ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ
Արցախի նախագահի երդման արարողութիւնը Շուշիում, այլ ոչ թէ Ստեփանակերտում անցկացնելու որոշումը չգիտես ինչու բուռն դժգոհութուն է առաջացրել Ադրբեջանում: Ռազմական փորձագէտները սպառնում են հրաժարական տալ, համացանցում պահանջում են զանգել Լաւրովին ու հարուածներ հասցնել Շուշիին, որտեղ ներկայ էր նաեւ Հայաստանի ղեկավարութիւնը, Ադրբեջանի ԱԳՆն նեարդային յայտարարութիւններ է անում:
Անգամ ադրբեջանցի լրագրողներն են տարակուսած, թէ ինչու են Արցախի ընտրութիւններն ու երդմնակալութիւնները բազմիցս «մարսած» քաղաքական գործիչներն այսպէս բռնկուել: Ինչու՞ է Ադրբեջանը որոշել հէնց այս օրերին վարժանքներ անցկացնել հայերի քթի տակ՝ թափահարելով հրթիռներն ու միւս զէնքերը:
Փակուղին, որում յայտնուել է Ադրբեջանը, աստիճանաբար աւելի է որոշակիանում: Շատ բան է փոխուել Հայաստանում պաշտպանութեան ու արտաքին գործերի նախարարների փոփոխութիւնից, որոնք ոտքի են կանգնեցրել բանակցային գործընթացը:
Բանակցութիւններում ալոգիզմն (ոչ-բանական- Խմբ.) աւարտուել է, Հայաստանը հրաժարուել է ձեւական դիւանագիտական հնարքներից, որոնք ձեռնտու են «երրորդ» կողմին: Հնարաւոր է, Հայաստանում առաջին անգամ արտաքին գործերի նախարար կայ, որը «տէր» չունի այս կամ այն մայրաքաղաքում: Հայաստանի ԱԳ նախարարն այլեւս չի նայում այս ու այն կողմ, «անջատ» բանակցութիւններ չի վարում, որոնց մասին «իրազեկում է» նախագահին:
Արտաքինից աննկատ հէնց այս հանգամանքն է բերել նրան, որ Հայաստանը ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստին ներկայացրել է իր շահերն արցախեան հարցում՝ խափանելով դիւանագիտական խաղը մէկ դարպասի ուղղութեամբ: Հայաստանի պաշտպանութեան նախարարի՝ կանխարգելիչ հարուածներ հասցնելու եւ հակայարձակողական գործողութիւնների մասին յայտարարութիւններից յետոյ Հայաստանի դիրքն աւելի է ամրացել:
Հայաստանի արտաքին քաղաքական նոր դիրքորոշումն աւելի հասկանալի է աշխարհին, քան նախկինը, որը շատերը չէին կարողանում հասկանալ: Դժուար էր հասկանալ, թէ ինչպէ՞ս կարող է յաղթող կողմը պարտուած կողմի հետ քննարկել իր կապիտուլեացիան (անձնատուութիւնը- Խմբ.) «փուլային» կամ «փաթեթային» տարբերակով: Դժուար էր հասկանալ, ինչպէ՞ս կարող է երկիրն առաջնորդուել այլ երկրի արտաքին քաղաքական շահերով՝ ի վնաս իր շահերի:
Հիմա ամէն ինչ ընկել է տեղը: Դա բարկացնում է Ադրբեջանին, որին ոչինչ չի մնում, քան յիշել Նժդեհին ու բողոքել Մոսկուային, սպառնալ հրթիռներով:
Հայաստանի նման դիրքորոշումն ամենեւին էլ երկրի անվտանգութեան երաշխիք չէ, բայց նախկինում էլ ոչ ոք չի տուել այդ երաշխիքները: Աւելին, 2016 թուականի պատերազմը ցոյց է տուել, որ նախկին դիրքերն Ադրբեջանին օժտում էին «իրենը» ուժով վերադարձնելու իրաւունքով: Հիմա չի ստացուի այդպէս:
«ԼՐԱԳԻՐ»