ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՒՈՐ ՀԻՒՊԱՏՈՍ ԱՐՄԷՆ ԲԱՅԲՈՒՐԴԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս է գործում Լոս Անջելեսում ՀՀ Գլխաւոր Հիւպատոսութիւնը՝ քորոնաժահրով պայմանաւորուած արտակարգ իրավիճակում:
ԱՐՄԷՆ ԲԱՅԲՈՒՐԴԵԱՆ.- Մարտի 16ից Գլխաւոր Հիւպատոսութիւնն անցել է աշխատանքային նոր ռեժիմի, ինչը ենթադրում էր, որ մեր գործունէութեան զգալի մասը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական ուղղութիւններով, ինչ-որ առումով ժամանակաւորապէս յետին պլան մղուեց, ի հարկէ ոչ ամբողջութեամբ: Արտակարգ պայմաններում առաջնայնութիւնը տրուեց հիւպատոսական ծառայութիւններին՝ այսինքն վերադարձի վկայականների, նօտարական վաւերացումների, անձնագրերի ժամկէտի երկարաձգման, եւ այլ հարցեր, որոնք կենսական նշանակութիւն ունեն մեր հայրենակիցների համար: Նոր աշխատակարգի հիմնական փոփոխութիւնն այն է, որ մենք անցեալի նման չենք կատարում օրական ընդունելութիւններ, որպէսզի ֆիզիկական ուղղակի շփումը նուազեցնենք, եւ կանխարգելիչ միջոցներով իրականացնելու շրջանակներում՝ հիւպատոսութիւնը սկսել է գործել ժամադրութիւններով:
Մեր գործող հեռախօսահամարի հետ մէկտեղ աւելացրել ենք երկու թէժ գիծ, որոնք գործում են 24 ժամ, շաբաթը եօթ օր, եւ այդ զանգերի պատասխանները տրւում են անմիջապէս: Հիւպատոսութիւնը պարբերաբար ներկայացնում է տեղեկութիւններ տարբեր հարցերի մասին, որոնց կարելի է ծանօթանալ այցելելով մեր կայքը եւ «Ֆէյսբուք»ի էջ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Միացեալ Նահանգներում ժամանակաւոր այցով գտնուող Հայաստանի այն քաղաքացիների համար ում մուտքի արտօնագրերի ժամկէտն աւարտուել է, Լոս Անջելեսում ՀՀ Գլխաւոր հիւպատոսութիւնը ի՞նչ լուծումներ է առաջարկում:
ԱՐՄԷՆ ԲԱՅԲՈՒՐԴԵԱՆ.- Մուտքի արտօնագրի տրամադրումն իրականացնում են ամերիկեան իշխանութիւնները, սակայն քանի որ հարցն այս դէպքում մեր քաղաքացիներին է վերաբերւում, կապուեցինք ամերիկեան պետքարտուղարութեան լոսանջելեսեան գրասենեակի հետ եւ իրենցից պարզաբանումներ խնդրեցինք: Նրանք պատասխանեցին, որ եթէ տուեալ անձը, COVID-19ի հարուցած սահմանափակումների պատճառով չի կարողանում հեռանալ երկրից սահմանուած ժամկէտում, ապա կարող է դիմել՝ ԱՄՆում կեցութեան ժամկէտը մէկ ամսով երկարաձգելու համար: Այս մասին, մեր քաղաքացիներին տեղեկացրեցինք հիւպատոսարանի կայքի միջոցով եւ սոցիալական հարթակում:
Մուտքի արտօնագրի ժամկէտի երկարացման հարցում այլ խնդիրներ առաջացան. երկարաձգման համար հարկաւոր էր վճարել 400 դոլարից աւելի գումար: Մեր եւ մի շարք այլ երկրների խնդրանքով, պետքարտուղարութիւնը անվճար դարձրեց մուտքի արտօնագրի մէկ ամսով երկարացումը: Հարց է առաջանում, որ երբ այդ մէկ ամիսը լրանում է՝ ի՞նչ պէտք է լինի: Ըստ տրամաբանութեան, լրացուցիչ ժամկէտ կը տրուի՝ առանձին դիմումի ձեւով, բայց այս մասին դեռեւս պետքարտուղարութիւնը չի յայտարարել:
Միւս խնդիրն այն էր, որ Հայաստանի մեր շատ քաղաքացիներ դժուարութիւններ սկսեցին ունենալ մուտքի արտօնագրի ժամկէտի երկարացման դիմումի ձեւի առցանց լրացման հարցում, եւ դրանք միայն լեզուական խնդիրներ չէին: Գլխաւոր հիւպատոսութիւնն օգնում էր մեր քաղաքացիներին, սակայն, երբ դիմողների թիւը մեծացաւ, մեր ուժերը սկսեցին չբաւականացնել եւ պայմանաւորուածութիւն ձեռք բերեցինք Հայ Օգնութեան Միութեան հետ ու ստացանք նրանց աջակցութիւնն այս հարցում: Ներկայումս գործում է թէժ հեռախօսագիծ, որոնց միջոցով բոլոր ցանկացողները ստանում են համապատասխան խորհրդատուութիւն եւ աջակցութիւն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այսօր Հայաստան մեկնելու ի՞նչ հնարաւորութիւններ կան:
ԱՐՄԷՆ ԲԱՅԲՈՒԴԵԱՆ.- Նախ տեղեկացնեմ, որ Հայաստան որեւէ երկրից ժամանող իւրաքանչիւր մարդ, այնտեղ պէտք է անցնի 14 օրեայ պարտադիր կարանտին: Այս պահին Լոս Անջելեսից Երեւան թռիչքներ չկան, այսինքն, այն աւիաընկերութիւնները, այդ թւում՝ ռուսական Աերոֆլոտ, Լեհական ԼՕՏ, ֆրանսիական, չեխական, աւստրիական եւ այլ աւիաընկերութիւններ թռիչքներ չեն իրականացնում: Միաժամանակ, եւրոպական քաղաքների մեծամասնութիւնն էլ, որ տարանցիկ կանգառ էին առաջարկում՝ հիմնականում փակ են: Հայաստան ճամփորդելու հնարաւորութիւն կայ միայն Մինսկով, ԱՄՆ-ից՝ Ամստերդամ, որտեղից էլ բելառուսական աւիաընկերութիւնը թռիչք է իրականացնում Մինսկից Երեւան: Մենք չենք քաջալերում այս ճանապարհը մեր քաղաքացիների համար, որովհետեւ մի քանի կանգառի մասին է խօսքը, եւ քորոնաժահրով վարակուելու մեծ վտանգ կայ: Մէկ այլ խնդիր էլ կարող է առաջանալ ճանապարհին եթէ որեւէ քաղաքում յանկարծ իրավիճակ փոխուի, եւ ճանապարհորդներն յայտնուեն կարանտինում:
Հիւպատոսութեան միջնորդութեամբ, ռուսական Աերոֆլոտ աւիաընկերութիւնն իր վերջին չուերթների ժամանակ, համաձայնուեց փոխադրել նաեւ Հայաստանի քաղաքացիների: Մեկնել ցանկացողները կարողացան շատ արագ տոմսեր ձեռք բերել եւ Մարտի 26ին կայացած վերջին թռիչքի ժամանակ Հայաստանի 120 քաղաքացի մեկնեց Հայաստան:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Գլխաւոր հիւպատոսութիւնն առաջարկո՞ւմ է աջակցութիւն ժամանակաւորապէս ԱՄՆում գտնուող ՀՀ քաղաքացիներին առողջապահական հարցերում:
ԱՐՄԷՆ ԲԱՅԲՈՒԴԵԱՆ.- Ես, մի քանի ձեւաչափով, մնայուն կապի մէջ եմ հայ բժիշկների տարբեր ընկերակցութիւնների եւ կազմակերպութիւնների հետ: Ամերիկահայ բժիշկները, ովքեր այս կամ այն ձեւով առչնւում են քորոնաժահրի հետ եւ մասնագիտական փորձառութիւն ունեն, հայ ամերիկեան բուժաշխատողների կազմակերպութեան շրջանակներում, շաբաթական կազմակերպում են տեսահամաժողով, որ վարում է Լարի Նաջարեանը: Այս հանդիպումներին մասնակցում են նաեւ ԱՄՆում, ՄԱԿում ՀՀ դեսպանները:
Ես պարբերաբար ներկայացնում եմ Կալիֆորնիայում հայ համայնքի հետ կապուած առողջապահական խնդիրները, իրավիճակը, եւ տեղեկատուութիւն ենք փոխանակում: Ամփոփում ենք, եւ ինչ որ հետաքրքիր է լինում համայնքին ներկայացնելու համար, ներկայացնում ենք:
Դրանից զատ, համագործակցում ենք Հայ-ամերիկեան Բժշկական Ընկերակցութեան հետ եւ միասին ուղիներ ենք որոնում եւ գտնում մեր հայրենակիցներին օգտակար լինելու: Մասնաւորապէս, մշտական կապի մէջ եմ ընկերակցութեան երկու բժիշկների՝ Շանթ Շխըրտմեանի եւ Վիգէն Սեֆիլեանի հետ: Լոս Անջելեսում ժամանակաւորապէս որպէս այցելու գտնուող ՀՀ քաղաքացիների դէպքում, ովքեր չունեն ԱՄՆում գործող բժշկական ապահովագրութիւն, երկու հիմնական առողջապահական խնդիր կայ այսօր: Մէկը կապուած է քորոնաժահրի հետ, միւսը՝ ընդհանուր առողջապահական է, եւ երկու պարագայում էլ ապահովագրութիւն չունեցող անձանց համար բուժումը ահռելի գումարների հետ է կապուած: Հիւպատոսութեան խնդրանքով, հայ ամերիկեան բժշկական ընկերակցութիւնը, երկու խնդիրներին էլ լուծում տուեց: Քորոնաժահրի դէպքում յատուկ թէժ հեռախօսագիծ բացեց, որտեղ զանգելով, մեր հայրենակիցները կարող են ընկերակցութեան անդամներից տարատեսակ տեղեկատուութիւն ստանալ, այդ թւում՝ թեստաւորուելու, դրական լինելու դէպքում ուղղորդուելու, թէ ինչպէս եւ որտեղ կարող են բուժում ստանալ:
Առողջական այլ խնդիրների դէպքերի համար, Հայ-ամերիկեան Բժշկական ընկերակցութիւնը կազմեց յատուկ հիւանդանոցների ցանկ, որոնք ընդունում են մեր քաղացիներին, եւ խօսքը գնում է անվճար կամ շատ քիչ՝ խորհրդանշական գումարով բուժման մասին: Շատ մեր հայրենակիցներ դիմում են, եւ ստանում են համապատասխան աջակցութիւն, եւ մեզ էլ տեղեկացնում են:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կալիֆորնիայում քորոնաժահրով վարակուած կամ մահացած հայերի մասին տեղեկութիւններ ունէ՞ք:
ԱՐՄԷՆ ԲԱՅԲՈՒԴԵԱՆ.- Առանձին տեղեկատուութիւն հայերի վարակուածութեան եւ մահուան դէպքերի մասին չկայ: Ընդունուած կարգի համաձայն, ամերիկեան բուժհաստատութիւններում, հիւանդանոցներում տեղեկատուութիւնը ձեւակերպելիս չեն տրամադրում տեղեկութիւն ըստ ազգային պատկանելիութեան: Մենք մինչ այսօր տեղեակ ենք երկու հայերի մահուան մասին, մէկը՝ Փասադենայից հայ երիտասարդն էր, միւսը՝ արգենտինահայ կին էր, որ ԱՄՆում էր գտնւում այցով: