ԳԼԵՆԴԵԼ.- Միացեալ Նահանգների Հիւանդութիւնների հսկողութեան եւ կանխարգելման կենտրոնի տարածած տեղեկատուութեան համաձայն, Չինաստանից, Իրանից, Հարաւային Կորէայից, Շենգենեան գօտու երկրներից, ինչպէս նաեւ Մեծ Բրիտանիայից եւ Իրլանդիայի Հանրապետութիւնից ժամանող ուղեւորները պէտք է մնան իրենց տանը 14 օր ժամկէտով:
Մարտի 18ից սկսած 14 օր ժամկէտով դադարեցուելու են դէպի Կատար իրականացուող բոլոր չուերթները, բացառութեամբ` օդային բեռնափոխադրումների եւ տարանցիկ չուերթների: Տեղեկացնում ենք, որ Դոհա-Երեւան եւ Երեւան-Դոհա չուերթները նախորդ շաբաթ իրականացուել են ոչ ամէնօրեայ պարբերականութեամբ, այլ միայն Երկուշաբթի, Չորեքշաբթի, Ուրբաթ եւ Կիրակի օրերին: Մարտի 17ից սկսած չեղարկուել են Դոհա-Երեւան եւ Երեւան-Դոհա ուղղութեամբ իրականացուող բոլոր չուերթները:
Հայաստանի կառավարութեան որոշմամբ Հայաստանի ամբողջ տարածքում Մարտի 16ի ժամը 18:30ից մինչեւ Ապրիլի 14ը սահմանուեց արտակարգ դրութիւն: «Արգելւում է միայն այն քաղաքացիների մուտքը, ովքեր առողջապահութեան նախարարի որոշմամբ գալիս են այն երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը ծանր է կամ վերջին 14 օրուայ ընթացքում գտնուել են այդպիսի երկրներում, եւ պարէտն առանձին դէպքերում կարող է սահմանել որոշ բացառութիւններ», յայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
Ըստ նախագծի` արտակարգ դրութեան իրաւական ռեժիմն (դրութիւնը) ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կը ստեղծուի պարէտատուն, որի ղեկավարման համար պարէտ կը նշանակուի փոխվարչապետ Տիգրան Աւինեանը:
Կառավարութեան նիստի ընթացքում վարչապետը նշեց, որ ըստ էութեան Հայաստանի քաղաքացիներին արգելում է ելքը ցամաքային ուղղութիւններով, իսկ օդային եղանակով տարածքը լքելու դէպքում քաղաքացիները կ’անցնեն կարանտին (մեկուսացման մէջ):
ՀՀ ԳԼԽԱՒՈՐ ՀԻՒՊԱՏՈՍՈՒԹԻՒՆ
Լոս Անջելես