎ համազեկուցողները հանդէս են եկել յայտարարութեամբ, որտեղ մտահոգութիւն են յայտնել վարչապետի աշխատակազմի եւ ՍԴ նախագահի միջեւ լարուածութեան բարձր մակարդակի կապակցութեամբ: Ընդդիմութիւնն ասում է, որ սա քննադատութիւն էր ուղղուած իշխանութիւններին, իշխանութիւնն էլ ողջունում է յայտարարութիւնը՝ նշելով, որ այնտեղ չկայ որեւէ տող, որտեղ ՀՀ իշխանութիւնների հասցէին քննադատութիւն կայ: Ձեր կարծիքով՝ սա նախազգուշացո՞ւմ էր Հայաստանին, թէ ոչ:
ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ.- Ձեր նշած, այսպէս կոչուած, որպէս ընդդիմութիւն հանդէս եկողները, որոնք ամէն ջանք գործադրում են որպէս ընդդիմութիւն երեւալու համար, բարոյական պատասխանատուութիւն ունեն այն ամէնի համար, որ Հայաստանում եղել է եւ կայ: Խօսքը վերաբերում է նրան, որ առնուազն 20 տարի ՀՀում իշխանութիւն ունեցած մարդիկ բացարձակապէս ձախողել են թէ՛ դատական իշխանութեան, թէ՛ ժողովրդավարական պետութեան, թէ՛ իրաւական պետութեան, թէ՛ տնտեսական, սոցիալական ապահովութեան բոլոր ոլորտներում: Աւելին, ձախողել են, որովհետեւ նպատակը եղել է ոչ թէ այդ խնդիրների լուծումը, այլ խմբային, կոռուպցիոն (փտածութիւն-Խմբ.) շահերը, որը դրսեւորուել է անպատժելիութեամբ: Այդ ամէնի հետեւանքով տեղի է ունեցել յեղափոխութիւնը: Երկրորդ, Հայաստանը որպէս ԵԽ անդամ այլեւս այն Հայաստանը չէ, որը գոյութիւն ունէր 2018ի Ապրիլից առաջ: 2018ի Դեկտեմբերի 9ի ԱԺ արտահերթ ընտրութիւնները ստացել են այնպիսի գնահատական, որը նախկիններն իրենց ողջ իշխանավարման ընթացքում երբեւէ չեն ստացել եւ կ՛երազէին ստանալ: Չնայած բոլոր ջանքերին՝ թաքցնելու աղաղակող խախտումները, որեւէ ընտրութիւնից յետոյ չեն ստացել այդպիսի գնահատական: Այնպէս որ, ԵԽԽՎ ցանկացած բանաձեւ, որ կ՛ընդունուի, իր բովանդակութեամբ եւ իր նպատակով բոլորովին այլ բնոյթ ունի, քան նախորդ բանաձեւերը: Ես ուղղակի իրենց կը յիշեցնեմ Հայաստանի վերաբերեալ ԵԽԽՎ բոլոր բանաձեւերը, որտեղ խայտառակ արձանագրումներ կան: Այսինքն ԵԽԽՎն արձանագրում է խնդիրներ, որոնք վերաբերում են աւտորիտար (մենատիրական-Խմբ.) կառավարումից ժողովրդավար կառավարման, անպատժելի կառավարումից իրաւական պետութեան, իրաւունքի գերակայութեան պետութեան անցման շրջանում առկայ խնդիրներին: Մենք էլ ենք այստեղ բազմիցս մեր պահանջները, մտահոգութիւնները ներկայացրել: ԵԽԽՎն արձանագրում է այդ անցման ժամանակ մտահոգող խնդիրը. այն է, որ Սահմանադրական դատարանի եւ ընդհանրապէս դատական իշխանութեան հետ կապուած խնդիրները պէտք է լուծել ոչ լարուած մթնոլորտում: Այսինքն պէտք է լուծել բացարձակապէս իրաւական ճանապարհով:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Այսինքն՝ այս յայտարարութիւնից յետոյ իշխանութեան մտադրութիւնները չե՞ն կարող փոխուել:
ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ.- Չեն կարող փոխուել իշխանութեան մտադրութիւնները, դա աբսուրդ (անհեթեթութիւն-Խմբ.) է: Ի դէպ, նախկին մերժուածները յոյս ունեն, որ իշխանութիւնները կը հրաժարուեն դատաիրաւական այն բարեփոխումներից, որը վերջնականապէս կը վերականգնի լեգիտիմութիւնը (օրինականութիւնը-Խմբ.) թէ՛ ՍԴի, թէ՛ դատական իշխանութեան նկատմամբ: Նախկինները ձգտում են նրան, որ կասեցուի այդ գործընթացը, խափանուեն լեգիտիմութեան վերականգնման ուղղուած գործողութիւնները: Ուղղակի այստեղ ԵԽԽՎն արձանագրում է, որ լեգիտիմութեան ապահովման ուղղութեամբ ջանքերը չպէտք է կասկածելի լինեն, պէտք է լինեն բացառապէս իրաւական մեթոդներով (ձեւերով-Խմբ.): Իսկ եթէ նախկին իշխանութիւնները փորձում են այս օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) արձանագրումն օգտագործել քաղաքական նպատակներով եւ փորձեն այս իշխանութիւններին նոյնականացնել իրենց հետ, չարաչար սխալւում են: Ժողովրդավարական իշխանութիւնն էլ կարող է ունենալ խնդիրներ, եւ ժողովրդավարական իշխանութեան խնդիրները բոլորովին այլ են աւտորիտար կառավարման իշխանութեան խնդիրներից: Անպատժելիութեան ինստիտուտը (հիմնարկը-Խմբ.), որ ձեւաւորւում էր տարիներ շարունակ՝ համակարգային կոռուպցիայով, պետութեան ռեսուրսները (պաշարները-Խմբ.) մսխելով, այդ ժամանակ խնդիրները բոլորովին այլ բովանդակութիւն ունէին, քան տարիներով կուտակուած խնդիրների լուծման պատասխանատուութիւնը վերցրած իշխանութեան խնդիրները: Սրանք բոլորովին այլ չափման համակարգեր են: Նախկինների այդ քննադատութեան իմաստը հէնց դա է, որ նոյնականացնեն, որ իրենք նոյնն են բովանդակութեամբ: Նոյնը չեն, եւ այսօրուայ խնդիրների առաջացման ուղղակի պատասխանատուութիւնն իրենք են կրում: Այսօրուայ իշխանութիւնը պատասխանատու է տարիներ շարունակ չլուծած խնդիրների լուծման համար: Այստեղ պէտք է գիտակցել, որ այն մեխանիզմները (գործիքները-Խմբ.), այն մեթոդները, որ կիրառուեցին գործադիր իշխանութեան եւ օրէնսդիր իշխանութեան լեգիտիմութեան ապահովման համար, դրանք չեն կարող կիրառուել դատական իշխանութեան եւ ՍԴի լեգիտիմութեան ապահովման համար: Դրա համար անհրաժեշտ է մէկ քայլ՝ նոր սահմանադրութեան ընդունում:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Սահմանադրական փոփոխութիւնները մօտ մէկ տարի կը տեւեն, բայց իշխանութիւնները յայտարարում են, որ ՍԴում առկայ խնդիրը շուտով կը հանգուցալուծուի:
ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ.- Հասկանում եմ, որ մէկ տարի կը տեւի, բայց դա աւելի շուտ պէտք էր անել: Չպէտք է յապաղել: Կա՛մ պէտք է շատ արագ գործող սահմանադրութեան գործողութիւնները առանձին ինստիտուտների վերաբերեալ դադարեցնել հանրաքուէով, կա՛մ շատ արագ նոր սահմանադրութեան նախագիծ մշակել եւ հանրաքուէով ընդունել: Այս սահմանադրութիւնը պետութեան զաւթման սահմանադրութիւն է, պետութեան զաւթումն արձանագրող սահմանադրութիւն, որի շուրջ եթէ որեւէ մէկը հակաճառի, կարող եմ առանձին նորմերով ապացուցել, որ գործող սահմանադրութիւնը չի կարող ժողովրդավարական եւ իրաւական պետութեան զարգացումն ապահովող սահմանադրութիւն լինել: Բայց յապաղել պէտք չէ, այդ ամէնը շատ շուտ պէտք է անել, քան մէկ տարին է: