ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արմէնփրէս».- Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը հետեւեալ յայտարարութիւնը հրապարակեց Մարաղայի հայերու ջարդերուն 28րդ տարելիցին առիթով.
«Այսօր լրանում է Ադրբեջանի զինուած ուժերի կողմից Արցախի Հանրապետութեան Մարտակերտի շրջանի Մարաղայ հայական աւանում խաղաղ բնակչութեան դէմ իրականացուած կոտորածի 28րդ տարելիցը: Մարաղայի կոտորածը Ադրբեջանի Հանրապետութեան կողմից կազմակերպուած եւ հայերի նկատմամբ ատելութեան շարժառիթով իրագործուած աննախադէպ պատերազմական յանցագործութիւն էր, որի նպատակն էր հայ ագգաբնակչութեան ոչնչացումը:
«1992թ. Ապրիլի 10ին` մի քանի ժամ տեւած հրետակոծութիւնից յետոյ Ադրբեջանի զինուած ուժերը ներխուժեցին Մարաղայ: Մինչ այդ բնակչութեան մեծամասնութիւնը տարհանուել էր, սակայն նրանք, ովքեր մնացել էին աւանում, ադրբեջանցի զինծառայողների կողմից անմարդկային կտտանքների եւ սպանութիւնների ենթարկուեցին: Արցախի ինքնապաշտպանական ուժերին յաջողուեց ազատագրել Մարաղան, սակայն երկու շաբաթ անց ադրբեջանական զօրքերը կրկին յարձակուեցին եւ նոր ոճրագործութիւններ իրագործեցին իրենց հարազատներին յուղարկաւորելու նպատակով աւան վերադարձած բնակիչների նկատմամբ:
«Մարաղան զաւթուեց ադրբեջանական զինուած ուժերի կողմից եւ մինչ օրս գտնւում է Ադրբեջանի օկուպացիայի (գրաւման-Խմբ.) տակ: Ըստ տարբեր տուեալների, այդ թւում` Human Rights Watch եւ Amnesty International իրաւապաշտպան կազմակերպութիւնների զեկոյցների, Ադրբեջանի զինուած ուժերի կողմից Մարաղայում իրագործուած պատերազմական յանցագործութիւնների արդիւնքում 50 խաղաղ բնակիչ, այդ թւում` 30 կին, դաժանաբար սպանուեց, եւս 50 հոգի, այդ թւում` 29 կին եւ 9 երեխայ պատանդ վերցուեց, որոնցից 19 հոգու ճակատագիրն առ այսօր անյայտ է:
«Ինչպէս վկայում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխօսնակ, իրաւապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով ողբերգութիւնից անմիջապէս յետոյ «Christian Solidarity Worldwide» կազմակերպութեան մի խումբ ներկայացուցիչների հետ այցելել էր աւան, Մարաղայի գազանաբար սպանուած բնակիչների մարմիններն անդամահատուած էին, այլանդակուած եւ հրկիզուած: Լէյդի Քոքսը Մարաղան անուանեց «ժամանակակից Գողգոթա, միայն թէ` շատ աւելի սարսափելի»:
«Մարաղայի հայ բնակչութեան կոտորածը հերթական դրսեւորումն էր Ադրբեջանի իշխանութիւնների կողմից հայերի նկատմամբ էթնիկ (ցեղային-Խմբ.) զտման հետեւողական քաղաքականութեան, որն իրականացուել էր 1988-1991թթ. Սումգայիթում, Բաքւում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում, իսկ այնուհետեւ` Հիւսիսային Արցախում: Այն փաստը, որ Մարաղայի սպանդն իրականացրած ադրբեջանական զինուած կազմաւորումների հրամանատար Տագիեւ Շահին Տալիբօղլուն պաշտօնապէս արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչմանը, վկայում է, որ այս ոճրագործութեան համար պատասխանատուութիւնն ամբողջութեամբ ընկնում է Ադրբեջանի իշխանութիւնների վրայ:
«Հայերի դէմ Ադրբեջանի կողմից իրագործուած յանցագործութիւնների անպատժելիութիւնը եւ դրանց նկատմամբ միջազգային հանրութեան կողմից համարժէք քաղաքական եւ իրաւական գնահատականի բացակայութիւնը բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանում պետական մակարդակով հայերի եւ ողջ հայկականի նկատմամբ ատելութեան մթնոլորտի արմատաւորման համար: 24 տարի անց` 2016թ. Ապրիլին, Արցախի դէմ սանձազերծուած ագրեսիայի ժամանակ Ադրբեջանը փորձեց նոյն մեթոդներով նոր ցեղասպանական ակտեր իրականացնել Արցախում, որը սակայն կանխուեց Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի վճռական գործողութիւնների շնորհիւ:
«Մարաղայի խաղաղ բնակչութեան զանգուածային կոտորածները վաղեմութիւն չունեցող յանցագործութիւն են` ընդդէմ մարդկութեան ու քաղաքակրթութեան եւ միջազգային հանրութեան կողմից պէտք է դատապարտուեն, իսկ այդ ոճրագործութեան կազմակերպիչներն ու կատարողները` ստանան արժանի պատիժ:
«Այսօր մենք գլուխ են խոնարհում Մարաղայի կոտորածների զոհերի յիշատակի առջեւ եւ վստահեցնում, որ Արցախի Հանրապետութեան իշխանութիւնները ձեռնարկելու են բոլոր միջոցները` երաշխաւորելու իր հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու արցախցիների անբեկանելի իրաւունքը»: