ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՈՒԱՊԱՀ ԵՒԱ ՂԱՐԻՊԵԱՆԻ ՀԵՏ
«ԱՍՊԱՐԷԶ».- «Քորոնա» ժահրի համաճարակի պատճառով ստեղծուած տնտեսական խնդիրները յաղթահարելու նպատակով կառավարութիւնը խթանիչ գումարային փաթեթ յատկացրեց բնակիչներին, ինչի շրջանակներում իւրաքանչիւր անհատ ստացաւ 1200դոլար եւ 500դոլար տրուեց երեխայի համար: Արդեօք այդ գումարները պէտք է յետ վերադարձուե՞ն յաջորդ հարկային շրջանում:
ԵՒԱ ՂԱՐԻՊԵԱՆ.- Բացարձակապէս ոչ: Այս գումարը, ստացողի համար եկամուտ չի համարւում: Սա տնտեսութիւնը խթանելու համար է, եւ տրւում է մարդկանց՝ առաջնային անհրաժեշտութիւնների համար:
«ԱՍՊԱՐԷԶ».- Կան մարդիկ, ովքեր դեռ չեն ստացել այդ գումարները: Ի՞նչ է դա նշանակում:
ԵՒԱ ՂԱՐԻՊԵԱՆ.- Ներքին եկամուտների ծառայութիւնը (ՆԵԾ, IRS) խթանիչ գումարը յատկացրել է քորոնաժահրի տնտեսական օգնութեան փաթեթի շրջանակներում:
Կառավարութեան կողմից յատկացուած այս գումարն արդէն հասել է նրանց, ովքեր եկամտահարկի յայտարարգրումը կատարում են բանկի միջոցով, եւ նրանց հաշուեհամարի տուեալները յայտնի են ՆԵԾին: Միւսներն իրենց գումարը կը ստանան աւելի ուշ փոստով: Նրանք, ովքեր ցանկանում եմ պարզել արդեօք իրենք իրաւասու են ստանալու այդ գումարը, ապա կարող են այցելել ՆԵԾ կայքէջ՝ IRS.gov եւ փնտռել «Non-Filers: Enter Payment Info Here»: Այնուհետեւ տրամադրէք հիմնական տեղեկատուութիւն` ներառեալ սոցիալական ապահովութեան համարը, անունը, հասցէն: ՆԵԾը կ՛օգտագործի այս տեղեկատուութիւնը հաստատելու արդեօք իրաւասու էք եւ, դրական պատասխանի դէպքում՝ կ՛ուղարկի գումարը:
«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս դիմել գործազրկութեան նպաստի համար, եթէ պայմանագրային աշխատող էք կամ սեփական գործատէր:
ԵՒԱ ՂԱՐԻՊԵԱՆ.- Պայմանագրային աշխատողներն ու սեփական գործատէրերը կարող են դիմել գործազրկութեան նպաստի համար սկսած Ապրիլի 28ից՝ առցանց եղանակով:
«ԱՍՊԱՐԷԶ».- Գործազրկութեան նպաստառուների համար կառավարութիւնը նախատեսել է լրացուցիչ 600 դոլար: Անհրաժե՞շտ է արդեօք այս գումարի համար առանձին դիմել:
ԵՒԱ ՂԱՐԻՊԵԱՆ.- Սա դաշնային յաւելում է, եւ դրա համար կարիք չկայ նոր յայտ ներկայացնել:Եթէ Կալիֆորնիայում գործազրկութեան նպաստի դիմում էք ներկայացրել, ապա 600 դոլարը ինքնաբերաբար կը յայտնուի ձեր հաշուին Ապրիլի 11ից սկսուած: Այս ծրագիրը նախատեսուած է միայն չորս ամսուայ համար, եւ կ՛աւարտուի 2020 թուականի Յուլիսի 31ին:
«ԱՍՊԱՐԷԶ».- Փոքրածաւալ ձեռնարկութիւններին աջակցելու նպատակով կառավարութեան կողմից ստեղծուել է Աշխատավարձերի Պաշտպանութեան Ծրագիր (Paycheck Protection Program): Այս նախաձեռնութեան շրջանակներում սկսուե՞լ է գումարների բաշխումը դիմողներին:
ԵՒԱ ՂԱՐԻՊԵԱՆ.- Այս հարցով ներկայում խնդիրներ են առաջացել: Դիմումների հաստատման եւ բաշխման իրաւասութիւնը տրուել է բանկերին: Պարզուել է, որ բանկերը չեն գործել դիմումների ստացման ամսաթուի կարգով, այլ ընտրել են, թէ ում են ուզում առաջինն օգնել: Իմ կարծիքով, քանի որ բանկերն օգտագործում են իրենց սեփական միջոցներն այս ծրագրի դէպքում, նրանք ցանկանում են այդ միջոցներն օգտագործել իրենց նախընտրած յաճախորդների համար: Այս վարկերը տրամադրելու համար բանկերը դաշնային Փոքր Բիզնեսի Վարչութիւնից ստանում են սուբսիդաւորում (օժանդակութիւն), եւ որքան դիմողին տրուող վարկի գումարը մեծ է՝ համապատասխանաբար սուբսիդաւորումը նոյնպէս շատ է, իսկ աւելի փոքր բիզնեսի համար դիմումները շատ աշխատանք են պահանջում, քան դրանց դիմաց գումար է տրուած՝ բանկերի տեսանկիւնից: Չեմ կարծում, որ այս ծրագիրը գործեց լիարժէք ինչի համար նախատեսուած էր, եւ ըստ իս, արդիւնքները գոհացնող չեն, քանի որ այն պէտք է յատկացուէր աւելի շատ փոքր ձեռնարկութիւնների: Ծրագրին դիմած մեր յաճախորդներից առաւել խոշոր ձեռնարկատէրերն արդէն ստացել են իրենց վարկերը:
Դիմողները կարող են առաւել մանրամասները ճշդել իրենց բանկերի հետ:Այս ծրագրի շրջանակներում յատկացումների առաջին փուլին հետեւելու եւս մէկ փուլ: